Տնօրենը դպրոցի հաստիքացուցակում ընդգրկել է որդուն եւ հարսին. պարտադրում է սոցփաթեթի պայմանագրեր կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակ է ստացել ՀՀ Արարատի մարզի Վեդիի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մի քանի ուսուցիչներից: Նրանց դժգոհությունն ու բողոքը կապված է դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանի գործելաոճի հետ: Նշենք, որ Պապոյանը արդեն տասը տարի է, ինչ այս դպրոցի տնօրենն է:

Նամակում նշված է, որ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ալվարդ Պապոյանը, տարիներ շարունակ օգտագործելով պաշտոնական դիրքը, իր կամքն է թելադրում դպրոցի աշխատակիցներին: Ի դեպ, տնօրենի գործելաոճի հետ կապված նրանք բազմաթիվ անգամ դիմել են Արարատի մարզպետարան, կրթության եւ գիտության նախարարություն, սակայն անարձագանք: Նամակում նշված է, որ դպրոցի հաստիքացուցակում ընդգրկված են ե՛ւ տնօրենի, ե՛ւ հաշվապահի հարազատները, որոնք իբր որեւէ կապ չունեն դպրոցի հետ:

«Տնօրենը եռահարկ դպրոցի բոլոր դասասենյակները, միջանցքները, դահլիճը եւ այլ սենյակներ կահավորել է սեփական արտադրամասում արտադրված շերտավարագույրներով` ստիպելով ծնողներին վճարել դասասենյակների վարագույրների համար: Մեկ պատուհանի շերտավարագույրի արժեքը կազմել է 25 հազար դրամ, իսկ տեղադրելու համար հավաքվել է եւս 5000 դրամ: Դպրոցում առաջինից չորրորդ դասարանների եւ ներառական կրթության երեխաների սննդի բոլոր գնումները կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումներով: Տնօրենը դպրոցական բոլոր փաստաթղթերը (խմբակի, դասղեկի, մասնախմբերի մատյաններ) վաճառում է համապատասխան ուսուցիչներին 1000-2000 դրամով: Նա տարիներ շարունակ դասղեկներին վճարել է 6000 դրամ (9600 դրամի համար նախատեսված դրույքաչափի դեպքում): Նա պարտադրում է բոլորին սոցփաթեթների պայմանագրերը կնքել իր մատնանշած գործակալության հետ: Ավելին` անվճար սնունդ ստացող մոտ 350 աշակերտներից ոչ մեկի բացակայությունը դասամատյաններում չի նշանակվում: Իսկ այն ուսուցիչները, ովքեր բացակա աշակերտներին նշում են դասմատյանում, խիստ հանդիմանության են արժանանում»,- նշված է մի քանի ուսուցիչների կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված նամակում:

Բացի այս, նամակից տեղեկանում ենք, որ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը հինգ ուսուցիչների անցած տարվա սեպտեմբերի 1-ին պայմանագրերը լուծարելու փոխարեն լուծարել է երկու ամիս շուտ` հունիս 30-ին ին` զրկելով վերջիններիս օգոստոսի 22-31 աշխատանքային օրերի աշխատավարձից: «Մեկ դրույքով աշխատող ֆիզիկայի լաբորատորիայի աշխատողին պահել է, փոխարենը լուծարել է 0,5 դրույքով աշխատող քիմիայի եւ կենսաբանության լաբորատորիաների աշխատողներին: Նա այդ փաստը ԿԳՆ տեսչական մարմնի մոտ արդարացրել է` ասելով, թե փողը խնայել է ջերմոցային տնտեսության համար: Մինչդեռ ջերմոցը հիմնադրվել է ՄԱԿ-ի գրասենյակի կողմից: Դպրոցի ողջ տարածքում, միջանցքներում, ուսուցչանոցում տեղադրել է տեսախցիկներ, իսկ ուսուցչանոցում` նաեւ գաղտնալսող սարք, որոնք ձեռք է բերել ամուսնուն` Արայիկ Օհանյանին պատկանող ընկերությունից: Տիկին տնօրինուհին արհմիության գումարով պարգեւատրել է ինքն իրեն եւ իր հավատարիմ մարդկանց: Իսկ ահա հունիսի 6-ին ԿԳՆ-ի տեսչական մարմնի աշխատակիցներ Լաուրա Սամվելյանը եւ Աիդա Բարսեղյանը ստացած դիմում-բողոքի հետքերով դպրոց էին եկել. մի քանի ուսուցիչներ նրանց տեղեկացրել են, որ իրենցից պահանջել են գումար խմբակների, դասղեկական, մեթոդմիավորման մատյանների համար, դասղեկներից Ա 4 ֆորմատի բարձր որակի թուղթ: Սակայն նախարարության աշխատակիցները անարձագանք հեռացել են, իսկ դպրոցի մանկավարժական եւ ծնողական կոլեկտիվները հույսով սպասում են անպատիժ կերպով գործունեություն իրականացնող տնօրենի պատժին»,- նամակում նշել են դպրոցի մի քանի ուսուցիչներ:

Ստացած նամակի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանի հետ: Նա, լսելով նամակի բովանդակությունը, հայտարարեց` նշելով հետեւյալը. «Դրանք բոլորը զրպարտանքներ են բառիս բուն իմաստով: Ովքեր ձեզ դիմել են, թող իրենք իրենց անունները տան: Այդ բողոքների մասով դիմել են նաեւ կրթության գիտության նախարարին, վարչապետին, բայց կրթական տեսչական մարմնից եկել են, ստուգումներ արել, եւ այդ բոլորը հերքվել է: Վերջնական արդյունքը` եկել են այն եզրահանգման, որ ես օրենքի ոչ մի տառ չեմ խախտել: Ինձանից երբեք դժգոհություններ չեն եղել: Ավելին` իմ պաշտոնավարման տասը տարիներին դպրոցը ծաղկել է ու շարունակում է ծաղկել: Ես այդ դպրոցում պատահական մարդ չեմ, աշխատել եմ նախ որպես պիոներ-ջոկատավար, ուսուցիչ, կազմակերպիչ, որից հետո ուսմասվար, ապա տնօրեն: Բացի այս, այդ դպրոցում ես տասը տարի սովորել եմ»:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը տնօրենից հետաքրքրվեց` դպրոցի հաստիքացուցակում ընդգրկված քանի բարեկամ ունի: Պարզվեց` նրանք երեքն են. «Ես բարեկամներ ունեմ դպրոցում, ինչու չունեմ. իմ եղբոր կինը դեռեւս 1996 թվականից է աշխատում որպես դռնապահ, իսկ ես 2008 թվականին եմ նշանակվել տնօրենի պաշտոնում: Իմ հարսը` որդուս կինը, դասվար է, դասվարի մրցույթ է հայտարարվել, եւ հարեւան դպրոցից է տեղափոխվել մեր դպրոց, որդիս էլ կես դրույքաչափով աշխատում է որպես օպերատոր, տեխնիկ օպերատոր է, ծրագրավորող»: Իսկ ահա «Ժողովուրդ» օրաթերթին նամակով դիմած ուսուցիչները նշել են, որ տնօրենի որդին թեեւ կես դրույքաչափով օպերատոր է, գրեթե չի ներկայանում աշխատանքի, փոխարենը ոսկու շուկայում ոսկի է վաճառում: Զրույցի ավարտին տնօրենը ափսոսանքով նկատեց, որ իր անձի վերաբերյալ կեղծ հայտարարություններ են անում. «Ես հասնելու եմ արդյունքի, ով զրպարտանք գրեց, նա պետք է պատասխան տա: Համեցեք դպրոց եւ ձեր աչքով կտեսնեք»: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում հնարավոր է տնօրենը իր պաշտոնին հրաժեշտ տա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս