«ՀՐԵՇԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել 2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարարի՝ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր, 61-ամյա Համլետ Ամիրխանյանի վերջին նամակը: Նա այն գրել է ինքնասպանության օրը եւ ծրարով փոխանցել տան աշխատակիցներից մեկին` խնդրելով, որ իր «չլինելու դեպքում» փոխանցեն բարեկամներին: Այդ օրը` ուշ երեկոյան էլ Ամիրխանյանի տանը հնչել է կրակոց, եւ նրան գտել են մահացած: Նամակը գրված է եղել ռուսերենով, վերնագրված՝ «Ես հայտնվել եմ հրեշի ազդեցության տակ»: Ի դեպ, այն կցվել է ԱԱԾ-ում գործարարի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործին: Նամակն ուշագրավ մանրամասներ է պարունակում՝ կապված ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդու՝ Արտյոմ Խաչատրյանի հետ: «Իսկ այժմ «հրեշի» կոնկրետ անունը` Խաչատրյան Արտյոմ Գագիկի: Նա պատրաստ է ամեն ինչ վերցնել, այժմ նա պլանավորում է վերցնել իմ 2 շենքերը` վարկադրված «Արդշինբանկում» վարկի դիմաց, որը նա տվել է օֆշորային ընկերության միջոցով, 6 միլիոն դոլարից ես մարել եմ 2,4 միլիոնը (Խանջյան 29-ից վաճառված բնակարանները նա ցածր գնով տվեց իր հարազատներին): Անիմաստ է խոսելը, շարունակական կողոպուտ, առանց աղմուկի եւ վեճի, նա ստիպում էր անել այն ամենը, ինչը նա էր ցանկանում: Եւ եթե չլսես, ողջ-ողջ կուտեն: Ինձնից մեծ գումարով ապրանքներ վերցրեց, առանց ձեւակերպումների եւ առանց հաշվարկների, հաշվապահական եւ բոլոր փաստաթղթերը: Հարկայինը 8 ամիս առաջ ամեն ինչ վերցրեց, պարզապես, որպեսզի ամեն ինչ իրենց ձեռքի տակ լինի, գաղտնի պատվերով: Մեկ խոսքով` ողբերգություն»,- ինքնասպանությունից առաջ գրել է գործարար Ամիրխանյանը: Ի դեպ, այս նամակը հայտնի է նաեւ ԱԱԾ-ին, այսօր քրեական գործի վարույթն իրականացնող Քննչական կոմիտեին: Ու հիմա Հայաստանում իրադրության փոփոխությունից հետո այն կարող է ավելի մանրակրկիտ քննարկման առարկա դառնալ, միգուցե եւ հանդիսանալ տեղի ունեցած ողբերգության պատճառների բացահայտման բանալին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը: Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը` ջանքեր գործադրելով մասնակիցը դառնալ դեպքերը կոծկելու հարցում: Եւ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր թափ է ստացել Մարտի 1-ի գործի նախաքննությունը, իրավապահներն ուսումնասիրում են ամեն մանրուք: Մեզ հասած տեղեկություններով` հենց Նիկոյանի արխիվից նյութերն ուզելը, այսպիսի ուսումնասիրություններն էլ պատճառ են դարձել, որ վտանգը կանխազգալով` շատերը, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, լքեն Հայաստանը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

 

 

ԵԿՄ-ում կրքերը կրկին բորբոքվել են: Ինչպես հայտնի է` երեկ ԵԿՄ-ում տեղի է ունեցել նիստ՝ վարչության փոխնախագահների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ, եւ որոշում է կայացվել կառույցի ղեկավարի պաշտոնում առաջադրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Այս հանգամանքը, սակայն, չեն ընդունել ազատամարտիկները, որոնք ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից, բայց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո վերադարձել էին: Խոսքն առաջին հերթին «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների մասին է, որոնք պնդում են, թե ճիշտ է այս պահին ԵԿՄ նախագահ չունենալը, եւ որ կառույցը պետք է ղեկավարվի կոլեգիալ սկզբունքով: «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց. «Առաջիկայում կորոշենք՝ համագործակցե՞նք, թե՞ ոչ։ Իսկ Արամ Սարգսյանի հետ կապված ասեմ, որ մենք դեմ չենք, նա այն մարդն է, որի շուրջ Երկրապահը կարող է համախմբվել»:

 

 

Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ դարձավ Սերժիկ Ավետիսյանը, դատավոր, որը վերաքննիչ դատարանում աշխատած ժամանակ քննել է 2008թ. քաղբանտարկյալների, այդ թվում՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրեական գործը` անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով կայացված անարդար դատավճիռները: «Ժողովուրդ» օրաթերթն Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա զղջացել է Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռն անփոփոխ թողնելու համար: «Դուք նշեցիք, որ մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ, ես լրացում անեմ՝ մասնակի արդարացում է եղել, եթե ազդեցություններ լինեին, երեւի թե ես կգտնվեի ազդեցության տակ եւ գլխավոր դատախազության բողոքը այդ մասով չէի մերժի, այնպես որ դա այդպես չէ: Ինչ վերաբերում է զղջալուն կամ չզղջալուն, կան կոնկրետ գործի հանգամանքներ, կա օրենք, օրենսդրություն, եւ1991 թվականից ես դատական համակարգում եմ եւ չեմ հիշում մեկ դեպք, որ ես զղջամ»:

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՎ
ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ՍԴ-ում անցկացված միջոցառման ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ելույթը շատ սրտաճմլիկ էր: «Այս տոնն իր կարեւորությամբ զիջում է միայն ՀՀ անկախության տոնին, սակայն այն դեռ չի մտել մեր բնակարաններ: Շատերը կարեւորություն չեն տալիս, թեեւ ես ստանում եմ շնորհավորանքներ: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ շատերն ուշադրություն չեն դարձնում այս տոնին: Ոչ ոք, ոչ մի նպատակ, ոչ մի արժեք չի կարող վեր լիներ սահմանադրականության պահպանումից»,-հայտարարել է նա:
Իսկապես, շատ լավ է ասված, շատ ճիշտ շեշտադրումներով: Բայց, ինչպես կասեր մի շատ հայտնի անձնավորություն՝ «իյա, իրո՞ք»: Ո՞վ է այսօր խոսում սահմանադրականության պահպանումից: Հրայր Թովմասյա՞նը: Մի անձնավորություն, որ ՀՀԿ իշխանության առանցքային դեմքերից մեկն էր, ՀՀԿ խորհրդի անդամ: Նա ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի իշխանության օրոք, որը ՀՀ-ում հաստատվել է սահմանադրական կարգը տապալելու եւ բռնազավթելու միջոցով: Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն իշխանության ղեկին հայտնվեց 1998թ. ներպալատական հեղաշրջման արդյունքում, իսկ 2008թ. մարտիմեկյան ռազմական հեղաշրջումից հետո պարզապես է՛լ ավելի ամրապնդեց դիրքերը: Եւ իշխանավարման քսան տարիների ընթացքում ՀՀԿ իշխանությունն ամեն քայլափոխի, հետեւողականորեն, անխնա ոտնահարել է ՀՀ Սահմանադրության բոլոր դրույթները:
Բացի այդ, եթե չեք մոռացել, Հրայր Թովմասյանն այսօր գործող Սահմանադրության հիմնական հեղինակներից մեկն էր: Սահմանադրություն, որ ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները գրել էին բացառապես մի քանի անձի համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անձնական իշխանավարման անխափան վերարտադրման հարցը լուծելու նպատակով: Սահմանադրություն, որ 2015թ պարտադրվեց՝ հանրաքվեի արդյունքներն ամենալկտի, ամենաբռի մեթոդներով կեղծելու միջոցով: Սահմանադրություն, որն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց մեկ ամիս չանցած, տապալվեց՝ հանգեցնելով սահմանադրական, քաղաքական խորը ճգնաժամի: Այսօր առանց վարանելու կարելի է ասել՝ խորհրդարանական կառավարման համակարգը ՀՀ-ում ոչ միայն չարդարացրեց իրեն, այլեւ դարձել է պետականության ակունքներում դրված դանդաղ գործողության ռումբ, որն ամեն րոպե կարող է պայթել:
Այսքանից հետո, երբ Հրայր Թովմասյանը խոսում է Սահմանադրության տոնի, սահմանադրականության պահպանման մասին, պարզապես զավեշտալի է: Համաձայնեք, այսօր նա ոչ թե պետք է նման ելույթներ հնչեցներ՝ շարունակելով զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, այլ պետք է պատասխանատվության ենթարկվեր՝ հայտարարելով իր հրաժարականի մասին:




Լրահոս