«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ, ԻՄ ՍՐՏՈՎ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ Արամ MP3-ի հետ զրուցել է առաջիկա համերգային ծրագրերի, նոր տեսահոլովակի, դերասանական արվեստով զբաղվելու, ամառային հանգստի նախընտրելի տարբերակների եւ նոր Հայաստանի հետ կապված հույսերի մասին։ Արամը նշել է, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, բոլորի սրտով են, պարզապես հանրության ցանկությունն այն է, որ դրանք իրականացվեն հնարավորինս շուտ։ Արամը շեշտել է, որ այն, ինչ կատարվում է այս պահին մեր երկրում, որպես քաղաքացի` իր սրտով է, քանի որ բացահայտվում են բաներ, որոնք տարիներ շարունակ թաքցված են եղել։

-Արա՛մ, որոշե՞լ եք՝ այս ամառ որտեղ եք հանգստանալու։ Առհասարակ, Դուք հանգստի ո՞ր տարբերակի կողմնակիցն եք։
-Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել, թե որտեղ եմ անցկացնելու հանգիստս, բայց, միանշանակ, ընտանիքիս հետ մեկնելու եմ ինչ-որ տեղ։ Ինքս, օրինակ, էքստրիմ հանգստի սիրահար եմ, բայց երբ երեխաների հետ եմ, նախընտրում եմ պասիվ հանգիստը՝ ծով, արեւ, խաղաղություն, նաեւ ստեղծագործական պահեր։ Ի դեպ, «Սկսում ենք» երգը հենց ծովում եմ գրել։
-Ձեր երգերը հիմնականում Դո՞ւք եք գրում։
-Ես շատ չեմ գրում, բայց եթե երաժշտությունը ինքս եմ հեղինակում, ապա գործիքավորումն անում է մեկ ուրիշը։
-Գիտենք, որ առաջիկայում համերգներ ունեք Հայաստանում եւ արտերկրում։ Մի փոքր կմանրամասնե՞ք։
-Առաջիկայում համերգ ունեմ Կանադայում, Արցախում, փոքրիկ ելույթներ ունեմ Երեւանում։ Սպասվում է նաեւ տեսահոլովակի պրեմիերա նոր երգի հիման վրա։ Այն հեղինակել ենք ես եւ Լազարոն։ Վերջինս գործիքավորողն է։ Խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն էլ Արամայիս Հայրապետյանն է։
-«Առաջին դեմք» ֆիլմում Ձեր մարմնավորած կերպարը բավական սիրվեց։ Էլի ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ունե՞ք։ Ձեզ նոր կերպարներում կտեսնե՞նք։
-Հենց այս պահին էլ նկարահանվում եմ նոր ֆիլմում։ Կարող եմ միայն ասել, որ այն կատակերգություն է, փետրվարին կկայանա պրեմիերան։ Առհասարակ, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստանում, բայց հաճախ մերժում եմ։
-Որպես դերասան հանդես գալը Ձեզ համար արդեն մասնագիտությո՞ւն է, թե՞ պարզապես հոբբի։
-Կարծում եմ՝ հոբբի։ Ի դեպ, հետաքրքիր առաջարկի դեպքում կցանկանամ ինձ փորձել նաեւ որեւէ դրամատիկ կերպարում։ Բայց այս պահին մեծապես կենտրոնացած եմ երաժշտական գործունեության վրա։ Ունեմ բազմաթիվ նոր երգեր, որոնք հերթով ներկայացնելու եմ։
-«Եվրատեսիլ»-ին մասնակցելուց հետո արտասահմանցի արտիստներից որեւէ մեկի հետ համագործակցելու առիթներ այդպես էլ չեղա՞ն։
-Դուետ՝ ոչ, բայց հասցրեցի բազմաթիվ համերգներ ունենալ արտերկրի երկրպագուների համար, որոնք ինձ ճանաչեցին «Եվրատեսիլ»-ից հետո։
-Արա՛մ, մի փոքր էլ ներքին քաղաքական կյանքից խոսենք։ Նոր Հայաստանի հետ կապված ի՞նչ հույսեր ունեք։
-Բոլորս հույս ունենք, որ ցանկացած փոփոխություն դրական տեղաշարժի է հանգեցնելու։ Բնականաբար, այն, ինչ կատարվում է այս պահին, որպես քաղաքացի՝ իմ սրտով է։ Բացահայտվում են բաներ, որոնք տարիներ շարունակ թաքցված են եղել։ Հուսանք՝ այս ամենի արդյունքում կհասնենք այն նպատակներին, որոնք մեր առջեւ դրել էինք ի սկզբանե, մենք էլ կդառնանք քաղաքակիրթ Եվրոպայի զարգացած մտածելակերպով երկրներից մեկը։ Ամեն մեկը պետք է մտածի իր երկրի, ոչ թե գրպանի մասին։ Յուրաքանչյուրիս ցանկությունն այն է, որ համերաշխության մթնոլորտ տիրի, արտաքին պարտք չունենանք, ունենանք զարգացած ինֆրաստրուկտուրաներ։ Պարզապես մեր ցանկությունն է, որ դա իրականություն դառնա հնարավորինս շուտ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԻՆ
Լոնդոնի «Չելսի»-ն հրաժարվել է վաճառել թիմի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին: «Բարսելոնան» 29-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 69 միլիոն եվրո առաջարկել լոնդոնյան ակումբին: Վիլիանի պայմանագիրը «Չելսի»-ի հետ ավարտվում է 2020 թվականին: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության 36 խաղում Վիլիանը դարձել է 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ԴԺՎԱՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Շվեդիայի հավաքականի մասին, որի հետ բրիտանացիները կհանդիպեն Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում: «Մենք վատ վիճակագրություն ունենք շվեդների հետ. միշտ թերագնահատում ենք նրանց: Շվեդիան հիանալի ֆուտբոլիստներ ունի եւ նրանց դեմ խաղալը չափազանց բարդ է: Դժվարին հանդիպում է լինելու»,-ասել է Սաութգեյթը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Կոլումբիային: Նշենք, որ Շվեդիա-Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին:




Լրահոս