Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են լայն թափով: Երեկ էլ խորհրդարանում տեղի ունեցավ խմբակցությունների ձեւաչափով հերթական քննարկումը, որի ժամանակ անդրադարձ եղավ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված առաջարկներին: Դրանցից մեկը, ինչպես եւ սպասելի էր, անցումն է 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այս դեպքում էլ միասնական որոշում դեռ առկա չէ` փակ ցուցակներով, թե բաց: Սակայն ամեն դեպքում երկու տարբերակին էլ ՀՀԿ-ն վերապահումով է մոտենում:
Երեկ քննարկման ժամանակ այս հարցին անդրադարձավ Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ բարձրացնելով տարածքներից պատգամավորներ ընտրելու հարցը: «Եթե մենք չերաշխավորենք մանդատներ տարածքների համար, մենք չենք ունենա տարածքային ներկայություն: Եթե անցնենք մեկ միասնական համամասնական ցուցակի, անգամ բաց ցուցակի, ես մտահոգություն ունեմ, որ մենք կսպանենք քաղաքականությունը մարզերում: Ինչ վերաբերում է փակ ցուցակներին, ես ավելի մեծ մտավախություն ունեմ: Փակ ցուցակը հանգեցնելու է մարդ-կուսակցության կամ վերնախավ-կուսակցության, որովհետեւ հիմնական հարց լուծողը լինելու են ցուցակի առաջին 3 կամ 5 հորիզոնականում գրանցված անձինք: Մնացածը արժեք չեն ունենալու»,-նշեց նա` կոչ անելով չհրաժարվել բաց տարածքային ցուցակներով ընտրակարգից:
ՀՀԿ-ի` վարկանիշային համակարգից չհրաժարվելու այսպիսի համառությունը, իհարկե, պատահական չէ: Ճիշտ է` դեռ իշխանության ղեկին եղած ժամանակ այսպիսի համակարգ ՀՀԿ-ն ցանկանում էր իր համար ձայներ ապահովելու նպատակով միայն, քանի որ կուսակցությանը հիմնական ձայներ բերողներն էլ հենց եղել են վարկանիշային թեկնածուները, ովքեր հիմնականում գործարարներն են եղել եւ իրենց լծակներով կարողացել են մեծ թվով ձայներ ապահովել: Բայց թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունից ու խորհրդարանական խմբակցությունից դուրս են եկել հենց իրենց հիմնական վարկանիշային թեկնածուներն ու գործարարները:
Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս են եկել Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գեւորգյանը եւ Շիրակ Թորոսյանը: Սակայն բացի վերջինից` մյուսները հենց վարկանիշային թեկնածուներ են եղել եւ իրենց տարածքներում մեծ թվով ձայներ են ստացած եղել: Խոսենք թվերի լեզվով: Արման Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը պատգամավոր են ընտրվել թիվ 11 ընտրատարածքից (Շիրակի մարզ): Արման Սահակյանը հավաքել էր 14 հազար 510 ձայն, իսկ Ֆելիքս Ցոլակյանը` 11 հազար 796 ձայն: Ստացվում է` այս ընտրատարածքում ՀՀԿ-ն փաստացի զրկված է իր հիմնական ձայներից, եւ եթե հաշվի առնենք, որ Շիրակի մարզը միշտ էլ խնդրահարույց է եղել ՀՀԿ-ի համար, ապա հիմա ամեն ինչ շատ ավելի վատ է: Թիվ 12 ընտրատարածքից (Վայոց ձոր եւ Սյունիքի մարզ) պատգամավոր դարձած Աշոտ Արսենյանը, ով վերջերս լքեց ՀՀԿ-ն, խորհրդարանական ընտրություններում ստացել էր 17 հազար 809 ձայն` զիջելով միայն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին:
Իսկ ահա Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանն ու Արթուր Գեւորգյանը պատգամավոր էին դարձել Երեւանը ընդգրկող ընտրատարածքներից, ընդ որում, Գեւորգյանն ու Սարգսյանը միեւնույն ընտրատարածքում էին` թիվ 2, որը ընդգրկում էր Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները: Այստեղ Արտակ Սարգսյանը ստացել էր 11 հազար 996 ձայն, Արթուր Գեւորգյանը` 10 հազար 150 ձայն (վերջինս պատգամավոր էր դարձել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ինքնաբացարկից հետո): Իսկ ահա Սամվել Ալեքսանյանն էլ պատգամավոր է դարձել թիվ 3 ընտրատարածքից (Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ): Նա ստացել էր 42 հազար 772 ձայն, որը Երեւանի մասշտաբով ռեկորդային է եղել: Իսկ ահա, առհասարակ, ընտրություններում ռեկորդային են եղել Կարեն Կարապետյանի եւ Արայիկ Գրիգորյանի ձայները: Չեն դադարում խոսակցությունները նաեւ վերջինիս` ՀՀԿ-ն լքելու մասին, եւ այս դեպքում այդ կուսակցությունը կզրկվի ձայնի եւս մեկ աղբյուրից:
Եվ այս իրականության պայմաններում շատ զարմանալի է ՀՀԿ-ի այսպիսի դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ նրանք լավ հասկանում են, որ իրենց կուսակցության վարկանիշը ընկած է, եւ հույս ունեն, որ կկարողանան գոնե մի քանի չվարկաբեկված կադրեր գտնել, ովքեր կկարողանան գոնե անցողիկ շեմի համար ձայներ ապահովել, որպեսզի կարողանան մուտք գործել խորհրդարան: Այլապես, բացարձակ համամասնական ընտրակարգի դեպքում ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվի ձայն ստանալ. այս կուսակցության անունը նույնականացվում է չարիքի իշխանության, կոռուպցիայի, թալանի, տառապանքների հետ: Այնպես որ, ՀՀԿ-ին բացի հատուկենտ մարդկանցից, չեն ընտրի: Բայց ահա ռեյտինգային ընտրակարգի պարագայում, երբ դրվի կոնկրետ անձի ընտրելու խնդիր, հնարավոր կլինի թեկուզ ծանոթ-բարեկամների միջոցով անցողիկ շեմը հաղթահարելու չափով քվեներ ստանալ:
Ու թերեւս հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ն ամեն կերպ կառչած է մնում վարկանիշային համակարգից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅԼԵՎՍ ՄԻԱԿԱՐԾԻՔ ՉԵ՞Ն
Ինչպես հայտնի է` ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է ընտրությունների ժամանակ իջեցնել անցողիկ շեմը` կուսակցությունների համար դարձնելով 4 տոկոս, դաշինքների համար` 6: Եւ ահա երեկ խորհրդարանում քննարկման ժամանակ ուշագրավ էր ՀՅԴ-ական պատգամավորների պահվածքը: Մասնավորապես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կողմ էր շեմն իջեցնելուն` ասելով, որ ստվերային ձայները չեն փոշիանա, իսկ ահա Սպարտակ Սեյրանյանը դեմ էր, քանի որ ըստ նրա` դա ամենեւին էլ չի նպաստի կուսակցությունների կայացմանը, եւ կոչ արեց խորհրդարանը չդարձնել փաբ: ՀՅԴ-ի դեպքում այս բազմակարծությունը զարմանալի է, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել տեսակետների միասնականությամբ, անգամ եթե ՀՅԴ-ականները տարբեր կարծիքներ են ունեցել, բարձրաձայն չեն ցուցադրել իրենց հակասությունները: Ավելին` ՀՅԴ-ն միշտ ոչ միանշանակ վերաբերմունք է ունեցել այլ կարծիք արտահայտող կուսակցականների հանդեպ: Եւ այս ամենի համատեքստում երեկ տեղի ուենցածն անհասկանալի էր: Ի դեպ, երեկ պարբերաբար միմյանց հակասող տեսակետներ էին հայտնում նաեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Փոխարենը ՀՀԿ ներկայացուցիչներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանն ամեն հարցում փորձում էին միասնական տեսակետ հայտնել` անգիր արած կրկնելով նույն փաստարկները:
«Kraz»-ՈՎ ՈՒ «Gaz»-ՈՎ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ու պետք է նկատենք, որ նա բավական ուշագրավ կարողությունների տեր է: Նորանշանակ մարզպետն ունի 4 հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած նվերը` 150 հազար ռուսական ռուբլին: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այս նա Իջեւանի ավագանու անդամ է եղել:
ՎՆԱՍՈՎ
Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի արտադրության ծավալները զգալի նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի ծավալները 19.3 տոկոսով նվազել են: Իսկ մոլիբդենի խտանյութի ծավալները` 6.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիսին ՀՀ-ում արտադրվել է 139 հազար 200 տոննա պղնձի խտանյութ` անցած տարվա 172 հազար 600 տոննայի դիմաց: Իսկ մոլիբդենի խտանյութ նշված ժամանակահատվածում արտադրվել է 4 մլն 572 հազար տոննա: Մյուս կողմից ե՛ւ պղնձի, ե՛ւ մոլիբդենի խտանյութերի ծավալների նվազման հիմնական պատճառը կապված է Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի չաշխատելու հետ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Պարզվում է՝ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ-երկու օր անց հանդիպել է նրա հետ։ «Հանդիպումն անձնական է եղել»,-երեկ ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Թովմասյանը։ Ավելին Սահմանադրական դատարանի նախագահը չի հայտնել։
ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Երեկ ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ. նա եղել է Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Կապանում եւ Քաջարանում: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: Մի գորիսեցի հետաքրքրվել է` ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանին հաջողվել «խոշոր գիշատիչ ընձառյուծներին կատու» դարձնել` հեղաշրջում կատարելով մարդկանց մտքերում եւ կենսաբանական համաշխարհային մթնոլորտում: Վարչապետը պատասխանել է. «Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Եւ եթե ուզում եք իմանալ` ինչպես է ստացվել, ինչպես է մեզ հաջողվել հասնել նրան, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, շատ պարզ ձեւով` կառավարությունը ունի ժողովրդի աջակցությունը: Իմ միակ կախվածությունը ժողովրդից է: Որ պահին ես զգամ` չունեմ ձեր աջակցությունը, մի րոպե ավելի չեմ մնա վարչապետի աշխատասենյակում»: Վարչապետն այցելել է նաեւ «Մեղրի»-ի ազատ տնտեսական գոտի եւ ծանոթացել շինարարության ընթացքին: Այդտեղից տեղակայված մաքսային գոտի Նիկոլ Փաշինյանը ոտքով է գնացել, որտեղ ճանապարհները վատն են եղել: «Կիսավայրենի տարածք է: 21-րդ դարում ենք, սա աղբամա՞ն է: Մաքսայինը հնարավորություն չունի՞ տասը աղբաման շարելու այստեղ»,-ասել է նա:
ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշման դեմ, որը մերժվել է: Արթուր Ասատրյանը կմնա կալանավորված: Պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանն ասել է. «Արթուր Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը»: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Արթուր Ասատրյանի կողմից իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց առեւանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ էին իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք եւ ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել այդ ժամանակ եւ ձերբակալվել, հունիսի 19-ին` կալանավորվել:
ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂ
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գորիս այցի ժամանակ հուզիչ դեպք է եղել: Գորիսեցիների հետ հանդիպման ընթացքում ամբիոն է բարձրացել փոքրիկ երեխա եւ Փաշինյանին խաղալիք թղթադրամներ տվել: «Երեխան բերել, բյուջեի փող է տալիս, որ հարցերը լուծենք»,-մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեկ այլ փոքրիկ էլ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին եւ իր նկարած նկարը նվիրել նրան: