Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները. ինչպես խուսափել վարակման վտանգից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները:  Հիվանդությունների աճի մասին զգուշացնում է նաև Առողջապահության նախարարությունը՝ հորդորելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին ավելի զգոն լինել՝ խուսափելու համար երեխաների վարակման վտանգից:

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Զարդարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, իրենց հիվանդանոցում հիվանդների թվի աճ չկա, սովորական աշխատանքային ծանրաբեռնվածություն է: «Իհարկե, փետրվար ամսվա համեմատությամբ աճել է, բայց մայիս–հունիս ամիսների համեմատությամբ փոփոխություն չկա»,– նշեց Զարդարյանը:

«Արաբկիր» բժշկական համալիրից էլ հրաժարվեցին հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, թե նման տեղեկատվություն առհասարակ չեն տրամադրում:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամառային տաք ժամանակահատվածը նպաստավոր  է աղիքային հիվանդությունների համար, ինչին ականատես ենք լինում սկսած հունիսի երկրորդ կեսից:

«Այն ակտիվությունը, որն արձանագրվում է՝ պայմանավորված վարակիչ հիվանդություններով, օրինաչափ է: Յուրաքանչյուր տարի այս սեզոնին դիտվում է աղիքային վարակների ակտիվություն, սակայն այս տարվա առանձնահատկությունն այն է, որ հունիսին դիզենտերիա հիվանդության հետ գործ ունեցանք, որի հարուցիչը շիգելա զոնն է: Սա փաստում էր սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների մասին:  Վերջին 20 օրերի ընթացքում իրականացված հետազոտությունները վկայում են, որ էնտերովիրուսների ակտիվություն  է նկատվում, ինչի մասին առողջապահության նախարարությունը բարձրաձայնել էր և զգոնության կոչ արել ազգաբնակչությանը, մանավանդ՝ ծնողներին»,– նշեց նա:

Աղիքային վիրուսները բավական լավ հարմարվողականություն ունեն շոգ եղանակին, նրանք երկար ժամանակ պահպանվում են շրջակա միջավայրում: Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին՝ երեխաների լողը կազմակերպել այնպիսի վայրերում, որտեղ այն թույլատրված է, իսկ դեկորատիվ լողավազաններում՝ բացառել:

Ստացվում է, որ վարակվելու պատճառը բնավ ջուրը չէ, այլ սեփական հիգիենային, սննդին չհետևելու արդյունքը: Աղիքային հիվանդությամբ վարակվելու ռիսկերը մեծանում են կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս, հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս, փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս, ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս, երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս, լողավազաններում լողանալու դեպքում՝ լողափի չմշակված հատվածներում լողանալիս և այլն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս