Նախկին եւ ներկա իշխանությունների քարոզարշավի հիմնական մեխը Վանաձորի անբարեկարգ, քարուքանդ դարձած փողոցներն են: Զարմանալիորեն բնակիչները դեռ հավատում եւ սպասում են, թե ասֆալտ փռող մեքենան մի օր իրենց փողոցում կհայտնվի: Վանաձորի քաղաքապետարան դիմումներ ու նամակներ են ուղարկում պատասխանի ակնկալիքով, բայց Ավետիսյան եւ Ծատուրյան փողոցների բնակիչները մինչեւ հիմա սպասում են համայնքապետի բարեգթությանը, որ 30 տարի անց գոնե այն փոքր-ինչ նորոգվի:
Թաղամասի բնակիչները թեեւ աչքները փակ ճշգրտորեն նկարագրում են տարածքը, բայց հենց տան ճանապարհին էլ վնասվում, կոտրվածքներ են ստանում: Նրանց համար սեփական տուն գնալու ճանապարհը հաճախ փոխարինվում է հիվադանոց տանող ճանապարհով: Տիկին Սոնան հաշմանդամության կարգ է ստացել տուն գնալու ճանապարհին` ընկած վնասվածքների արդյունքում: Երեխաներն էլ են հաճախ նույն ճակատագրին բախվում. «Մենք ենք գնում, մեր սեփական մեքենաներով, փողոցը շրջանցելով, քանի որ տաքսի ծառայության եւ անգամ շտապ օգնության մեքենաներն խուսափում են մեր փողոց գալ»:
Բնակիչների համար ամռան այս տապին իսկական պատուհաս է նաեւ աղբահանությունը: Նրանց հաշվարկով մեքենան տեղ է հասնում 1 նաեւ 2 ամիսը մեկ անգամ: Նրանք ճարը գտել են՝ ստիպված 300 մ գնում են, որ աղբ թափեն, ու հիմա էլ այնտեղ է աղբը կուտակվում: Փողոցի քանդված վիճակից եւ աղբի գարշահոտությունից նեղված բնակիչը թաղամասի իրավիճակը նկարագրող նկարներն ուղարկել է քաղաքապետի ֆեյսբուքյան էջին: Բնակիչների դիմումներին չպատասխանող համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն նամակով է պատասխանել բնակչին, այլեւ զանգել է նրան. «Զանգեց Ֆեյսբուքյան զանգի միջոցով, պահանջեց հեռացնել նկարները, պատճառաբանելով, թե քաղաքը շատ մաքուր է, եւ այդ թաղամասը օրը 2 անգամ մաքրվում է: Այսքան մարդն ապրում է, որեւէ մեկը տեսել է, նման բան: Միայն խոստումներ են տալիս, որ կմաքրվի, ամեն օր ստուգում եմ, նույնն է: Խոստանում եմ մաքուր տեսնեմ, դա էլ նկարեմ» :
Նշենք, որ բնակիչները թեեւ բողոքում են, բայց ամեն ամիս պարտաճանաչորեն մուծում են գանձվող գումարները:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:
Նելլի Դավթյան