«Ժողովուրդ» օրաթերը գրում է. « Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում եւ սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարեւան երկիրը մեծ քանակությամբ զորք եւ զինատեսակներ է կուտակել:
Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված է»: Միաժամանակ նա հայտարարել էր, թե պետք է պարզապես արձանագրել այդ իրավիճակն ու ցանկացած պահի պատրաստ լինել հակահարված տալու: Նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին եւս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, եւ ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը եւս կապ ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եւ կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը:
Ակնհայտ է` այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն, միաժամանակ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Ու վատթարագույն սցենարները բացառելու համար ճիշտ կլիներ, եթե գործի դրվեին բոլոր հնարավոր միջոցները, նաեւ արտաքին դիվանագիտությունն էլ ավելի ակտիվացնել` ի վերջո ջանքեր գործադրելով նաեւ լուծելու ԼՂ խնդիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: