Քաղաքական թեժ աշնանը սպասելիս. ինչ է սպասվում առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում եւ հասարակության մեջ տիրող ակտիվությունը քիչ-քիչ մարում է: Առաջիկա մեկ ամիսն, ըստ էության, անցնելու է ավելի հանգիստ պայմաններում, եւ թերեւս միակ շարժիչ ուժը կմնան իրավապահների կողմից արվող եւ ներկայացվող բացահայտումները: Իսկ քաղաքական առումով ակտիվ կյանքը թերեւս մի փոքր կանգ կառնի. այնուամենայնիվ, ամառային հանգստի ժամանակն է: Իսկ ահա ամբողջ սեպտեմբերն իսկապես թեժ է լինելու:

Բանն այն է, որ բազմաթիվ իրադարձություններ նախատեսված են հենց այդ ամսին: Նախ սեպտեմբերին կսկսվի Ազգային ժողովի նոր նստաշրջան, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանում քննարկման առարկա կհանդիսանան շատ կարեւոր նախագծեր, այդ թվում` Ընտրական օրենսգիրքը: Ինչպես հայտնի է, ԸՕ նախագծի շուրջ քննարկումների համար ստեղծված երկու պլատֆորմներն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Սակայն, ամեն դեպքում, սպասվում է, որ սեպտեմբերին պետք է արդեն ամբողջական տեսքի բերված լինի նախագիծը, որպեսզի այն հնարավոր լինի քննարկել նաեւ ԱԺ լիագումար նիստում: Եվ չի բացառվում, որ այդ հանգամանքից ելնելով` մինչ սեպտեմբեր խորհրդարանական ձեւաչափն ու վարչապետի որոշմամբ ստեղծված խմբի անդամները կրկին հանդիպեն:

Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում միանգամից երկու ընտրություն է նախատեսված: Նախ այդ ժամանակահատվածում նախատեսված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որն էլ ուղեկցվելու է ՀՖՖ նախագահի եւ նոր գործադիր կոմիտեի ընտրությամբ: Ինչպես հայտնի է, այժմ հիմնական թեկնածուն հանդիսանում է Ազգային անտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, եւ ԱԱԾ-ն էլ չի հերքել, որ այդպիսի հարց կարող է քննարկել, իսկ ահա կառույցի ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ անձամբ է ասել, որ հենց Վանեցյանն է լավագույն տարբերակը եւ եթե նա առաջադրվի, ապա Հայրապետյանը չի առաջադրվի: Դե իհարկե կնորացվի նաեւ գործկոմի կազմը, քանի որ ներկայիս անդամները փաստացի նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, որոնց փոփոխումը նոր իրողություններում եւ նոր ՀՖՖ նախագահի օրոք անխուսափելի է:


Կրկին սեպտեմբերին նախատեսված է նաեւ Երկրապահ կամավորական միության արտահերթ համագումարը, որը կընտրի նոր վարչություն եւ վարչության նախագահ: Այստեղ չնայած ամեն ինչ պարզ է, սակայն փաստն ինքնին հետաքրքիր է: Ինչպես հայտնի է, միակ թեկնածուն «Հանրապետություն» կուսակցության վարչության նախագահ Արամ Սարգսյանն է, ով համաձայնել է, ինչը դարձել է ԵԿՄ-ից հեռացած եւ այս ընթացքում կրկին միավորված ազատամարտիկների նեղացվածության պատճառ: Նրանք, ըստ էության, դեմ են, որ ԵԿՄ-ն նախագահ ունենա: Ամեն դեպքում, այս կառույցի շուրջ ծավալվող իրադարձությունները եւս մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Բնականաբար մեծ հետաքրքրություն է առկա` Երեւանի 2800-ամյակի եւ ավագանու ընտրության թնջուկի հետ կապված: Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Ու ստացվում է` այդ միջոցառումները 2800-ամյա Երեւանը կտոնի առանց քաղաքապետի. Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո նոր քաղաքապետ չի ընտրվել, ու հավանաբար, մինչ այդ որեւէ մեկը չի ընտրվի: Գաղտնիք չէ, որ այդ օրը բազմաթիվ հյուրեր եւ միջոցառումներ են լինելու, եւ թերեւս զարմանալի կլինի առանց քաղաքապետ ներկայանալը, իսկ եթե ընտրությունները տեղի չունենան, ապա այդ օրերին որպես քաղաքապետի պաշտոնակատար ներկայանալու է Կամո Արեյանը: Միակ մխիթարանքն այն է, որ Արեյանը փոխքաղաքապետն է անհիշելի ժամանակներից եւ իսկապես Երեւանի 2800-ամյակի տոնակատարություններին կարող է քայլող սիմվոլ լինել: Այլ հարց, թե նա որքանով է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի ձեւակերպած Նոր Հայաստանի պաշտոնյաներին բնորոշ չափանիշներիր մեջ: Սա կարող եք դատել ինքներդ:

Հետաքրքիր է, որ շատ են այնպիսինները, ովքեր կարծում են, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարելի է կազմակերպել հենց սեպտեմբերի 29-ին կամ 30-ին, եւ այդ առումով եւս հետաքրքիր կլինի, երբ ավագանու ընտրություններն անցկացվեն հենց քաղաքի օրը: Իսկ եթե վարչապետն իսկապես ցանկանում է այդ օրը նոր քաղաքապետ ունենալ, ապա պետք է ընտրությունը տեղի ունենա գոնե երկու շաբաթ առաջ, քանի որ, ըստ օրենքի, արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, եւ հենց այդ օրն էլ ավագանին իր միջից քաղաքապետ կընտրի:

Այնպես որ առաջիկայում հետաքրքիր գործընթացներ են սպասվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս