Հարկատու, գործարար Գ. Սիմոնյանից
«Մեծարգո պարոն Վարչապետ, միանալով Ձեր կոչին` պայքարել կոռուպցիայի դեմ, Նոր Հայաստանը շտկել եւ շենացնել, դարձնել մեր բոլորիս երազած հայրենիքը, որոշեցի Ձեզ նամակ գրել…
Ձեզ ուզում եմ մի հետաքրքիր առաջարկ անել. հրավիրում եմ սուրճ խմելու Երեւանում ցանկացած օր, առավոտ լուսո, երբ դեռ քաղաքի մեծ մասը քնած է: Հասկանում եմ` ուզածս մեծ բան է, բայց կարծում եմ` արժե մեկ ժամ կորցնել` մի հասարակ մարդու (գործարարի) կարծիք լսելու համար. ի դեպ, ասելիքս անձնական խնդիր չէ:
Մենք ծանոթներ ենք, բազմիցս ենք հանդիպել, բայց մտերիմներ չենք:
Ես գործարար եմ (միջին), ավելի քան 20 տարի զբաղվում եմ բիզնեսով: Իմ ամենօրյա աշխատանքի բերումով շփվում եմ հասարակ քաղաքացուց սկսած մինչեւ փոխնախարարներ:
Մեր տնտեսությունից այնքան եմ տեղյակ, որ համոզված եմ ոչ մի չինովնիկ կամ կաբինետային տնտեսագետ տեղյակ չէ: Ինչպես ասում են` «Պառավը խելոք չի լինում, այլ գխովն է անցած լինում»:
Տեղյակ եմ վատ օրենքներից, դրանց բացերից, սխալներից, կոռուպցիոն երեւույթներից, չինովնիկների մոտեցումներից ու նրանց վերաբերմունքից: Տեղյակ եմ տնտեսվարողների անտեղյակությունից (որոշ դեպքերում` անգրագիտությունից), պրոբլեմներից, սովորույթներից ու խնդիրներից: Տեղյակ եմ շուկայի յուրահատկությունից, եկամտաբերությունից ու անլուծելի թվացող խնդիրներից: Գիտեմ նաեւ դրանցից շատերի լուծման ձեւերը: Միշտ փորձել եմ այս խնդիրները բարձրացնել, բայց, ցավոք, լսող չի եղել:
Մեր երկրում չինովնիկների միջին խավը միշտ խաբել է հա՛մ վերադասին, հա՛մ ստորադասին ու քաղաքացուն, ու ամեն ինչ նեկայացրել են` ելնելով անձնական եւ կորպորատիվ շահերից (կարծես հիմա ուզում են կրկնել նույնը):
Կ. Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո հրահանգ եղավ ՊԵԿ-ին անհիմն ստուգումներ չիրականացնել, հետո խաբեցին բարձրագույն իշխանությանը` պատճառաբանելով, որ եթե չստուգենք, տնտեսվարողները կխաբեն, հարկեր չեն մուծի (նրանց աչքերում տնտեսվարողները խաբեբաներ են ու գող-ավազակ, ազիվը միայն իրենք են): 2017 թվականի ապրիլի 2 ից վերսկսվեցին հարկային ստուգումները աննախադեպ մասշտաբներով` ցուցանիշ ապահովելու կամ անձնական նկատառումներով:
ՊԵԿ նախկին նախագահ Վ. Հարությունյանը հրաժեշտի խոսքում ասաց, որ 14.1 միլիարդ ավելի գումար են հավաքագրել, Ձեզ վստահեցնում եմ` տնտեսությունը չէր աշխուժացել, դա զուտ հարկային «տեռորի» արդյունք էր:
Հիմա էլ կարծես կրկնվում է նույնը` ստուգումներ, տուգանքներ, որը մեկնաբանվում է «թե Նիկոլն ասել է` այնքան տուգանեք, մինչեւ ՀԴՄ խփել սովորեն»: ՊԵԿ-ը հագել է հեղափոխական կոստյումը եւ անցել գործի: Բայց ստուգումերով ու տուգանքներով երկիրը չի զարգանա, ներդրող չի գա, ինչո՞ւ, որովհետեւ գործող օրենքները աղերս չունեն իրականության հետ: Գործող օրենքներով հարկատուներս պոտենցիալ հանցագործներ ենք, եւ երբ ուզեն, կպատժեն: Այս ոլորտում ռադիկալ մոտեցումներ են պետք, ընդհուպ վիրահատական միջամտություն, որպեսզի օրենսդրության փոփոխությունը բերի իրավահավասարության, եւ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, մարդիկ հարաբերվեն օրենքի դաշտում, որը հասկանալի ու ընդունելի կլինի բոլորի կողմից: Կարծում եմ՝ գործող Հարկային օրենսգիրքը պետք է նետել աղբամանը եւ գրել նորը, պետք է հրաժարվել սովետական պլանավորված էկոնոմիկայից եւ անցնել հայկական ազատ, շուկայական հարաբերություների:
Լսել եմ՝ էլի հավաքվել, լուծում են փնտրում, բայց դարձյալ մեր՝ հարկատուներիս կարծիքը հաշվի չառնելով: Ձեզ կներկայացնեն լուծումների փաթեթ (ամեն մեկը իր շահը տողատակերով հաշվի առած) կասեն` այսօրվա համար սա է լավագույն տարբերակը: Խնդրում եմ` թույլ չտաք Ձեզ խաբեն: Ես ունեմ Հարկային օրենսգրքի նախագիծ ու իմ նման շատ մարդ պատրաստ է Ձեզ հետ կիսվել իր գիտեցածով՝ առաջարկելով գործնական լուծումներ:
Ձեզ կհամոզեն, թե հնարավոր չէ, ես վստահեցնում եմ` շատ բան է հնարավոր, հնարավոր է 3.000.000 ներդրող, հնարավոր է բյուջեի կրկնակի աճ, հնարավոր է ՀՆԱ-ի եռակի աճ, հնարավոր է աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, արտադրության խթանում ու էլի շատ բան: Պարզապես մեզ պետք են ճիշտ օրենքներ՝ հաշվի առնելով մեր իրականությունը, մենթալիտետը:
Պարո՛ն Վարչապետ, մի բան հաստատ կարող եմ ասել հազարավոր փոքր, միջին նաեւ խոշոր գործարարների անունից. մենք էլ անցած 25 տարիներին մեր կռիվը տվեցինք, չհեռացանք մեր երկրից, բազմաթիվ զրկանքներ կրելով անարդարության դեմ, պայքարելով (մեկի բեղերի հետ խաղալով, մյուսի թաթիկը համբուրելով, մեկին ժպտալեվ, մեկին էլ խնդրելով)` վճարեցինք մեր բաժին հարկը (ու ոչ միայն հարկը) աշխատած գումարն էլ նեդրեցինք մեր հայրենիքում՝ հուսով սպասելով բաղձալի օրվան: Ու այդ օրը եկել է, փոփոխություններ են պետք, Պարո՛ն Վարչապետ, ազատություն նաեւ օրենքի դաշտում, բռնողներ, ստուգողներ եւ բանսարկուներ պետք չեն: Եւ եթե այս հարցում քայլ չանենք, կկորցնենք զգոնությունը, կունենանք այն, ինչ ունենք… յոլա գնացող տնտեսություն, հազարավոր արտագաղթող քաղաքացիներ, որոնց հույսն էլի հաջորդ հեղափոխությունը կմնա:
Ինչպես աշխարհը խոսեց մեր թավշյա ու ոչ բռնի հեղափոխությունից, այնպես էլ պետք է խոսեն մեր տնտեսության հեղափոխությունից:
Այս պահին երկու բանի հույս ունեմ, որ այս նամակից հետո ՊԵԿ-ը ինձ չի թիրախավորի,
եւ Դուք սուրճ խմելու առաջարկս չեք մերժի…
Կանխավ շնորհակալություն…»:
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը դատի է տվել Տավուշի մարզպետարանին: Նա 2018թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ մարզպետարանի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի` իրեն աշխատանքից ազատելու մասին 2018թ. ապրիլի 17-ի որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջներով: Մայիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցը վարույթ է ընդունել: Այս գործով հուլիսի 3-ին նախնական դատական նիստ է նշանակված:
Միայն թե, նկատենք, մինչ Մ. Հարությունյանը դատարան է դիմել, Տավուշի մարզում իրավիճակ է փոխվել: Հունիսի 1-ին Տավուշի մարզպետ է նշանակվել Վահե Ղալումյանը, հունիսի 12-ին կայացած Դեբեդավանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթում Մ. Հարությունյանը հաղթել է, հունիսի 25-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշում է ընդունել Մ. Հարությունյանին Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակելու, նրա հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ու հիմա ենթադրվում է, որ նա հետ կվերցնի հայցը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵ՞Տ, ԹԵ՞ ԳՈՂԱԿԱՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԱԾ-ում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հարցաքննության մասին լուրերին` հրաժարվելով մեկնաբանել այդ տեղեկություններն ու հայտարարել, թե զարգացումների դեպքում ԱԱԾ-ն կտարածի պաշտոնական հայտարարություն: Նկատենք, որ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով` «…նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ եւ մի քանի ժամ պահվել այնտեղ: Ըստ նույն տեղեկության` հնարավոր է` նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի, ինչը կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի (Կանեւսկոյի)` Արմեն Կանեւսկոյի եղբորը»:
ArmLur.am-ին նոր տվյալներ են հայտնի դարձել Վլադիմիր Գասպարյանի եւ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի հնարավոր կապերի մասին: Մասնավորապես օդում կախված լուրերի համաձայն` Արտյոմ Կանեւսկոյը տարիներ շարունակ համարվել է Վլադիմիր Գասպարյանի հովանավորյալը: Նրա միջոցով քրեական աշխարհում ՀՀ նախկին ոստիկանապետը որոշակի գործողություններ է արել: Եթե եղել են հետախուզման մեջ գտնվողներ, կամ ՀՀ ոստիկանության հետ այս կամ այն կերպ խնդիրներ ունեցողներ, քրեական տարրերի միջոցով ապահովվել է նրանց հանգիստ քունը:
Ուշագրավն այն է, որ դարձյալ օդում կախված լուրերի համաձայն` Գասպարյանը Կանեւսկոյին նաեւ քաղաքական որոշակի գործընթացներում է ներգրավել: Ինչպես հայտնի է` Վլադիմիր Գասպարյանը, չլինելով կուսակցական, որպես ոստիկանապետ ծառայել է ՀՀԿ-ին, այդ կուսակցության շահերն է առաջ տարել: Եւ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի շարք ՀՀԿ-ական թեկնածուներին «լավություն» անելու համար, ըստ լուրերի, զանգահարել եւ առաջարկել է. «Ոստիկանների՞ն ուղարկեմ ձեզ մոտ, թե՞ Կանեւսկոյի տղաներին, ինչի՞ կարիք ունեք»:
Արտյոմ Կանեւսկոյի անունն ավելի շատ հոլովվեց Արթուր Ասատրյանի` էջմիածնեցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ նախապատրաստված մահափորձի շրջանակներում` որպես պատվիրատու: Իհարկե, այս փաստը դեռեւս չի ապացուցվել, սակայն հայտնի ձայնագրությունը, որտեղ մեղադրյալները տալիս են Կանեւսկոյի անունը, գործի նյութերին չի կցվել: Մինչդեռ ArmLur.am-ը տեղեկություններ ունի, որ այդ տեսանյութը ՀՀ ոստիկանությունում վաղուց է եղել, որը, հիմա արդեն հասկանալի պատճառներով, ժամանակին անտեսվել է: Ու դա էր պատճառը, որ Դոն Պիպոն հայրենի իրավապահներից հույսը կտրեց եւ առանց իրավապահների օգնության կանխեց իր դեմ իրականացվող մահափորձի հետագա դրսեւորումները: Բայց հիմա Դոն Պիպոյի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մարդու առեւանգման հատկանիշով: Հարկ ենք համարում նկատել նաեւ, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի քննության ընթացքում Հայաստանում ազատ շրջող Կանեւսկոյին ոստիկանները «չէին կարողանում բռնացնել», ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է: Քննչական մարմինը հանձնարարում էր ոստիկաններին Կանեւսկոյին հայտնաբերել եւ ներկայացնել քննության, սակայն ոստիկանները չէին անում: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ աղմկալի բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին, քրեական հեղինակությունների դեմ հայտնի որսի շրջանակներում, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին, խուզարկություն իրականացվեց նաեւ Կանեւսկոյի տանը: Այնտեղ, ինչպես բազմիցս գրվեց մամուլում, հայտնաբերվել էր կեղծ անձնագիր, իսկ անձնագիր, ինչպես հայտնի է, տրամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը: Այդ վարչության պետ Մնացական Բչախչյանը հերքեց տեղեկությունները` ասելով, որ որեւէ մեկին կեղծ անձնագիր չի տվել: Բայց փաստ է, որ Արտյոմ Կանեւսկոյը այլ անձի տվյալներով անձնագիր է ունեցել: Այս թեմայով բացահայտումները` հաջորդիվ:
Հ.Գ. Հիշում եք մի առիթով Վովա Գասպարյանի խոսքը` ուղղված որոշ պատգամավորների. «Պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛…»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ