ԱԻՆ-Ի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ ԱԱԾ-ում քննվող գործին, հայտնեց, որ կա ձերբակալված 2 նախկին պաշտոնատար անձ՝ փոխնախարար, նախարարության վարչության պետ:

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով նախարարության չարաշահումներին, հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ-ն եւս ուսումնասիրություններ է կատարում, եւ արդեն կան երկու դեպք, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում: Իսկ թե կոնկրետ որ ոլորտների հետ էր կապված, կամ արդյոք նախկին նախարարի գործունեության հետ է կապված, նախարարը չմանրամասնեց` նշելով, թե այլ հարցեր տվեք: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` բացահայտումները կապված են նախկին նախարարի գործունեության հետ, մասնավորապես այն, որ նախարարությունում հրդեհը մարող փրփուրներ չեն եղել, եւ որ դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին, ինչպես նաեւ նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառել են նրանց:
Երեկ` ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը Արտակագ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց նախարարությունում իր կողմից իրականացված բացահայտումների մասին:
-Պարո՛ն Ռոստոմյան, ըստ մեզ հասած տեղեկությունների` Ձեր նշանակումից հետո Դուք բացահայտել եք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հրդեհը մարող փրփուր չկա, եւ այն վաճառել են ավտոլվացման կետերին:
-Բոլոր գործերը գտնվում են համապատասխան տեղերում:
-Համապատասխան տեղերը որտե՞ղ են կոնկրետ, օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունո՞ւմ, թե՞ այլ տեղ:
-Այո՛, այնտեղ:
-Դուք նաեւ բացահայտել եք, որ նախարարության աշխատակիցներին իրենց հասանելիք անվճար համազգեստը վաճառել են:
-Ես նման տեղեկություն չունեմ:
-Այսինքն` նման բացահայտում չե՞ք արել:
-Բոլոր գործերով զբաղվում են համապատասխան կառույցները:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան
-Պարո՛ն Վանեցյան, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երեւան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Այս հրապարակումից հետո լռություն է տիրում, ի՞նչ փուլում է գործը:
-Քննություն է կատարվում, առաջիկայում կլինի:
-Ի՞նչ է սպասվում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, արդյո՞ք այս ընթացքում խուզարկել են նրա բնակարանը կամ կանչել են հարցաքննության կամ հրապարակվեց, որ նրան կկալանավորեն:
-Քննությունը ցույց կտա:
-Այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ իրավապահ համակարգը գործիք է դառնում մի շարք մարդկանց ձեռքին: Բանն այն է, որ նախկին իշխանությունների հետ խնդիրներ ունեցած անձինք կամ, առհասարակ, տարբեր քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ մարդկանց հետ խնդիր են ունեցել, այսօր դիմում են ԱԱԾ կամ այլ իրավապահ մարմինների հաղորդում ներկայացնում նրանց դեմ, իսկ իրավապահները այս պարագայում կարծես թե գործիք են դառնում:
-Մեզ ոչ մեկ չի կարող օգտագործել, դա բացառվում է, կա օրենք, եթե մարդը խախտել է օրենքը, պատասխան է տալիս, եթե մարդը չի խախտել օրենքը, ապա որեւէ մեկը չի կարող ուղղորդի կամ օգտագործի:
-Ազգային անվտանգության ծառայությունը նախկինում ԱԱԾ-ի կողմից կարճված, կասեցված գործերի վերաբացման մասով հրահանգ ստացե՞լ է:
-Մենք հրահա՞նգ ստանանք:
-Այո:
-Ումի՞ց ստանանք:
-Իշխանությունները ասեն, որ վերաբացեք այդ գործերը եւ արդար, օբյեկտիվ քննություն իրականացրեք:
-Իշխանությունները մեզ հրահանգ չեն տալիս:
-Ենթադրենք` չեն տվել, նախկինում ԱԱԾ-ի կողմից քննված, կասեցված քրեական գործերով նոր քննություններ կատարվո՞ւմ են, վերաբացվե՞լ են այդ գործերը:
-Կուսումնասիրենք, եթե խախտումներ կլինեն, եթե խախտումներ են եղել, իհարկե, կվերաբացվեն, որեւէ կաշկանդվածություն չկա:
-Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների մասին բարձրաձայնվեց՝ տեղեկություններ կան, որ նախարարությունում հրդեհը մարելու փրփուրը վաճառվել է ավտոլվացման կետերին, նախարարության աշխատակիցներին հասանելիք զգեստները նրանց չեն տրվել անվճար, այլ վաճառվել են, ավելին` անգամ նախարարն էր խոսել չարաշահումների մասին, որի քննությունը հաձնվել էր ԱԱԾ-ին: Ի՞նչ է բացահայտել ԱԱԾ-ն:
-Այս գործով երկու անձ ձերբակալվել է:
-Կոնկրետ ինչի՞ համար:
-Յուրացումների:
-Ովքե՞ր են:
-Պաշտոնատար անձինք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձինք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն:
-Ի՞նչ են արել:
-Բյուջեից փողեր են գողացել, յուրացրել են:
-Այսինքն` նախարության նախկին պաշտոնատար անձինք բյուջեից գումարներ են յուրացրե՞լ:
-Այո՛, նախկինում` իրենց աշխատած ժամանակ, յուրացումներ են կատարել:
-Անուններ կտաք:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Նախաքննական գաղտնիք է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Իրավապահ համակարգը սկսել է մեկը մյուսի հետեւից ընթացք տալ նախկինում կատարված աղկահարույց գործերին, հատկապես, երբ դրանցում ներգրավված են եղել պաշտոնատար անձինք: Իսկ այդ գործերը հիմնականում կրակոցների, հարձակումների, մարդկաց մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագներով են: Եվ այսպես` ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռեւս 2007թ. տեղի ունեցած կրակոցների մասով հարուցված քրեական գործը, որում շոշափվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի անունը: Մասնավորապես 2007թ. ապրիլի 1-ի երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը, եւ նրանք հաշտվել են, ուստի գործն էլ կարճվել էր: Սակայն 11 տարի անց իրավիճակ է փոխվել:
2018 թվականի հունիսի 29-ին Դավիթ Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն` խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում: Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, որը Սերժ Սարգսյանի եղբոր որդին է: Արդյունքում, որոշում է կայացվել կարճման որոշումը վերացնել եւ նոր քննություն իրականացնել: Ի դեպ, 11 տարի անց քնից արթնացած Դավիթ Սիմոնյանը այնքան էլ պատահական մարդ չէ: Վերջինս 2009 թվականին` ընտրությունների ժամանակ, հարձակվել էր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի վրա եւ այդ արարքի համար ենթարկվել վարչական պատասխանատվության եւ ընտրություններին մշտապես եղել է ՀՀԿ վստահված անձ:
Սա թերեւս միակ դեպքը չէ, որ իրավապահները նոր ընթացք են տալիս: Մասնավորապես դատախազը, ի թիվս այլ գործերի, հանձնարարել է ակտիվացնել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից եւ փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է այս գործի շրջանակներում եւս ստեղծել դատախազների խումբ:
Ամենայն հավանականությամբ քննության կառնվի նաեւ Գորիսի ոստիկանապետի կողմից իր տեղակալի եղբորը ծեծի ենթարկելու գործը: Բանն այն է, որ ծեծի ենթարկվածի հարազատները դիմում են ներկայացրել իրավապահներին, նոր ընթացք տված գործերի մեջ է նաեւ Պռոշյան համայնքի դաշնակցական ղեկավար Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանությունը, այս գործը վերաբացելու ակնկալիքով ՀՅԴ ղեկավար կազմը վերջերս հանդիպել էր իրավապահներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից եւ պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության եւ հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում: ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016թթ. տարբեր կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ. 400 մլն. դրամի պայմանագրեր` հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման եւ այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար: Պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել եւ օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

 

ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ
Լրագրողները երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվել են` արդյո՞ք Վյաչեսլավ Հարությունովը վնասվածքներ ստացել է ընկնելու հետեւանքով: «Եթե կարելի է սայթաքելով նման մարմնական վնասվածքներ ստանալ, ուրեմն խնդիր չկա: Այսինքն` հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,-նշել է նա: Դիտարկմանը, որ ոստիկանությունը պնդո՞ւմ է ծեծի վարկածը, Օսիպյանն ասել է. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք տուժողի հաղորդման հիման վրա: Այնպես չէ, որ մոտավոր ենք ասում: Թե հետո ինչ եղավ, դուք ինքներդ կարող եք հասկանալ»,-նշել է ոստիկանապետը: Այս գործի մասին ՀՔԾ-ն էլ պարզաբանում է տարածել` տեղեկացնելով, որ եթե անգամ տուժողը բողոք չներկայացնի, քրեական գործն այդ հիմքով չի կարճվի, քանի որ այն հարուցվել է առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով:




Լրահոս