«ԱԱԾ-Ի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԺԱՆՐՈՎ ԵՆ ԱՐՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հակված չեմ կարծելու, որ մեր երկրում ինչ-որ բան է փոխվել: Ես մնում եմ իմ նախկին տեսակետին: Դեռ չեմ կարող ասել՝ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի, թե ոչ, բայց կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունը կրկին կառուցված է մեկ անձի շուրջ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ ինքը միշտ երազել է, որ Հայաստանն իսկապես լինի պառլամենտական երկիր. «Երբ եղավ սահմանադրական փոփոխություն, ես շատ ուրախ էի, որ մենք վերջապես կպրծնենք անհատներից, վերջապես իշխանությունը անձով, կինոյի տղերքով չենք պայմանավորի, որ կգան պառլամենտական ուժեր: Մենք նորմալ երիտասարդություն ունենք, որը կարող էր ձեւավորել քաղաքական ուժ, հուսով էի, որ այդ փայլուն երիտասարդությունը կմտնի ու կվերցնի պառլամենտում մեծամասնություն, եւ մենք նորմալ, մոդեռն երկիր կկառուցենք, ու չի լինի ամբիցիոզ մեկը, որը կասի՝ չէ, ես եմ լինելու, ուրիշ ոչ ոք: Բայց դա տեղի չունեցավ»,-մեկնաբանեց պարոն Դադասյանը:
Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին՝ թատրոնի ղեկավարը խորհուրդ տվեց ստուգել՝ արդյո՞ք դրանց ֆոնին սերիալների վարկանիշը չի ընկել. «ԱԱԾ-ի բացահայտումները սերիալային ժանրով են արվում: Սերիալներ սկսել են քիչ նայել, թատրոն քիչ են հաճախում, որովհետեւ դա էլ ըստ էության թատրոն է, ականջահաճո թատրոն: Մարդը տրամադրված է որոշ մարդկանց մասին ինչ-որ բաներ լսել, որովհետեւ տարիներ շարունակ խոսվել է այդ մարդկանց մասին: Հիմա պետք է կերակրել հանրությանը»,-նշեց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ երկրի կառավարումը ֆունդամենտալ, իրավական հիմքերի վրա դրված չէ: Իսկ այն պնդումներին, որ մեր երկրում տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ եւ բացահայտումներ, թատրոնի ղեկավարը պատասխանեց. «Նախորդ իշխանություններն էլ են բացահայտումներ արել, չարաշահումներ հայտնաբերել, բայց շոուներ չեն սարքել: Նախորդ իշխանության օրոք էլ Մատենադարան է կառուցվել, Կոմիտասի թանգարան… Բանն այն է, որ ես կոնցեպտուալ փոփոխություններ չեմ տեսնում, մի անձը ինչ որոշի՝ մյուսները նրա սրնգի տակ պարում են»:
Ժ. Դադասյանն այն կարծիքին է, որ մենք ապրում ենք սարսափելի իրականության մեջ, որի պայմաններում երկրորդ կարծիք պարզապես չեն լսում. «Մեկը այլ կարծիք է ասում, թիրախավորված թռչում են երեսին: Հեղաշրջման ամեն փորձի ժամանակ էլ հասարակությանը տանում են այլ կարծիք չլսելու ճանապարհով»,-ասաց նա:
Մնջախաղի թատրոնի ղեկավարը պատրաստ է հավատալ նոր իշխանությանը, բայց միայն մի պարագայում. «Ես 20 տարի պայքարել եմ նախորդ իշխանության դեմ միայնակ, ոչ ոք իմ կողքին չի եղել: Իմ թատրոնով աշխատել եմ անհավասար պայմաններում, ստեղծել եմ որակյալ պրոդուկտ: Այս մասին ես հանգիստ եմ ասում: Ստեղծել եմ այնպիսի թատրոն, որն այսօր աշխարհի տարբեր երկրներից ստանում է հրավերներ, այդ երկրների հաշվին գնում ենք փառատոների, մշակույթի նախարարությանը չենք էլ անհանգստացնում: Եվ սա այն թատրոնն է, որը միջանցքներում աշխատելով` հասել է այս օրվան: Միայնակ պայքարել է, որ պետական թատրոնին շենք հատկացվի: Եվ կարծես թե եկել-հասել էինք այն կետին, որ պետք է շենք ունենայինք, ու մեկ էլ ամեն ինչ կանգնեց: Երբ ներկայիս իշխանությունն առանց ինձ հարցնելու, տեսնելով մեր կատարած աշխատանքի ծավալը, ժանրային առանձնահատկություն ունեցող թատրոնի արածը, կկառուցի այդ շենքը, ու մեզ կհրավիրի, որ գնանք, այնտեղ աշխատենք, այդ ժամանակ կհավատամ, որ ժողովրդական իշխանություն է եկել»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին, խոսելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած շարժման մասին, Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը. թավշյա հեղափոխության անվան տակ իր շահերն է առաջ տանում… Արդեն որերորդ անգամ իրեն շատ հատուկ մանիպուլյացիաներով, իր քաղաքական նպատակներին հասնելու համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելով` իր իսկ համար միավորներ է հավաքում: Իհարկե, ժողովրդի շատ մեծ զանգված կա, որ դժգոհություններ ունի, ու Նիկոլ Փաշինյանը, այդ առիթն օգտագործելով, օգտվում է»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԱՆԳԱՄ ՎԱՏ ԱՊՐՈՂՆ Է ՈՒՐԱԽ»

«Նոր կառավարության հետ մեծ հույսեր եմ կապում, դրական եմ տրամադրված: Երբ տեսնում ես, որ չորս կողմդ ուրախություն է, անգամ վատ ապրողն է ուրախ, ինքդ չես կարող չուրախանալ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգային, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին:

Նրա խոսքով՝ միայն Հայաստանում չէ, որ նման տրամադրություն է տիրում, այլեւ սփյուռքում. «Վերջերս համերգներով Միացյալ Նահանգներում եւ Կանադայում էի եւ տեսա, թե դրսի հայերը որքան խանդավառված են այստեղի իրավիճակով: Ասում են, որ իրենք պատրաստակամ են վերադառնալ Հայաստան: Դա ինչպե՞ս կարող է մեզ չուրախացնել: Մեծ հույսեր ունենք, որ ամեն բան լավ է լինելու, որ արտագաղթի տեմպը կանգնելու է, եւ մեծ հոսք է գրանցվելու դեպի հայրենիք»,-ասաց երգիչը:
Նա շեշտեց՝ սփյուռքում օրը 24 ժամ հետեւում են, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Կարեւորն այն է, որ մարդիկ հույսը չկորցնեն, կարողանան վերադառնալ եւ իրենց հանապազօրյա հացը վաստակեն հայրենիքում: Իսկ վերադառնալ ցանկացողների թիվը, հավատացեք, փոքր չէ»,-նկատեց նա:
Մենք մի փոքր զրուցեցինք նաեւ Ռուբենի գործնական ծրագրերից: Նա տեղեկացրեց, որ ավարտել է 4-րդ ձայնասկավառակի աշխատանքները եւ այն շուտով կհանձնի հանդիսատեսի դատին. «Ալբոմում ընդգրկված է տասը երգ, կատարել եմ ազգային, հայրենասիրական հայտնի գործեր՝ «Արդյոք ովքե՞ր են», «Արծիվ, սլացիր», «Պատերազմ ենք գնում», մեր ֆիդայիններին նվիրված ստեղծագործություններ եւ այլն»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով նկարահանելու է տեսահոլովակ՝ 8-9 երգերի միքսերի հիման վրա՝ պոպուրի տարբերակով: «Աշխատել եմ` պահպանելով ազգայինի հենքը՝ նոր ռիթմերի շնորհիվ հետաքրքիր լինել նաեւ երիտասարդների համար»,-եզրափակեց Ռուբենը:
Նա հավելեց, որ առաջիկայում երկրպագուներին սպասվում են այլ անակնկալներ եւս, որոնց մասին նրանք շուտով կիմանան:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԽԶԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ շվեդական «Յուրգորդեն»-ը խզել են պայմանագիրը: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վիրահատվել էր հունիսին: Վերականգնողական փուլը կավարտվի սեպտեմբերին: Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17-ին` Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի խաղում` փոխարինվելով առաջին խաղակեսում:

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը մոտ է Թուրինի «Յուվենտուս»-ից Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն: 30-ամյա հարձակվողի համար անգլիական ակումբը կվճարի մոտ 60 միլիոն եվրո: Իտալիայի չեմպիոնը մտադիր է այդ գումարը հատկացնել Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին: Արքայական ակումբը պատրաստ է 120 միլիոն եվրոյով վաճառել Ռոնալդուին: Սպասվում է, որ այս ամռանը «Չելսի»-ն կգլխավորի «Նապոլի»-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որի ղեկավարությամբ Իգուաինը խաղացել է նեապոլյան թիմում:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է նախապատրաստությունն «Արսենալ»-ի հետ եւ մարզման ժամանակ հիանալի գոլ խփել դարպասի կողքից: «Արսենալ»-ի մամուլի քարտուղարությունը, ապա անձամբ ֆուտբոլիստը տեսանյութ են հրապարակել:
Հիշեցնենք` «զինագործները» երեկ առաջին մարզումն են անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի գլխավորությամբ:

 

 

ԳՎԱՐԴԻՈԼԱՆ` ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկն է: Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը Գվարդիոլային կառաջարկի տարեկան 12 միլիոն դոլար վարձատրություն: Այդ գումարի կեսը կվճարի գործարարների մի խումբ: Սակայն հավանականությունը, որ Գվարդիոլան կհրաժարվի Անգլիայի չեմպիոնների հետ համագործակցությունից, փոքր է, քանի որ նա երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչեւ 2021թ.: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Խորխե Սամպաոլիի ղեկավարությամբ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Ֆրանսիային:




Լրահոս