Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին դրական տեղաշարժ է նկատվել. ոչ միայն գործարքներն են ավելացել, այլեւ գներն են բարձրացել: Ընդ որում, անշարժ գույքի գործարքներն աճել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:
Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են մի քանի վարչական շրջաններում: Ի դեպ, դրանք բարձրացել են ե՛ւ անցած տարվա մայիսի, ե՛ւ ապրիլի համեմատ: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու: Այլ հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով` նաեւ գները: Սակայն անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Այս փոփոխությունից շահում են ոչ միայն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքները, այլեւ շինարարության ոլորտն է ակտիվանում, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսության վրա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` առաջին հորիզոնականում է Կենտրոն վարչական շրջանը, որտեղ բնակարանի մեկ քմ-ի գինը ապրիլին կազմել է 507 հազար 200 դրամ, իսկ մայիսին` 515 հազար դրամ: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում 7800 դրամով թանկացել է: Բայց անցած տարվա մայիսի համեմատ բնակարանի մեկ քմ բարձրացել է 65 հազար դրամով: Քաղաքի բանուկ թաղամասերից` Արաբկիրում եւս բնակարանները թանկացել են: Այստեղ մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 360 հազար 100 դրամով, իսկ մայիսին` 363 հազար 500 դրամով: Նոր Նորքի զանգվածում մայիսին բնակարանների գները պահպանել են ապրիլ ամսվա գները: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ը թանկացել է 300 դրամով` 273 հազար 700 դրամից դառնալով 274 հազար դրամ: Ի դեպ, բնակարանների գները բարձրացել են նաեւ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում, Արարատի մարզի Արտաշատում, Մասիսում, Վեդիում, Գեղարքունիքի Սեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ճամբարակում եւ այլ մարզային քաղաքներում: Օրինակ` Սյունիքի Գորիսում բնակարանի մեկ քմ բարձրացել է 5 հազար 150 դրամով:
Անշարժ գույքի գործակալ Վարոս Աբնուսյանի կարծիքով` բացի «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները` թավշյա հեղափոխությունը իր հերթին եւս մեծ դեր է խաղացել անշարժ գույքի շուկայում: Նրա խոսքերով` թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում են, որ դրսից ներդրումները կշատանան: Մասնագետից տեղեկացանք նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները: Գործարքների քանակն է հիմնականում ավելացել:
Մինչ հայաստանյան անշարժ գույքի շուկան կենդանության նշաններ է ցույց տալիս, այս ընթացքում իրանցիները ակտիվ սկսել են բնակարաններ ձեռք բերել հարեւան Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում:
«Ես ինքս իրանցիների հետ կոնտակտի մեջ եմ եւ տեղյակ եմ այդ երեւույթին: Այնտեղ ավելի շատ են իրենք բնակարան գնում, որովհետեւ պայմաններն ավելի ձեռնտու են իրենց համար: Մեզ մոտ շինարարությունը թանկ է, այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ նյութերը թանկ գնով են ձեռք բերում կառուցապատողները, դրա համար էլ բնակարանները բարձր գին ունեն: Իսկ Վրաստանում այդպես չէ: Բացի այս` վրացիները իրանցիների հետ ավելի կազմակերպված ու խելացի են աշխատում: Ինչի արդյունքում իրանցիները իրենց ֆինանսական միջոցները ներդնում են Վրաստանի անշարժ գույքի շուկայում: Նաեւ կարեւոր գործոնը, որ իրանցիները սկսել են Վրաստանում բնակարան գնել. չէ՞ որ Վրաստանի քաղաքացիները առանց մուտքի անցագրի 90 օրով կարող են մտնել Շենգենյան գոտի: Իսկ Վրաստանում բնակարան ձեռք բերելու դեպքում հնարավոր է կեցության իրավունք կամ քաղաքացիություն ստանալ: Համաձայնեք, որ սրանք ավելի գրավիչ տարբերակներ են իրանցիների համար: Բայց մերոնք ունենալով բոլոր միջոցները` չեն աշխատում այս ուղղությամբ»,- նկատեց անշարժ գույքի գործակալ Վարոս Աբնուսյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐՁԱՆԱԽԵՂԴ ԳՅՈՒՄՐԻ
Գյումրիում վերջին 30 տարվա ընթացքում մոտ 15 արձան է տեղադրվել. նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ճաշակով էր արձանապատել քաղաքը, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ` իր ճաշակով: Դրանք բոլորը տեղ են գտել քաղաքի միայն կենտրոնական հատվածներում: Արվեստաբանները մտահոգ են, քանի որ Գյումրու կենտրոնը ժամանակի ընթացքում արձանապատ է դառնում, ավելին` տեղադրված արձանները որեւէ աղերս չունեն արվեստի հետ: Դեռ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք առաջարկություն կար Գյումրու կենտրոնում 12 արձան տեղադրել: Այդ նպատակի համար նա նույնիսկ պատրաստակամ էր վճարել: Սակայն Գյումրիում սա դժգոհությունների առիթ հանդիսացավ, եւ հանրային քննարկման արդյունքում որոշում կայացվեց գումարն ուղղել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին, սակայն որոշումը այդպես էլ չվերածվեց գործի: Վերջին օրերին էլ հանրային քննարկման դրվեց բարերար Քըրք Քըրքորյանի արձանը տեղադրելու մասին առաջարկը: Դեմ կարծիքներ եղան, սակայն առաջարկն ընդունվեց, արձանն էլ օրեր առաջ տեղադրվեց: Արվեստաբան Արաքս Մարգարյանն առաջիններից էր, ով պայքարում էր Գյումրու կենտրոնը արձանախեղդ չանելու համար. «Բոլոր արձանները նվիրատվության կարգով են քաղաքին տրվում: Քըրք Քըրքորյանի արձանը նվեր էր ամերիակաբնակ գյումրեցիների կողմից: Բայց դա չի արդարացնում, որվհետեւ ամբողջ փողոցը գեղեցիկ էր ու մոնումենտալ, այդ արձանի տեղադրումով խաթարվեց ամբողջական տեսքը: Ի սկզբանե ես դեմ էի այդ որոշմանը: Անճաշակ լույսերը, անճաշակ նստարանները խաթարեցին փողոցի դասականությունը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արաքս Մարգարյանը:
Հաշվառման վերջին տվյալների համաձայն` Գյումրիում կա մոտ 120 արձան եւ կիսանդրի: Իհարկե, թիվը շատ է Հայաստանի ամենաաղքատ մարզի համար: Հսկայական գումարներ են տրամադրվում` քաղաքն արձանախեղդ անելու համար: Արվեստաբանները նաեւ արձանների տեսքի ու արժեքի մասին են մտահոգ. «Վերջին 10 տարվա ընթացքում տեղադրված արձանների 90 տոկոսը ոչ մի աղերս չունի արվեստի հետ: Չեմ հասկանում` արձան քաղաքի համա՞ր, թե՞ քաղաք արձանների համար: Ամեն քանդակ պետք է արտահայտի իր ժամակի մտածողությունը: Վերջին քանդակները ժամանակավրեպ են: Տեղադրվում են նույն ոճով, նույն լուծումներով: Բոլոր արձաններն էլ խիտ-խիտ նույն տարածքում են»,- ասում է արվեստաբանը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի եւ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Երեկ հարց է բարձրացվել, թե արդյո՞ք պաշտոնյային լուսաբանելը, որը նաեւ թեկնածու է, համարվում է քարոզչություն, այդ դեպքում` ինչպես է մյուս թեկնածուների միջեւ պահպանվելու հավասարությունը: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասել է, որ այս առումով ՀՌԱՀ-ը պետք է մշակի մեթոդաբանություն: Պաշտոնյաների լուսաբանման հարցը լուրջ է: Ըստ Դ. Իոաննիսյանի` քննարկման առարկա է նաեւ լռության օրը, քանի որ 21-րդ դարում այն ավելի է իմաստազրկվում:
ԹԱՓԱՆՑԻԿ` ՄԻԱՅՆ ԲԱՌԵՐՈՎ
Լոռու մարզպետ, ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանի պաշտոնավարման մեկամսյա գործունեության ընթացքում մարզպետարանում ավանդույթ ձեւավորվեց կայանալիք միջոցառումների մասին տեղյակ պահել լավագույն դեպքում մեկ ժամ առաջ: Մարզպետարանի աշխատակազմի այսօրինակ թերացման համար անընդհատ ներողություն է խնդրում լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը: Թվում է, թե մարզի ղեկավարը ժամն իրեն հարմարեցնելով է աշխատում եւ գոնե ժամային գրաֆիկը պետք է չխախատի, սակայն բոլոր միջոցառումներն առայժմ սկսվում եւ ավարտվում են ուշացումով. լրագրողները այլ միջոցառումներից կամ նախատեսված հարցազրույցներից էլ են ուշանում: Լոռու մարզպետն էլ, ինչպես միշտ, զբաղված է եւ այսօրինակ հարցերի չի պատասխանում: Լոռու մարզպետը աշխատանքի մեկ այլ հետաքրքիր ձեւաչափ էլ է ընտրել: Կայանալիք խորհրդակցություններից հետո ԶԼՄ-ները դուրս են հրավիրվում եւ դռնփակ հանձնարարականներ են տրվում: Թե ի՞նչ հարցեր են քննարկվում փակ դռների ետեւում, անգամ մասնակիցները չեն պատասխանում, եւ դրանից ավելի շատ հարցեր են ծնվում: Դռնփակ նիստերի մասին իր ասուլիսում բարձրաձայնեց Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը` նշելով, թե մարզում ԲՀԿ-ականացում է գնում:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Վանաձոր