ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՑՈՂ ՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում. նրա ընտանիքի անդամներն ու ամենամերձավոր անձինք հերթով հայտնվում են իրավապահների «թիրախում»: Երեկ ԱԱԾ-ն մի քանի ժամ շարունակ հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը: Ավելի ուշ Ալեքսանդր Սարգսյանն ու նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, տարվել են ԱԱԾ: Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցները նրանց տանից հանել եւ իրենց հետ տարել են փաթեթավորված իրեր, խոսվում է նաեւ նրանց տանը զենք հայտնաբերելու մասին: Թե կոնկրետ ի՞նչ գործի շրջանակներում է արվել այս ամենը, հայտնի չէ. ԱԱԾ-ից որեւէ պարզաբանում չեն տվել, բայց խոստացել են մանրամասներ հայտնել, նաեւ տեսանյութ հրապարակել: Ա. Սարգսյանի մյուս որդուն՝ Նարեկ Սարգսյանին առնչվող դեռ 2007թ. տեղի ունեցած մի դեպքով քրեական գործի վարույթը վերսկսվել է: Բայց ասում են՝ Ն.Սարգսյանը լքել է ՀՀ-ն: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները Ալեքսանդր Սարգսյանին Երեւանի Սայաթ-Նովա փողոցից բերման էին ենթարկել՝ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու կասկածանքով, բայց ավելի ուշ ազատ էին արձակել: Դրանից հետո իրավապահները նաեւ մեղադրանք են առաջադրել Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, նրա զավակներին՝ Նարեկ եւ Անի Սարգսյաններին, ապօրինի հարստացման համար. նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:
Միաժամանակ երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար: Նա եւս ստորագրությամբ ազատ է արձակվել: Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչիկ Ղազարյանն էլ ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված է:
Կարճ ասած` Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը հայտնվել է իրավապահների թիրախում: Եւ ահա այս ամենի ֆոնին ուշագրավ է Սերժ Սարգսյանի լռությունը. նա որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցածին: «Ժողովուրդ օրաթերթը փորձել է Սարգսյանի տեսակետն իմանալ նաեւ նրա գրասենյակի միջոցով: Սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերն արդեն մի քանի օր է՝ մնում են անպատասխան:

 

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԻՆ-ում բացահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին: Բացի այդ` նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Այս գործով երկու անձ ձերբակալվել է յուրացումների համար: Պաշտոնատար անձիք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձիք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն»: Վանեցյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը : «Նախաքննական գաղտնիք է»,- ասել է նա: Ի դեպ, այս գործով չեն բացառվում սենսացիոն բացահայտումները, անգամ չի բացառվում` պարզվի, որ այս ամենի հետ կապ ունի նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հիմա պաշտպանության նախարարն է:

 

 

Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց ոչ թե հիմնադրամի միջոցներն օնլայն խաղադրույքների ուղղելու, այլ բոլորովին ուրիշ դրվագով, որը եւս կապված է միջոցները ոչ արդյունավետ ծախսելու հետ: Ու հիմա չի բացառվում, որ նրան եւս հարցաքննության կանչեն ԱԱԾ: Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց Արկադի Ղուկասյանից, ինչին ի պատասխան` վերջինս ասաց. «Հոգաբարձուների խորհրդի անդամներս որեւէ կապ չունենք այդ ֆինանսական գործունեության հետ, եւ ամեն տարի ինչ-որ աուդիտ են անում, հատուկ կազմակերպություններ են հրավիրում, որոնք ստուգում են այդ ֆինանսական գործունեությունը: Որեւէ հոգաբարձուների խորհրդի անդամ որեւէ կապ դրա հետ չունի»:

 

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո, արմատական փոփոխությունների է ենթարկվելու նաեւ Հարկային օրենսգիրքը, սակայն գործարարները դարձյալ անտեսվում են օրենք գրողների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով միջին գործարարներից Գ. Սիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով առավոտյան 1 բաժակ սուրճ խմելու: «Հասկանում եմ` ուզածս մեծ բան է, բայց կարծում եմ` արժե մեկ ժամ կորցնել` մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար. ի դեպ, ասելիքս անձնական խնդիր չէ»: Գործարարը գրել է, թե «Պարո՛ն վարչապետ, Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն` այսօրվա համար սա է լավագույն տարբերակը: Խնդրում եմ` թույլ չտաք Ձեզ խաբեն: Ինչպես ասում են` «Պառավը խելոք չի լինում, այլ գխովն է անցած լինում»: Գործող օրենքներով հարկատուներս պոտենցիալ հանցագործներ ենք, եւ երբ ուզեն` կպատժեն մեզ: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք… ազատություն է պետք նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Ես ունեմ առաջարկների կոնկրետ փաթեթ»:

 

 

 

ՀՀԿ-Ն ԴԵՄ Է ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀԿ-ականներն իսկապես անուղղելի են. իշխանությունը կորցնելուց հետո էլ նրանք դասեր չեն քաղել ու չեն գիտակցում, որ իրենց ողջ խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ արհամարհեցին օրենքը, հատկապես ընտրությունների ժամանակ, այդպես արհամարհելով նաեւ ժողովրդին: Ու հիմա էլ ՀՀԿ-ականները ջանում են, որ Ընտրական նոր օրենսգրքում կարգավորումներ ամրագրելիս, միեւնույն է, լինեն զանազան սողանցքներ, հատկապես կապված ընտրական պրոցեսների ֆինանսական թափանցիկության հետ: Օրինակ` երեկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների թեմայով քննարկումների ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամներ Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը փորձում էին ընդդիմանալ ՀՅԴ առաջարկին, այն է՝ ԸՕ-ում ամրագրել եւ ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան համակարգ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկում էր բարձրացնել ծախսերի շեմը` խստորեն այն վերահսկելով, քանի որ շատ հաճախ «սեւ դրամարկղից» արվող ընտրական ծախսերը մի քանի տասնյակ, անգամ հարյուրավոր անգամներ ավելի են հայտարարագրված միջոցներից: Դավիթ Հարությունյանն էլ հակադարձել է, թե օրենքը չի արգելում, որ կուսակցության հետ չկապված անձը քարոզչություն իրականացնի տվյալ կուսակցության օգտին, հարց է հնչեցրել՝ «այդ դեպքում ի՞նչ պետք է անեն, որ այդ մարդու քարոզը չհաշվարկվի տվյալ ուժի լիմիտի մեջ, որը հիմք տա միջոցներ ձեռնարկել»: Իր հերթին միջամտել է նաեւ ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` ասելով. «Օրինակ` ես համերգ եմ կազմակերպում, չե՞մ կարող»:
ՀՀԿ-ականների այս հակադարձումները, թերեւս, պատահական չէին եւ մատնում էին վերջին քսան տարիներին իրենց վարած քաղաքականությունը: Լինելով իշխանության ղեկին` նրանք ահռելի միջոցներ են ծախսել ընտրությունների ժամանակ, եւ այդ ծախսերի մեծ մասն արվել է հենց «սեւ դրամարկղի» միջոցներից: Բայց այս ամենը ՀՀԿ-ն արել է՝ իբր կուսակցության հետ կապ չունեցող անձանց անունից: Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածն, ի դեպ, հրաշալի առիթ էր նոր իշխանություններին՝ քննելու նախորդների` ընտրությունների ժամանակ կատարած հանցանքները, հանցանք, որն ուղղված է եղել առաջին հերթին պետության դեմ: Եվ հիմա ՀՀԿ-ն շարունակում է պնդել օրենսդրության մեջ այդ ուղղությամբ խստացումներ չանելու դեմ մեկ պարզ պատճառով. ՀՀԿ-ն մի քանի ամիս առաջ է հեռացվել իշխանությունից, եւ դեռ նրանց ձեռքին ահռելի ունեցվածք կա: Ու չի բացառվում, որ նրանք փորձեն նույն մեթոդներով գումարներ ծախսել առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում:




Լրահոս