Բաց նամակ Հյուսիսային համալսարանի Ռեկտոր Մհեր Մակիչյանին ABC իրավաբանական գրասենյակի տնօրենից:
Հայաստանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր՝ Մհեր Բորիսի Մակիչյանին և
Գործադիր տնօրեն Մանթաշ Բորիսի Մակիչյանին
ABC իրավաբանական գրասենյակի տնօրեն ՝ Արա Խաչատրյանից
Բաց Նամակ
Պարոնայք Մակիչյաններ.
Բաց նամակի ձևաչափը պայմանավորված է հարցի հրապարակայնությամբ և անհետաձգելիությամբ: Այն ինչ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ և շարունակում է տեղի ունենալ այսօր առնվազն հրեշավոր արարք է…
Համոզված եմ, որ այս նամակի հրապարակային դառնալու պահից, շատ բան կփոխվի Ձեր կյանքում, շատ մարդիկ կսկսեն իրականում այլ աչքով նայել և բացահայտել Ձեր մեջ այն հատկանիշները, որոնք մինչ այդ Դուք կարողացել էիք հմտորեն քողարկել: Հասարակությունը չի հասկանա և չի կարողանա Ձեզ ներել, երբ իմանա, որ դուք մարդկային ճակատագրերի հաշվին մեծ գումարներ եք աշխատել, ինչպես եք «քայլել» բազմազավակ ընտանիքների երեխաների ճակատագրերի վրայով, խաբեությամբ ահռելի տոկոսներով գումարներ բարձել այդ ընտանիքների վրա և ստիպել վաճառել բնակարաններ և քանդել ընտանիքներ:
Պարոնայք Մակիչյաններ, ձեզանից որևէ մեկը կկարողանա՞ բացատրել , թե ինչպե՞ս Մհեր Մակիչյանը, հանդիսանալով Կրեդո ֆինանս Ունիվերսալ վարկային կազմակերպության խորհրդի նախագահ, խաբեությամբ գրավադրել է տալիս քաղաքացու անշարժ գույքը և հետագայում վաճառել տալիս մեկ այլ անշարժ գույք մարվում է վարկը , մնացորդ մնալով 2.150.000 ՀՀ դրամ ( երկու միլիոն հարյու հիսուն հազար ՀՀ դրամ): Ֆիքսված պայմանագրի համաձայն՝ այդ գումարը համարվում է առանց տոկոսի , քանի որ Մհեր Մակիչյանի կողմից ընդունվում է, որ ժամանակին խաբեություն է տեղի ունեցել իրենց կազմակերպության կողմից և դրա համար պատժվել է և աշխատանքից հեռացվել է այդ խաբեությունը իրականացրած Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ-ի մասնաճյուղի տնօրենը:
Սակայն այդ պայմանագիրը խախտվում է, և մեկ տարվա ընթացքում դատարան են ներկայացվում կեղծ փաստաթղթեր և քաղաքացուց գումարի բռնագանձման պահանջով բավարարվում է 7.200.000 ՀՀ դրամ (Յոթ միլիոն երկուհարյուրհազար ՀՀ դրամ) : Որևէ մեկը ձեր ինտելեկտուալ ընտանիքից կարող է հաշվարկել և հանրությանը ներկայացնել տվյալ հաշվարկի դեպքում տարեկան տոկոսադրույքը ինչքա՞ն է կազմում, եթե մեկ տարվա ընթացքում 2.150.000 ՀՀ դրամը դառնում է 7.200.000 ՀՀ դրամ և պահանջվում է դատարանի միջոցով: Ընդ որում, չի ապահովվում քաղաքացու ծանուցումը և պաշտպանվելու իրավունքը:
Հասարակության մոտ իրավացիորեն հարց է առաջանալու , իսկ այս պատմության մեջ ի՞նչ կապ ունի Մանթաշ Մակիչյանը: Պատասխանը շատ ակնհայտ է և տրիվյալ: Մանթաշ Բորիսի Մակիչյանը նույնպես սուրբ չէ և նա կարդալով այս բաց նամակի տողերը կհասկանա իր անմիջական մասնակցությունը այդ վաշխառուական փողային սխեմաների կազմակերպման և աջակցման գործընթացներին:
Պարոնայք Մակիչյաններ,
Ոչ ոք իրականում իրավունք չունի ոչ մի գումարի պատճառով փոխելու մարդկանց ճակատագրերը: Միևնույնն է մի օր այդպիսի քայլեր կատարած անձինք կանգնում են պատասխան տալու զոհասեղանի առջև: Ավելորդ եմ համարում հիշեցնել ձեզ, որ դուք զրկված չեք իրավական տեսանկյունից օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն պահանջելու ինձանից այսպիսի սուր քննադատական և թվացյալ վարկաբեկող նամակի համար, սակայն նամակի ֆորմատը պահանջում է հրապարակային և բաց պատասխան տալու, փորձելու արդարացումներ գտնել նման վարքագծի համար և մաքրելու իրական կեղտոտված անունը: Սակայն կշտապեմ հիասթափեցնեմ ձեզ , քանի որ արդեն պատրաստ է երկրորդ նամակը կից նաև բավականին շատ տեսանյութեր, որոնք դուք ունեք ձեր տրամադրության տակ: Հուսով եմ իրավապահ մարմինները եւս հետաքրքրությամբ կկարդան այս բաց նամակը և համապատասխան մարմինները համապատասխան ֆինանսական ստուգումներ կիրականացնեն ինչպես Հյուսիսային համալսարանի , այնպես էլ Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ-ի Սև հաշվապահություններում:
Հարգանքներով հասարակությանը, բայց ոչ ձեր հանդեպ
Արա Խաչատրյան
Ներկայացնում ենք նաև մյուս կողմի պատասխանը`
Հարգելի խմբագրություն, ս.թ. հուլիսի 19-ին ժողովուրդ օրաթերթում լույս տեսավ «Հյուսիսային համալսարանի պաշտոնյաները՝ սկանդալի կիզակետում» հրապարակում «ABC իրավաբանական գրասենյակի» տնօրեն ոմն Արա Խաչատրյանի հեղինակությամբ:
Հաշվի առնելով, որ հրապարակումն իր մեջ պարունակում էր ինձ և իմ եղբորը հասցեագրված ակնհայտ զրպարտանք, շանտաժ, ինչպես նաև փորձ էր կատարվում խեղաթյուրված փաստարկների մեջբերմամբ անուղղակիորեն վտանգել Հյուսիսային համալսարանի վարկանիշը, մինչ սահմանված կարգով իրավապահ մարմիններին գործի քննությունը փոխանցելը, ներկայացնում եմ իմ պարզաբանումնն առ այն, որ ես հասարակական հիմունքներուվ հանդիսանում եմ Կրեդո ֆինանս վարկային կազմակերպության խորհրդի նախագահը, և <բաց նամակի> մեջ բարձրացված խնդիրները բացառապես ֆինանսական բնագավառին արչվող խնդիրներ են, և որեւէ կապ Հյուսիսային համասլարանի գործունեության կամ համալսարանի աշխատակիցների հետ չունեն, անկախ նրանից, որ հոդվածի պատասխանատուն նենգորեն փորձել է ազգակցական կապի շահարկմամբ նման կապ ձևավորել:
Միաժամանակ, բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տարածման սահմանափակումը հնարավորություն չի տալիս հեղինակի կողմից ֆինանսական գործարքների նենգափոխության չափը ունկնդրին առավել հասկանալի դարձնել, սակայն վերջինիս կողմից արդեն իսկ հրապարակված տվյալների օգտագործմամբ տեղեկացնեմ, որ ելնելով վերջինիս սոցիալական վիճակից, բազմիցս վերջինիս տեղեկացվել է, որ իր կողմից նշված՝ 2.150.000 (2.150.000 դրամի մասով վերջին երկու տարում որևէ գումար չի հաշվեգրվել, ինչպես կեղծում է հեղինակը) պարտավորությունը կատարելու դեպքում վարկային կազմակերպությունը վերջինիս նկատմամբ նախկինից կուտակված՝ 7.2 մլն (առկա են նշված պարտավորության բոլոր իրավական հիմքերը) պարտավորության պահանջից ամբողջությամբ կհրաժարվի: Սակայն, չօգտվելով վարկային կազմակերպության կողմից ընձեռնված հնարավորությունից, հեղինակը նմանատիպ շանտաժի և զրպարտանքի միջոցով ակնկալում է խուսափել նաև իրեն առաջարկված 2.150.000 դրամ վարկային պարտավորության կատարումից (բացվածքային այլ տվյալներ հնարավոր չէ հրապարակել՝ հաշվի առնելով բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տարածման սահմանափակումը):
Ի դեպ, չի բացառվում որ վերանայվի վարկային կազմակերպության կողմից վերջինիս 2.150.000 դրամի վճարման դիմաց կուտակված՝ 7.2 մլն պահանջից հրաժարվելու (շուրջ 5մլն զիջման) պատրաստակամությունը (իրավական նման հիմքերը կան), ինչպես նաև իրավապահ մարմինների քննարկմանը ներկայացվի Արա Խաչատրյանի կողմից ոչ վաղ անցյալում մեքենաների ներմուծման միջնորդային գործունեության արդյունքում խարդախության և խաբեության միջոցով քաղաքացիների դրամական միջոցները ժամանակ առ ժամանակ ապօրինի յուրացնելու փաստերը, որոնց հետևանքներն էլ, չի բացառվում, որ պատճառ լինեն վերջինիս ներկա ֆինանսական վիճակի համար:
ArmLur.am-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում բաց նամակների բովանդակության համար: