Հայաստանում ներքաղաքական զարգացումների ֆոնին մտահոգիչ է սահմանի տիրող իրավիճակը: Եթե նախկինում խոսքը միայն ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող լարվածության մասին էր, հազվադեպ` նաեւ Տավուշի հատվածում, ապա վերջին շրջանում եւ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը վտանգավոր է նաեւ Նախիջեւանի հատվածում կամ, օրինակ, Ճամբարակի շրջանում:
Խոսքը ոչ միայն լարածության, կրակոցների, այլ նաեւ սպառազինության ցուցադրման մասին է, եւ եթե, օրինակ, Նախիջեւանի հետ սահմանին ադրբեջանական միայն մեկ փոքրիկ զորամաս էր գործում, ապա այժմ նրանց թիվն էլ է մեծանում, սպառազինությունների կուտակումը սահմանին` եւս:
Եվ որքան էլ Հայաստանում այժմ ներքաղաքական իրավիճակը հանգիստ է եւ հայ հասարակությունը զբաղված է ներհայաստանյան իրողություններով, այս ու այն բացահայտումներով, սակայն սահմանների վիճակը եւ պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները չեն դադարում:
Այս ամենը շատ լավ հասկանում են նաեւ գործող իշխանությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Պատահական չէ, որ նա փորձում է տարբեր առիթներով հիշատակել Արցախի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության մասին: Նիկոլ Փաշինյանն այդ առիթն անգամ օգտագործեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս եւ միջազգային հանրության ուշադրությունն այդ կերպ հրավիրեց սահմանային լարվածության վրա: «Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը» – նշել էր նա:
Արդեն ավելի ուշ նա նաեւ կարեւոր ուղերձ էր հղել լրագրողների հետ զրույցում: Նա մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանի կողմից որեւէ գրոհ կամ հարձակում կլինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության դեմ: Սա իհարկե հստակ մեսսիջ է եւ այն էլ Ադրբեջանում տիրող ոչ ժողովրդավար գործընթացների ֆոնին: Փաշինյանը ռազմաքաղաքական լարված վիճակի մասին խոսել էր նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս` միաժամանակ նշելով, որ իրողությունները պետք է ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ անտեսել,այլ այդ ամենն ընդունել ի գիտություն:
Ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին է վկայում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Օրակարգում, ինչպես հայտնի է, ԼՂ հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերն են եղել: Ի վերջո նման հանդիպումներ միշտ չէ, որ տեղի են ունենում, հատկապես, Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: ՈՒ եթե առաջին նախագահը դիմել է այդ քայլին, ուրեմն ունի որոշակի մտահոգություններ, անհանգստություններ:
Միաժամանակ նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին եւս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը: Մասնավորապես, երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, եւ ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը եւս կապ ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, եւ կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը:
Ավելին` մեր տեղեկություններով` այս օրերին հայաստանյան շատ գործիչներ են Արցախ այցելում, հանդիպում ղեկավարությանը, փորձում հասկանալ իրավիճակի լրջությունը: Եվ նրանց հատկապես անհանգստացնում է Արցախի անկանխատեսելի լինելը, երբ վերջինս մե՛կ Արցախի ուղղությամբ, մե՛կ Տավուշի, մե՛կ էլ Ճամբարակի ուղղությամբ է կրակում` այդպիսով հնարավորություն չտալով հասկանալ, թե հնարավոր լայնամասշտաբ գործողությունների դեպքում որտեղից, ինչպես է գործելու Ադրբեջանը:
Մեր տեղեկություններով` այս օրերին Արցախի ղեկավարության հետ մշտապես կապի մեջ է անգամ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիրն այն է, որ պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները չեն դադարում նաեւ Սփյուռքում եւ հատկապես այն տեսակետն է իշխում, թե Ադրբեջանը սպասում էր Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին, որպեսզի վճռական գործողությունների դիմեր: Այդպիսի տեսակետ է հնչել անգամ քաղաքագիտական շրջանակներում, եւ այս ամենը եւս մեկ անգամ զգաստանալու եւ ամեն ինչին պատրաստ լինելու հանգամանք պետք է լինի:
Հուսանք` հոռետեսական կանխատեսումները չեն իրականանա, բայց եւ երկիրը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:
Նաիրա Հովհաննիսյան