Ես նիկոլապաշտ չեմ, ազգապաշտ եմ. Մարինա Թագակչյանը վախենում է, որ նոր կառավարության կողմից լսելի չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխության եւ դրա ներկայիս արդյունքների մասին զրուցել է հեղափոխության աջակիցներից մեկի՝ երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանի հետ: Նրա խոսքով՝ ինքը եւ իր ընկերները տեւական ժամանակ է՝ հայրենանպաստ նախագծեր իրականացնելու առաջարկով դիմում են մշակույթի նախարարությանը, սակայն ոչ մի արձագանք չստանալով` դեմ են առնում պատի: Երգահանը շեշտում է՝ անգամ նախորդ իշխանության օրոք ինքը նման վերաբերմունքի չի արժանացել: Նա մտավախություն ունի, որ նոր կառավարության կողմից հանրության ձայնը կարող է լսելի չլինել:

Մարինա՛, շատերը կհիշեն, թե որքան ակտիվ էիք թավշյա հեղափոխության օրերին: Ձեր գրառումներով, արտահայտած դիրքորոշմամբ սատարում էիք շարժմանը: Այսօր ի՞նչ տպավորություն ունեք կառավարության գործելաոճից:

-Կան ե՛ւ ոգեւորող, ե՛ւ հիասթափեցնող հանգամանքներ: Բայց կցանկանայի խոսել իմ մտահոգությունների մասին: Ավելորդ է ասել, որ նախկին իշխանության հետ որեւէ կապ չեմ ունեցել, եւ այն, ինչ հիմա պետք է ասեմ, չի կարող ասոցացվել որպես ռեժիմին հաճոյանալու միջոց: Նախկին նախագահի, նախկին առաջին տիկնոջ հետ մտերմանալու, այդ միջոցով ինձ համար ուղիներ հարթելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, սակայն ոչ մի անգամ դրանցից չեմ օգտվել: Միշտ ինձ մի փոքր բարձր եմ դասել եւ երբեք քծնանք գործի չեմ դրել: Նույն մոտեցումը բանեցնում են այս իշխանության պարագայում, սակայն չեմ կարող չնշել իմ մի քանի մտահոգության մասին: Ես, իմ շրջապատից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր մի անձ, մի շարք արվեստագետներ, որոնք մշակութային կյանքում 20-30 տարվա ավանդ ունեն, պարբերաբար դիմել ենք կառավարությանը եւ ոչ մի արձագանք չեն ստացել:

-Ի՞նչ ծրագրերով եք դիմել: Եկեք ընդունենք, որ Ձեզ պես շատերն են դիմում գերատեսչություններին, եւ հաճախ պարզապես ժամանակ չի լինում բոլորի պահանջները միանգամից բավարարելու համար:

-Ես եւ իմ ընկերները, օրինակ, ներկայացրել ենք հայրենանպաստ նախագծեր, սակայն ո՛չ մշակույթի, ո՛չ կրթության եւ գիտության նախարարություններից պատասխան չենք ստացել, դեմ ենք առել պատի: Եթե կառավարությունում չունեմ ընկերներ, ուրեմն պետք է լսելի չլինե՞մ: Դա ինձ վախեցնում է: Նույնիսկ նախորդ իշխանության օրոք կառավարությունից արձագանքել են իմ դիմումներին: Ես ապրում էի հեղափոխությամբ, հիմա էլ եմ ապրում, բայց կարծում էի, որ այս իշխանությունը յուրաքանչյուր լավ միտք պետք է գողանա եւ գործընթաց սկսի: Բայց դեռեւս նման բան չեմ նկատում: Ասում են՝ օրինակ՝ մշակույթի նախարարն անփորձ է: Բայց ես ուրիշ գնահատական կտայի. նա անտեղյակ է, բայց պետք է փորձի իր շուրջ հավաքել տեղյակ մարդկանց, տեսնել՝ որ խնդիրներն են այս ժամակահատվածում ենթակա գոնե մասնակի լուծման: Չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց չեմ էլ կարող լռել:

-Կցանկանայի մի փոքր էլ մարդկանց գիտակցության մակարդակից խոսել: Ի՞նչ տրամադրություններ եք նկատում հանրության շրջանում: Այս առումով մտահոգիչ երեւույթներ նկատո՞ւմ եք:

-Հիմա, իմ դիտարկումներով, հայ հանրությունը բաժանվել է երեք խմբի՝ նախկին ռեժիմի կողմնակիցներ, զոմբիացած մի զանգված, որը հալած յուղի պես է ընդունում ներկայիս իշխանության կողմից արված ամեն հայտարարություն, եւ անկողմնակալ վերլուծողներ, որոնց հետաքրքրում է ազգային շահը՝ անկախ այն հանգամանքից՝ ով է իշխանության գլուխ կանգնած: Անձամբ ես նիկոլապաշտ չեմ, ազգապաշտ եմ: Ինձ համար էականն այն է, որ մեր երկրում չլինեն կոռուպցիա, անօրինականություն, կառավարության գործունեության դաշտը լինի թափանցիկ, մարդկանց ձայնը՝ լսելի: Հուսով եմ՝ համապատասխան մարմինները կլսեն իմ դժգոհությունները եւ կարձագանքեն դրանց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս