ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԿՍՏՈՒԳԻ «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վաղվանից տեսչական ստուգումներ կիրականացնի «Լիդիան Արմենիա» ընկերությունում, որը մտադիր է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Նշենք, որ ավելի քան տասը օր է՝ Ամուլսար տանող հողային ճանապարհները Ջերմուկ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները փակել են: Նրանք պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքում, քանի որ համոզված են` այն վտանգավոր է բնության, ջրային ռեսուրսների, ինչպես նաեւ մարդկանց կյանքի եւ առողջության համար: Մյուս կողմից` ընկերության ղեկավարությունը պնդում է, որ այս օրերի ընթացքում 5 մլն դոլարի չափով վնաս է կրել:

Ըստ բողոքող գնդեվազցիների` ընկերության աշխատողները վերջին մի քանի ամսիների ընթացքում Ամուլսարում հորատման աշխատանքների ժամանակ 2 անգամ վնասել են իրենց գյուղի խմելու ջրի խողովակները: Գնդեվազի բնակիչների պատմելով` անձրեւոտ եղանակներին ծորակներից հոսող ջուրը մուգ դարչնագույն է: Բացի այս` իրենց անհանգստացնում են հանքի տարածքում բարձրացող փոշին եւ պարբերական պայթեցումները: Այս ամենը հաշվի առնելով` նրանք պահանջում են դադարեցնել հանքում աշխատանքերը, եւ ի նշան բողոքի` ավելի քան տասն օր է` փակել են դեպի Ամուլսար տանող հողային ճանապարհները:
Իսկ ահա «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողները նախօրեին իրենց հերթին բողոքի ակցիա անցկացրին, բայց արդեն կառավարության շենքի առաջ: Նրանք «Ամուլսարի աշխատողները լավագույն բնապահպաններն են» ցուցապաստառով կառավարությունից պահանջեցին միջամտել, որպեսզի բնակիչները բացեն հանքավայր տանող ճանապարհները: Չի բացառվում, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս խնդիրը դատական կարգով լուծի եւ փոխհատուցում պահանջի:
Նկատենք, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը տվել է նախորդ կառավարությունը` անտեսելով բնապահպանական լուրջ ռիսկերը: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վստահեցնում է, որ մանրամասն կուսումնասիրի Ամուլսարի խնդիրն ու վերջնական որոշում կկայացնի: «Ինչպես նախկինում, հիմա էլ լուծման տարբերակը մեկն է` մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա, եւ մենք փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել, եւ վերջնական եզրակացություն կլինի»,- անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակին` հայտարարել է վարչապետը:
Բայց մյուս կողմից` տնտեսագետները վստահ են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը լիցենզիայից զրկելու արդյունքում երկրի տնտեսությունը լուրջ վնաս կկրի: Չէ՞ որ Ամուլսարն այսօր միակ խոշորամասշտաբ օտարերկրյա ներդրումային ծրագիրն է, որը պետք է ամիսներ անց հարկային մուտքեր ապահովի Հայաստանի համար: «Լիդիան Արմենիա»-ին այս խաղից դուրս հանելը կվանի օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին, որոնց մոտ Հայաստանը կկորցնի վստահելի գործընկերոջ համբավը:
Արդյո՞ք այս հարցը մտահոգում է Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող ակտիվիստներին: Հարցին ի պատասխան` Հայկական բնապահպանական ճակատի քաղաքացիական կամավորական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն արձագանքեց. «Մենք էկոլոգներ ենք, մեզ չի հետաքրքրում, թե իրականում ինչը ինչի վրա ինչ ազդեցություն կունենա: Մենք կարծում ենք, որ հանքարդյունաբերության եւ ընդերքի թալանի համար գնելու փողերը չեն կարող ներդրում համարվել»: Նշենք, որ այս կամավորական նախաձեռնության անդամները եւս բնակիչների հետ պայքարում են Ամուլսարի ծրագրի դեմ:
Ավելին` այս ընթացքում տեսակետ է շրջանառվում այն մասին, որ Ամուլսարի ծրագրի դեմ պայքարելու համար ակտիվիստները դրամաշնորհ են ստացել եւ պետք է այնքան բողոքեն, մինչեւ ստացված դրամաշնորհը վերջանա: «Ժողովուրդ» օրաթերթը Լեւոն Գալստյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ինքը եւ մյուս ակտիվիստները դրամաշնորհ են ստացել. «Մենք ՀԿ չենք, այլ կամավորական նախաձեռնություն… մենք չենք կարող գրանտ ստանալ: Այս հարցը կարող եք ուղղել այն ՀԿ-ներին, որոնք հնարավորություն ունեն գրանտ ստանալու»:
Բացի դա` այս ընթացքում շատերին հետաքրքում է, թե ինչու էկոլոգները նման ակտիվ պայքար չեն տանում Ագարակի, Քաջարանի եւ այլ մետաղական հանքերի դեմ, ինչպես Ամուլսարի դեպքում: Այս հարցին Լեւոն Գալստյանը եւս պատասխան ունի. «Տասնյակ տարիներ շահագործվող այդ հանքերը, որոնց շուրջ բնակավայրերը հիմնականում ստեղծվել ու գոյատեւում են որպես հանքագործական քաղաքներ, մարդիկ հիմնականում աշխատում են այդ ոլորտում, տարածքներն ու ջրերն արդեն շատ լուրջ աղտոտված են, հեչ համեմատելու չեն, ասենք, Ջերմուկի, Գնդեվազի կողքը կամ Մեղրի գետի ավազանում նոր բացվող հանքերի հետ: Այնտեղ էկոլոգիապես մաքուր տարածքներ են, մարդիկ ապրում են` որոշակի տնտեսական գործունեությամբ զբաղվելով, որը բնական միջավայրը չի վերացնում եւ երկարատեւ է, առողջական խնդիրներ չի առաջացնում, ջրերը, հողերը, օդն անաղարտ են»:
Ինչպես հայտնի է` բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հուլիսի 6-ից տեսչական ստուգումներ է իրականացնելու «Լիդիան Արմենիա» ընկերությունում: Այս մասին հայտարարել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերության համապատասխանությունը օրենսդրության եւ լավագույն չափանիշների պահանջներին ու դրա արդյունքում կառավարությանը տալ փաստարկված եզրակացություններ:
Մյուս կողմից` տեսչական ստուգումներ իրականացնելու եւ ղեկավարելու է Արթուր Գրիգորյանը` «Էկոիրավունք» ՀԿ նախագահը, ով հանքարդյունաբերող խոշոր ընկերությունների դեմ պարբերաբար դատական հայցեր է ներկայացրել: Խոսքը Քաջարանի պղնձամոլիբդենայինի, Թեղուտի ոսկու հանքավայրի, Ամուլսարի ծրագրի մասին է: Օրինակ` Ամուլսարի հանքի գործով ՀԿ-ն դատարանից պահանջել է անվավեր ճանաչել բնապահպանական եզրակացությունը: Եւ ինչ երաշխիք, որ այս դեպքում Արթուր Գրիգորյանի ղեկավարած տեսչական ստուգումները անաչառ կլինեն: Սպասենք զարգացումներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ
2013թ-ին Վանաձորի Բանակի փողոցում՝ նախկին զորամասի տարածքում, սկսվեց բժշկական համալիրի կառուցումը: Կենտրոնի գլխավոր մասնաշենքը զբաղեցնում է 11 հազար քմ, իսկ ծննդատունը` շուրջ 3 հազար քմ տարածք: Նախատեսված 2015թ-ի փոխարեն շինարարությունն ավարտվեց 2018-ին եւ ապրիլից պատրաստ էր շահագործման, բայց մինչ այժմ ձգձգվում է փաստաթղթային ձեւակերպումների պատճառով. այդ կառուցը պետք է հանձնվի Վանաձորի բժշկական կենտրոնին որպես պետական սեփականություն, որը պահանջում է փաստաթղթավորում՝ ավարտական ակտերի կազմում, հանձնում-ընդունում, նաեւ լիցենզավորման գործընթաց:
ՀՀ կառավարությունը նաեւ քննարկում է` ԲԿ-ն թողնել պետական կարգավիճակո՞ւմ, թե՞ հանձնել հավատարմագրային կառավարման: Մեծ չափերի հետ կապված շենքի շահագործման ծախսերն են ավելացել, ձմռան ամիսներին մեկ ամսվա ծախսը շուրջ 10 մլն դրամ կկազմի. «Պահպանման ծախսերի մեջ նաեւ պահակային ծառայության, այգեպանի, մաքրարարների ավելացման կարիք կլինի, արդեն մեկը չի բավականացնի, սարքավորում, մաքրողների պահանջարկ կառաջանա, եւ աշխատելու ընթացքում այլ հարցերի առաջ էլ կկանգնենք», -ասում է Վանաձորի Արեշյանի անվան ԲԿ-ի տնօրեն Վարդան Աբովյանը:
Վ. Աբովյանը նշում է` եթե փաստաթղթային հարցերը չլինեին այս ամսվա ընթացքում, հնարավոր կլիներ արդեն շենքում աշխատել: Թեեւ շենքը մեծ է, բայց նախատեսած է 190 մահճակալի համար, արդեն ամբողջովին կահավորած է գերժամանակակից սարքավորումներով. «Հագեցման խնդիր չկա: Մասնագետների պակաս կա, ցանկով ներկայացվել է նախարարություն, աշխատելու ընթացքում այդ խնդիրները կկոնկրետանան: Առկա 7 բաժանմունքների թիվն անփոփոխ կմնա, բայց 2-3 ծառայություն կավելանա մասնագետների խնդիր ու աշխատանքային հարցեր լուծելուց հետո: Առաջինը սրտային վիրաբուժությունն է»:
Մասնագետները նշեցին, որ մեծ ջանքերի դեպքում փաստաթղթավորումն ու շենքի շահագործումը հնարավոր կլինի 3 ամսից ոչ շուտ:
Մի կողմից լավ է բժշկական կենտրոնի` նման ընդարձակ շենք ունենալը, սակայն այն կառուցելուց առաջ պետք էր հաշվի առնել շահագործման համար պահանջվող ծախսերը, մասնագետների առկայությունը, ըստ այդմ, նման ճոխության նպատակահարմարությունը:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Վանաձոր

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՃԵԼ Է

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ երկրների հետ ընդհանուր առմամբ աճել է: Միայն թե աճի հիմնական գրավականը եղել է ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման, այլ ներկրման հաշվին:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե 2017թ. հունվար-մայիսին Հայաստանի առեւտրաշրջանառությունը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 628.9 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 778.1 մլն դոլարի: Դեպի ԵՄ երկրներ եւս առեւտրաշրջանառությունը կտրուկ աճել է` կազմելով 711 մլն դոլար անցած տարվա 471 մլն դոլարի դիմաց:
ԵԱՏՄ անդամ երկրներից առեւտրաշրջանառության ծավալներն աճել են հատկապես Ռուսաստանի հետ` կազմելով 752 մլն 632 հազար դոլար: Այս տարվա հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտուրը ԵԱՏՄ անդամ երկրներից գրեթե բոլորի հետ աճել է` բացի Ղրղզստանից: Ուշագրավ է, որ դեպի ԵՄ երկրներ առեւտրաշրջանառության ծավալների տեսակարար կշիռը այս տարվա հունվար-մայիսին աճել է` կազմելով 25.4 տոկոս, անցած տարվա 22.2 տոկոսի դիմաց: Ըստ պաշտոնական փաստաթղթի` Հայաստանի արտաքին առեւտուրը ավելացել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ռումինիայի, նիդերլանդների եւ այլ երկրների հետ: Միայն Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը այս տարվա հունվար-մայիսին կազմել է 177 մլն 892 հազար դոլար, նախորդ տարվա 104 մլն 836 հազար դոլարի դիմաց: Ըստ որոշ մասնագետների` ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճը պայմանավորված է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը կնքվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին: Չնայած այն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական:
Փոխարենը Վրաստանի հետ արտաքին առեւտուրը Հայաստանի հետ մոտ 36.5 մլն դոլարով նվազել է. այս հունվար-մայիսին առեւտրաշրջանառությունը Վրաստանի հետ կազմել է ավելի քան 47.5 մլն դոլար, անցած տարվա ավելի քան 84 մլն դոլարի դիմաց: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտուրը զգալի նվազել է Կանադայի հետ` 53.2 մլն դոլարով:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս