ՄԱՐԴԻԿ ՀԱՐՄԱՐՎԵԼ ԷԻՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան 26-ից նախկինում եղած ուղղորդումների հարցի եւ դատական համակարգում առկա այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր Կիմ Բալայանի հետ:

-Պարո՛ն Բալայան, ՍԴ անդամի ընտրությունը երկու անգամ տապալվեց: Ի՞նչ խնդիր եք տեսնում այս հարցում:
-Խնդիրը ես տեսնում եմ նրանում, որ համակարգը ճիշտ չի ընտրված ընդհանրապես: ՍԴ անդամները, իմ խորին համոզմամբ, չպետք է ընտրվեն քաղաքական մարմնի կողմից: Ես գտնում եմ` ՍԴ-ն պետք է ձեւավորվեր երեք աղբյուրից. դատավորներն են, Փաստաբանների պալատն է եւ ՄԻՊ-ը, որոնք իշխանական թեւեր չեն համարվում: Տեսեք` Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ ընտրվեց իմ փոխարեն: Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց ՍԴ նախագահի պաշտոնից եւ անմիջապես Հրայր Թովմասյանին ընտրեցին նախագահի պաշտոնում: Ընտրեց ԱԺ-ն, այնինչ` նոր Սահմանադրությամբ պետք է ՍԴ անդամներն ընտրեին: Երբ թափուր մնաց Գագիկ Հարությունյանի տեղը, ՍԴ երկրորդ անդամի հարց չքննարկեց ԱԺ-ն: Ինչու մի դեպքում ընդգծված քաղաքական ուժի ներկայացուցչին ներկայացնում են, մեկ այլ դեպքում` չի ներկայացնում: Եվ հիմա, ինչպես գիտեք, երկու տեղ ՍԴ-ում թափուր է: ՍԴ-ում նույնիսկ չեն կարողացել նախագահի տեղակալ ընտրել, քանի որ միաձայնություն չկա: Իմ համոզմամբ` ԱԺ-ում քվեարկություն իրավունք չունեին անցկացնելու: Եվ քվեարկությունը չի էլ կայացել, որովհետեւ անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-րդի քվե: Բայց 3/5-րդը քվեարկությանը չեն մասնակցել եւ եթե չեն մասնակցել, 3/5 ձայներ ինչպես կարող էր ստանալ Ելիզավետա Դանիելյանը: Հետեւապես, ընտրություն չի կայացել, ոչ թե չի ընտրվել, ինչպես իրենք հայտարարեցին: Ով է զբաղվում այս հարցերով, ոչ ոք:
-Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ դատավորներն ուղղորդվել են Բաղրամյան 26-ից եւ մինչեւ վերջերս էլ զանգահարել են այս կամ այն գործի մասով: Դուք երկար տարիներ եղել եք ոլորտում, դա նկատե՞լ եք: Ձեզ վրա եղե՞լ է ճնշում:
-Շարքային անդամի վրա ճնշումը համարյա անհավանական է, որովհետեւ եթե որեւիցե պատվեր ունեն տալու, պատվերը տալիս են տվյալ հիմնարկի ղեկավարին. տվյալ դատարանի նախագահին կամ Վճռաբեկ դատարանի նախագահի միջոցով` մյուսներին: Եթե Սահմանադրական դատարանը լինի, պետք է նախագահին դիմեն, ոչ թե անդամին: Ինձ վրա ճնշում փորձել են գործադրել վաղաժամկետ ազատման հարցում, որտեղ հանդես եմ եկել որպես զեկուցող դատավոր: Ինձ ասել են, որ դա ճանաչեմ հակասահմանադրական, բայց, ի վերջո, այդ ճնշումն արդյունքի չի հասել, ընդհակառակը` իրենք են համոզվել, որ իմ բերած փաստարկները ճիշտ են եւ եթե մենք հակասահմանադրական ճանաչենք, ՄԻԵԴ-ը դա ճանաչելու է որպես մարդու իրավունքների խախտում:
-Այս պարագայում ի՞նչ պետք է արվի, որ դատավորները ոչ թե կախում ունենան իշխանությունից, այլ գործեն օրենքի տառին համապատասխան:
-Ցանկացած բնագավառում, այդ թվում արդարադատության, իներցիայի օրենքը գործում է: Եվ միանգամից ասել, որ հենց հեղաշրջումը եղավ, դատավորները մի օրվա մեջ չեն կարող փոխվել: Բայց պատճառն ինչ է. մարդիկ հարմարվել էին այդպիսի պրոցեսի, որ քաղաքական, հասարակական հնչեղություն ունեցող գործերով պետք է պատվերը վերեւից իջեցվեր: Եվ այդ բնագավառին ծանոթ ցանկացած մարդ կարող էր ասել, որ կային ցուցակների գործեր: Ցուցակներ կային, թե որ գործն ինչպես պետք է լուծվի: Այս տեսակետից հաղթահարել այդ իներցիան դժվար է: Բայց, բարեբախտաբար, տեսնում ենք համարյա ամեն օր, որ դատական համակարգն աստիճանաբար հունի մեջ է, եւ դա կախված է ոչ միայն այդ նույն դատական համակարգից, այլ հանրապետության իշխանությունից: Եթե վարչապետն ասում է, որ որեւիցե միջամտություն չի լինելու, եւ պատժվելու է այն դատավորը, որը հանցավոր ուղով փորձի հարց լուծել, հարցերը լուծվում են այստեղ: Իսկ ովքեր փորձեն չարաշահել այն վստահությունը, որ իշխանությունները տվել են նրանց, անվստահության կենթարկվեն:
-Այսինքն` նախկին իշխանության խնդի՞րն է եղել սա:
-Եթե այս համակարգը մնաց, ապագա իշխանություններն էլ են սկսելու հրահանգ տալ:
-Հիմա տարբեր անձինք են բերման ենթարկվում, քրեական գործեր են հարուցվում: Ըստ Ձեզ` սա ճի՞շտ գործընթաց է:
-Ես շատ ցավով եմ գնահատում, որ դա 1991 թվականից չի եղել: Իմ ցավը դրա մեջ է, եւ ես ինչ-որ տեղ մեղավոր եմ ինձ զգում դրա համար, քանի որ կանգնած եմ եղել այս համակարգի ստեղծման ակունքներում: Շատ-շատ երեւույթների մասին շատերս լսել էինք, որեւէ քայլ արե՞լ ենք, արդյոք, կանխելու համար դա: Չէ: Եթե արել ենք, անհաջող քայլեր են դրանք եղել կամ անարդյունավետ:
-Այն, որ առաջին անգամ տապալվեց վարչապետի ընտրության գործընթացը, սխա՞լ մոտեցում եք համարում ՀՀԿ-ի կողմից:
-Ես մայիսի 2-ին` մինչեւ ընտրությունը, ասել եմ` Աստված չանի, որ չընտրվի: Բայց եթե չընտրվի, պետք է նոր ընտրություն անցկացնել: Իմիջիայլոց ասեմ, որ մեկ սահմանադրական խախտում էլ այդտեղ էին արել: Օրենսդրությունն ասում է` մինչեւ յոթ օր հետո կարող է հաջորդ ընտրությունը տեղի ունենալ: Այսինքն` ավելի շուտ կարող էին անել եւ ցնցման մեջ չպահեին հասարակությանը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԵԿՄ-ԻՑ ՆԵՂԱՑԱԾՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՀԵՌԱՑԱՆ

Երկրապահ կամավորական միության շուրջ կրքերը կրկին բորբոքվել են: Երեկ ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ ակտիվի նիստ: Վարչության փոխնախագահները վարչության նախագահի պաշտոնում ներկայացրին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր թեկնածությունը: Արամ Սարգսյանը եւս մասնակցել է երեկվա նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը նշեց, թե Արամ Սարգսյանի թեկնածությանը ներկաներից ոչ ոք դեմ չի եղել, եւ այն ընդունվել է միաձայն: Միեւնույն ժամանակ Ղուկաս Ուլիխանյանը չթաքցրեց, որ այն ազատամարտիկների թվում, ովքեր ԵԿՄ անդամ չեն եւ ակտիվացել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո, կան նաեւ այնպիսինները, ովքեր դեմ են թե՛ ԵԿՄ-ի նախագահ ունենալու հանգամանքին, թե՛ Արամ Սարգսյանի թեկնածությանը:
Նշենք, որ խոսքն առաջին հերթին «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Սեւ հովազ» խմբի մասին է: Բանն այն է, որ Գրիգորյանի ձերբակալությունից հետո «Ազատամարտիկների դաշինքի» անդամները` Գագիկ Մելքոնյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ, փորձեցին իրենց ձեռքը վերցնել ԵԿՄ-ն: Նրանք մասնավորապես դեմ էին, որ ԵԿՄ-ն ունենա նախագահ, եւ ցանկանում էին վարչությունով այն ղեկավարել եւ հենց իրենք էլ լինեն այդ կազմում: Սակայն հենց ԵԿՄ-ում այդ ամենին դեմ են եղել եւ հատկապես Գագիկ Մելքոնյանին:
Եվ հիմա այս իրավիճակը կրկին հանգեցնում է նրան, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակտիվացած ազատամարտիկները կրկին սառեցնելու են համագործակցությունը ԵԿՄ-ի հետ: Մասնավորապես «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք դեմ չեն, սակայն նշեց, թե ԵԿՄ-ն գոնե մեկ տարի չպետք է նախագահությամբ գործի: «Մենք ժամանակավորապես կսառեցնենք համագործակցությունը: Առաջիկայում կորոշենք՝ համագործակցե՞նք, թե՞ ոչ։ Իսկ Արամ Սարգսյանի հետ կապված ասեմ, որ մենք դեմ չենք, նա այն մարդն է, որի շուրջը Երկրապահը կարող է համախմբվել» – նշեց նա։
«Սեւ Հովազ»-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, թե ինքը կողմ է ԵԿՄ-ն վարչությունով ղեկավարելուն, այլ ոչ թե անձով: «Իրենք ցանկացան նույն ստրուկտուրան պահել, դա արդեն իրենց խնդիրն է: Հաստատ չենք համագործակցի, մենք ուրիշ ձեւ էինք ուզում: Խնդիրն Արամ Սարգսյանի մեջ չէ, նրան հարգում եմ, բայց ընդհանրապես նա ԵԿՄ-ի հետ ինչ կապ ունի: Նրան հարգում ենք որպես Սպարապետի եղբայր», – նշեց նա:
Հավելենք, որ սեպտեմբերին ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի, որի ժամանակ էլ կընտրվեն նոր վարչություն, փոխնախագահներ եւ նախագահ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ ՈՒ ԴԱՏՎԵԼ ԷՐ
Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին հուլիսի 4-ին մեղադրանք է առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար: Բանն այն է, որ 2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար, ինչն էլ նա արել է: «Ժողովուրդ» օրաթերթին այս հափշտակությունից մանրամասներ են հայտնի դարձել այս գործի շրջանակներում: Մասնավորապես Կոնստանտին Կոստանյանը, որը 2014-2015թթ. ընթացքում աշխատել է «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես կորպորատիվ հաճախորդների մենեջեր եւ հանդիսանալով նյութական պատասխանատու անձ` ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 65 միլիոն 617 հազար 500 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Դատարանը Կոստանյանի մասով կայացրել է վճիռ եւ նրան ազատազրկման է դատապարտել 5 տարի ժամկետով: Բացի Կոստանյանից` Միշա Վարդանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր` ընկերությունից հափշտակել էր 46 միլիոն 794 հազար 452 դրամ ավտոպահեստամասեր: Վարդանյանի գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է: Ասել է, թե այս անձինք են թալանել Բեգլարյանին, իսկ նա ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ է բռնություն կիրառել, որ հետ վերադարձնի հափշտակված փողերը:

 

ՊԱՐՏԱԴԻՐ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը սարերի ետեւում չէ: «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձել է պարզել, թե արդյո՞ք իր ղեկավարած ուժը մասնակցելու է ընտրություններին: «Պարտադիր: Եթե «Ժառանգություն»-ը չմասնակցի, ո՞վ մասնակցի»,- պատասխանել է նա: Հնարավո՞ր է` կուսակցությունը դաշինքով մասնակցի, թե՞ միայնակ կգնա ընտրապայքարի, Մարտիրոսյանը հստակ պատասխան չի տվել. «Դեռ չենք որոշել, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու: Բայց եթե դաշինքային ձեւաչափ ձեւավորվի, որը նպաստավոր կլինի մեր պետության, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության համար, մենք բաց ենք նման դաշինքների համար»: Չնայած ակնհայտ է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չունի նախկին վարկանիշը եւ ընտրություններին միայնակ մասնակցելով` չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմը, ուստի հիմա որոշել են դաշինքների համար «բաց լինել»:




Լրահոս