ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ՝ ԻՐԵՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ: Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ պետը նշել է, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւիցե տվյալ հայտնել Մարտի 1-ի հետ կապված: «Որեւիցե կաշկանդվածություն` կապված անունների կամ զբաղեցրած պաշտոնների հետ, չկա»,-ասել է նա: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՀՔԾ նոր պետին ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ ՀՔԾ-ի ամենակարեւոր գործը Մարտի 1-ի բացահայտումն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարտի 1-ի գործի բացահայտման մասին խոսել 2008թ. այդ օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց հետ:

Տիգրան Թորոսյան, ԱԺ նախկին նախագահ (2007-2008 թթ.)
-Պարո՛ն Թորոսյան, Մարտի 1-ի գործով Դուք երբեւէ հարցաքննվե՞լ եք:
-Բայց ինչո՞ւ ինձ պիտի հարցաքննության կանչեին:
-Դուք այդ ժամանակ ԱԺ նախագահն էիք եւ գուցե որոշ տեղեկություններ ունենայիք հայտնելու:
-Ո՛չ, բնականաբար, որովհետեւ Ազգային ժողովի հետ ինչ-որ կա, ամեն ինչ բացահայտ է, եւ որեւէ բան չկա, որ ինչ-որ հարցեր առաջացնի:
-Այս շրջանում էլ Ձեզ չե՞ն կանչել հարցաքննության:
-Ավարտենք խոսակցությունը, լավ:
-Բայց կարեւոր հարց է: Գործը վերաբացվել է: Հիմա մարդիկ պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն:
-Ես արդեն պատասխանեցի:
-Հիմա սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով գործ է հարուցված: Դուք որքանո՞վ կապ ունեք դրա հետ:
-Չեղավ արդեն:
-Իսկ ովքե՞ր են Մարտի 1-ի գործով գլխավոր պատասխանատուները:
-Այդ խնդրի հետ կապված ես ոչ մի բան չունեմ ասելու: Այն, ինչ որ եղել է, ժամանակին, ես ասել եմ: Ոչ մի նոր բան չունեմ ասելու: Եվ Ազգային ժողովն այն տեղն է, որտեղ ամեն ինչ հրապարակավ է արվում, որեւէ գաղտնի բան չի արվում:

Աշոտ Գիզիրյան, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ (6-րդ վարչություն) նախկին պետ (2002-2008թթ.)
-Պարո՛ն Գիզիրյան, Մարտի 1-ի գործով Դուք կանչվե՞լ եք հարցաքննության:
-Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության, չհասկացա:
-Դուք 6-րդ վարչությունն էիք ղեկավարում:
-Անիմաստ հարցեր մի՛ տվեք: Ես երկրում չեմ:
-ՀՔԾ-ին տվյալներ չունե՞ք փոխանցելու:
-Ոչ, չունեմ: Եթե Դուք ունեք` փոխանցեք:
-Իսկ ո՞վ է հրահանգ տվել, թե՞ Դուք ինքներդ եք որոշումներ կայացրել 2008-ի մարտի 1-ին:
Այս հարցից հետո Աշոտ Գիզիրյանն անջատեց հեռախոսը: Եվս մեկ անգամ զանգահարեցինք:
-Պարո՛ն Գիզիրյան, Դուք եղել եք 6-րդ վարչության պետը:
-Այո՛, ես բոլոր հարցերին կպատասխանեմ, երբ ինձ ինչ-որ հարց տան համապատասխան մարմինները:
-Այսինքն` հարցաքննության գնալու խնդիր չե՞ք տեսնում:
-Ես չեմ կարծում, որ ինձ կկանչեն:
-Իսկ Դուք Հայաստան գալո՞ւ եք:
-Ես Հայաստանում եմ:
-Քիչ առաջ ասում էիք, որ երկրում չեք:
-Ես ասել եմ` Հայաստանում չե՞մ:
-Այո:
-Դե, ուրեմն շփոթմունք է եղել:

Վարդան Օսկանյան, Արտաքին գործերի նախկին նախարար (1998-2008թթ.)
-Պարո՛ն Օսկանյան, Ձեզ ՀՔԾ-ն կանչե՞լ է հարցաքննության` Մարտի 1-ի գործով:
-Հիմա տեղս հարմար չի:
-Միայն դա նշեք. կանչե՞լ են, թե՞ոչ:
-Ես պատրաստ չեմ հարցազրույցի:
-Պարզապես տեղեկացնեիք` կանչե՞լ են Ձեզ:
-Ես չեմ ուզում հարցազրույց տալ:
Հ. Գ. Փորձեցինք կապ հաստատել նաեւ 2008 թվականին փոխոստիկանապետի պաշտոնում աշխատած Ալեքսանդր Աֆյանի հետ: Նրա բջջային հեռախոսին պատասխանող անձը ներկայացավ որպես Աֆյանի եղբայր եւ ասաց, որ Ալեքսանդր Աֆյանը երկրում չէ: Հիշեցնենք, որ 2008-ի նոյեմբերի 14-ին Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ կայացած հանդիպմանը Ալեքսանդր Աֆյանը հայտարարել էր, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է այդ ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը: Նա շեշտել էր, որ Հարությունյանը ոստիկանության ղեկավար կազմին հատուկ հրահանգ է տվել: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Հայկ Հարությունյանը ներկայում Հայաստանում չէ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՊԱՀԱՆՋԸ ԲՀԿ ՈՒ ՀՅԴ ՎԵՃԻ ՊԱՏՃԱՌ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես հայտնի է` այս օրենսգրքում փոփոխություններ անելու համար երկու խումբ է ստեղծված` մեկը վարչապետին կից, որը գլխավորում են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու քաղհասարակությունից Դանիել Իոաննիսյանը, իսկ երկրորդն էլ քաղաքական գործիչներից բաղկացած` Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:

Եւ եթե վարչապետին կից խորհուրդն արդեն երկու քննարկում արել է եւ այսօր էլ պատրաստվում է երրորդն անցկացնել, ապա քաղաքական գործիչներից կազմված խումբը երեկ հավաքվել էր առաջին անգամ: Եվ հետաքրքիրն այն է, որ քննարկումներ եղան նաեւ այն հարցերի շուրջ, որոնց մասին վարչապետին կից խորհուրդն արդեն որոշումներ ունի:
Ինչեւէ, Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում անցկացված քննարկումը ռոտացիոն սկզբունքով ղեկավարում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Նիստի սկզբում որոշվեց, որ պետք է այս հանձնաժողովը մշակի իր նախագիծը, հետո այն համադրեն կառավարության նախագծի հետ եւ մի միասնական նախագիծ դարձնեն, հետո էլ այն քննարկեն արդեն արտախորհրդարանական ուժերի հետ:
Հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ իրար «բախվեցին» Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված երկու ուժերը` ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը: ՀՅԴ-ի առաջարկները ներկայացնելով՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախընտրական քարոզչության ժամանակ պետք է դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաներ կատարելը, այն կազմակերպությունների գործունեությունը դադարեցնել, որոնց անունը այս կամ այն կերպ կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին: Դավիթ Հարությունյանը ճշտեց. «Այսինքն` եթե ես ստեղծում եմ Դավիթ Հարությունյան հիմնադրամ, ես այլեւս երկրի քաղաքական կյանքին, ընտրություններին իրավունք չունե՞մ մասնակցել»: Ռուստամյանը պատասխանեց, որ այդպիսի հիմնադրամ չպիտի լինի, այո՛, ինչի՞ պիտի լինի:
Բարեգործության, բարեգործական հիմնադրամի մասին լսելով՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միանգամից ընդդիմացավ եւ հարձակվեց գործընկերոջ վրա: Բանը հասավ նույնիսկ ՀՅԴ-ին անցյալը հիշեցնելու եւ «տեռորիզմի» մեջ մեղադրելուն, այն էլ «տեռորիզմ»՝ միջազգային մակարդակով: Սերգեյ Բագրատյանն էլ հակադարձեց, թե ՀՅԴ-ի առաջարկը նույնն է, թե ամրագրեն օրենքով, որ եթե Դաշնակցությունը որեւէ երկրում ահաբեկչություն է արել, ՀՅԴ-ն չպետք է որեւէ ընտրություններին մասնակցի: Ռուստամյանը, սակայն, չարձագանքեց այդ դիտարկմանը:
Նիստի վերջում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, թե իրենք սպասում էին նաեւ կառավարության ներկայացուցիչներին, սակայն իրեն անհայտ պատճառներով նրանք չեն եկել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, թե իրենց չմասնակցելու պատճառը եղել է միայն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի զբաղվածությունը, քանի որ վերջինս այդ նույն ժամին կառավարության նիստի էր մասնակցում:
Հավելենք, որ այսօր խորհրդարանում քաղաքական գործիչներից կազմված խումբը կշարունակի քննարկումները այս անգամ «Ելք» խմբակցության առաջարկների շուրջ, իսկ վարչապետին կից խորհուրդն էլ կառավարությունում քննարկում կունենա ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳԱՂՏՆԱՊԱՀ ԵՆ
Նիկոլ Փաշինյանի թիմը որոշել է գաղտնապահություն դրսեւորել եւ առանց ռեալ արդյունքի եւ գործնական քայլերի ոչինչ չասել եւ հետագա քայլերը չբացահայտել: Մասնավորապես երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանից ճշտել` ո՞ր գերատեսչություններում ուսումնասիրություններ կլինեն առաջիկայում: Սակայն ի պատասխան` Դավիթ Սանասարյանը հայտնեց, թե վարչապետի հետ պայմանավորվածություն կա առկա խոսել միայն գործով, այլ ոչ թե հայտարարությունների մակարդակով: Հիշեցնենք` ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, թե վերահսկողությունը սկսելու են ՊՆ-ից:

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՀԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ
Բռնություն է կիրառվել «Կյանքի վերածնունդ» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն Ռիտա Մաքյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի մայիսի 10-ին գործարար ներկայացած Արթուր Արշակյանը ինտերնետային սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է «Կյանքի վերածնունդ» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն Ռիտա Մաքյանի հետ: Ավելի ուշ նա հ/կ տնօրենին հրավիրել է Արարատի մարզում գտնվող Խոր Վիրաբ եկեղեցի, որտեղ պահանջել է, որ Ռիտա Մաքյանն իրեն հանձնի կրած ոսկյա շղթան, խաչը, ականջօղերը եւ մատանին, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը: Դրանից հետո Արթուր Արշակյանը հարձակվել է նրա վրա, սպառնացել է խեղդել, սպանել: Գործարար ներկայացած անձը հասել է իր նպատակին` տանելով կազմակերպության տնօրենի ոսկյա զարդերը, որն էլ ավելի ուշ վաճառել է: Տեղեկացանք, որ Արթուր Արշակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է «Արմնավիր» ՔԿՀ-ում:

 

 

ՉԻ ԱՐՏԱԴՐՎԵԼ
Հայկական արտադրության հեռախոսների արտադրությունը կանգնել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում այս տարվա ընթացքում ընդհանրապես ոչ մի հատիկ բջջային հեռախոս չի արտադրվել: Իսկ անցած տարվա ընթացքում արտադրվել է ընդամենը 230 հատ բջջային հեռախոս: Տեղեկացնենք, որ Հայաստանում պլանշետներ եւ բջջային հեռախոսներ արտադրում է միայն մեկ ընկերություն` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» (Technology and Science Dynamics): Փոխարենը համակարգիչների արտադրության ծավալներն են ավելացել` 5 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարի արտադրվել է 233 հատ համակարգիչ, իսկ անցած տարում` 222 հատ: Ընդամենը 11-ով է ավելացել համակարգիչները: Ի դեպ, երեկվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Նա ընդգծել է, որ ԱԺ-ում եւս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: Այս կերպ վարչապետը փորձում է խթանել հայկական արտադրությունը: Տեսնենք` նրան կհաջողվի, թե ոչ:




Լրահոս