Վեհափառի տեղաշարժը կսահմանափակվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ հուլիսի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը: Ապա Վեհափառի մեքենան շրջափակել, իսկ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակվել է մեքենաներով եւ քարերով: Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

-Տե՛ր Վահրամ, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության հետ ընդհանուր եզրեր գտնելու կամ ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Կա՞ նման հնարավորություն, թե՞ ոչ:

-Նախաձեռնության սկզբնավորման առաջին իսկ օրերից նախաձեռնության շարքերում հայտնվել էին եկեղեցականներ, աշխարհականներ, որոնք որ մեր տարբեր եկեղեցիներ հաճախող անձինք են, գոնե մի քանիսին ճանաչում ենք եւ առիթներ ունեցել ենք տեսնելու կամ շփվելու իրենց հետ: Այդ նկատառումով առաջին իսկ օրվանից իրենց հետ կապ է պահվել տարբեր եկեղեցականների միջոցով, եւ նաեւ իրենց հրավեր ուղղվեց Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հենց առաջին իրենց հավաքի ժամանակ: Իրենք հրավիրվեցին Մայր Աթոռ Աուրբ էջմիածին` հանդիպում ունենալու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Սակայն հանդիպումը որեւէ արդյունք չտվեց, որովհետեւ իրենք ներկայացել էին ուղղակի պահանջներ ներկայացնելու տրամադրություններով եւ ոչ թե երկխոսելու կամ իրենց կողմից բարձրաձայնվող խնդիրները լուծված տեսնելու ցանկությամբ: Եւ բնական է, նման վերջնագրային ոճը որեւէ հնարավորություն չպետք է ստեղծեր, որպեսզի երկխոսության հարթակ ձեւավորվեր:

Սակայն որքանով էլ որ այդ հանդիպումը չհաջողեց իր նպատակի մեջ, Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ, եպիսկոպոսներ լիազորություն ստացան, որպեսզի մշտական կապի մեջ լինեն այդ նախաձեռնության, դրա մեջ ընդգրկված նաեւ եկեղեցականների հետ: Որպեսզի այն հարցերը, խնդիրները, որոնք իրենք ցանկանում էին լուծված տեսնել, իրենց լուծումները ստանան եկեղեցում որդեգրված ճանապարհների միջոցով եւ ոչ թե փողոցում դրանց արծածմամբ: Ակնհայտ էր դառնում, որ այդ ընթացքում իրենք ամեն ինչ պայմանավորում են սոսկ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականով, կարծեք թե խնդիրներն ուղղակիորեն առնչվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

-Իսկ բացի այդ` այլ պահանջներ իրենք չե՞ն ներկայացրել:

-Այլ պահանջներ, իրենք իրենց կողմից չեն ներկայացրել: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ այդ օրերին նախաձեռնության տարբեր մասնակից անդամներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու ժամանակ նրանք առիթ են ունեցել տեսնելու Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Մայր աթոռի տարածքում: Բացի այս, նրանք նաեւ Վեհափառ հայրապետի կողմից առիթ են ունեցել խումբ-խումբ հրավիրվելու վեհարան` առանձնազրույցի, որտեղ որ եւս իրենց կողմից բարձրացվել են հարցեր:

Սակայն տարօրինակն այն է, որ պահանջ են դնում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի եւ այդ անձերը որեւէ կերպ չեն ուզում երկխոսել, զրուցել եւ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Սակայն անձինք, ովքեր այցելել են Վեհափառ հայրապետին, շատ պատրաստակամ էին խնդիրները լուծելու եւ ոչ թե կաթողիկոսի հրաժարականը պահանջելու:

Ցավոք սրտի, նախաձեռնության պատասխանատուները կամ նրանք, ովքեր հարթակներից անընդմեջ ելույթ են ունենում, իրենք այդ անձանց շարքերում չեն, իրենք չեն ուզում երկխոսել, խորհել, խոհեմություն դրսեւորել եւ եկեղեցու մեջ արծարծել եկեղեցական խնդիրները, եթե այդպիսիք կան: Հիմնականում այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են, լուսաբանություններ դրանց վերաբերյալ տրվել են: Սակայն իրենք որեւէ կերպ չեն ուզում ընդունել այն լուսաբանությունները, որոնք որ տրվում են:

Ուստի իրենք իրենց, կամա թե ակամա, բայց դնում են եկեղեցուց դուրս: Բայց փողոցում եկեղեցու հարցեր չեն կարող լուծվել, եկեղեցու հարցերը լուծվում են կանոնական ճանապարհներով, որդեգրված ձեւերով, որոնք որ եկեղեցուն հարիր են եւ ոչ թե հակասում են եկեղեցու ոգուն:

-Տե՛ր Վահրամ, արդյո՞ք այս միջադեպից հետո (խոսքը կաթողիկոսի ավտոմեքենան շրջափակելու մասին է) հնարավոր է Վեհափառի տեղաշարժը սահմանափակվի:

-Վեհափառի տեղաշարժի սահմանափակման մասին խոսք լինել չի կարող: Ամենայն հայոց կաթողիկոսը մշտապես, տարբեր առիթներով այցելություններ կատարել է թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում: Եւ այդ իմաստով որեւէ հանգամանք, իրավիճակ, իրադրություն երբեւէ չի սահմանափակել Ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը:

-Կոնկրետ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը պահպանելու առումով ինչ-որ գործընթաց կա՞: Համապատասխան մարմինների հետ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ:

-Մենք այս պահի դրությամբ նման քննարկումներ չենք ունեցել:

-Հնարավո՞ր է կաթողիկոսի անվտանգությունը պահպանելու նպատակով թիկնապահ տրամադրվի:

-Ինչ վերաբերում է Վեհափառի անվտանգությունը պահպանելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն, ապա Մայր Աթոռը նման մասնավոր պահանջ չի առաջադրել:

Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Վեհափառ հայրապետը երբեւէ թիկնազոր չի ունեցել, որ ապահովի իր անվտանգությունը:

Վեհափառի վստահությունը միշտ եղել է իր ժողովուրդը, եւ նա ապավինել է իր ժողովուրդի վրա: Նույն վստահությունը Ամենայն հայոց կաթողիկոսն ունի իր ժողովրդի, եկեղեցու անդամների նկատմամբ, որովհետեւ Վեհափառ հայրապետը որքանով էլ որ, այո, անձ է, կարիք ունի պաշտպանության` անվտանգության իմաստով, բայց միեւնույն ժամանակ իր ընտրության առաջին իսկ օրվանից չի օգտվել այդ հնարավորությունից: Դա իրավունքն է Նորին Սրբության թե՛ իբրեւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգեւոր պետի եւ թե՛ իբրեւ ՀՀ քաղաքացու։

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս