Քրեակատարողական ծառայության պետի հրաժարականի հետքերով. ինչն էր պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: Դրանից հետո քրեակատարողական հիմնարկների որոշ պետեր հրաժարականի դիմում ներկայացրին. իրավիճակ, որը բավականին խորն արմատներ ունի:
Մասնավորապես հրաժարականի դիմումներ ներկայացրին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը եւ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը:

Առաջին հայացքից վերջինների հրաժարականը խիստ կասկածների տեղիք տվեց:

Պարզվում է, որ ծառայության նոր պետ Արտյոմ Մխոյանը չէր աշխատի Սերոբ Հարությունյանի հետ` հաշվի առնելով, թե նա ինչ հանգամանքներում է նշանակվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Մասնավորապես 2016 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ` Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:

Ըստ տեղեկությունների` այս ոստիկանապետերը միասին մասնակցել էին խնջույքի, որտեղ ներկա էր եղել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը` Թեւոսիկը: Ասել է, թե այս հանգամանքը եւ այլ շատ գործոններ պատճառ են դարձել, որ Սերոբ Հարությունյանին հասկացնեն, որ նա չի կարող շարունակել աշխատել: Իսկ ինչու է հրաժարական տվել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը:

Տեղեկություններ կան, որ նա ամեն ինչ անում էր ծառայության պետ նշանակվելու համար, սակայն փորձերն անցել են ապարդյուն, իսկ Մխոյանի նշանակումով նա նախընտրել է զրկվել պաշտոնից, քան աշխատել նրա հետ եւ անձամբ է դիմում գրել: Այս իրավիճակին զուգահեռ` քրեակատարողական հիմնարկների որոշ պետերի, որոնց անունները կապվում են աղմկահարույց գործերի հետ, տեղափոխում են այլ ՔԿՀ-ներ: Մասնավորապես Հրազդանի ՔԿՀ պետ Վահան Մարգարյանը, որ նախկին վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ պատերազմի մեջ էր, ազատվել է «Հրազդան» ՔԿՀ պետի պաշտոնց եւ նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` առաջիկայում «Սեւան» ՔԿՀ պետը եւս կազատվի պաշտոնից:

Քնար Մանուկյան




Լրահոս