Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար: Օրերս Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Նիկոլ Փաշինյանը վերջինիս է հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիրը և համոզմունք հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի նա էլ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ և հաճախակի այցելի մեր երկիր:
Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին մեծ գնահատանքի համար և հավելել, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար: Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման:
Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին: Ֆրանսիացի գործիչը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ: