Անհրաժեշտ են տնտեսության զարգացման ուղղությամբ ռեալ քայլեր. ինչով առանձնացավ Նիկոլ Փաշինյանի 72 օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել: Թեեւ չի լրացել նրա պաշտոնավարման 100 օրը /այսօր 72-րդ օրն է/, բայց Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը փորձելու է ամփոփել իր կառավարման այս ժամանակահատվածը:

Մինչ այդ, սակայն, փորձենք մի փոքր առաջ ընկնել, ու ինքներս ամփոփենք նոր կառավարության աշխատանքները, մեր սեփական դիտարկումներն անելով այս իշխանության ձեռքբերումների ու բաղթողումների մասին:

Հստակ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկա է մեծ ոգեւորություն, արդարության վերականգման զգացում, սակայն միեւնույն ժամանակ նկատելի է որոշակի հիասթափություն: Հիմա ամեն ինչ հերթականությամբ եւ փաստերով:

Արդարության վերականգնման զգացումն առաջացավ թավշյա հեղափոխությունից հետո, պաշտոնյաների կամ այլ անձանց շուրջ բացահայտումների արդյունքում: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավորների գործունեության վերաբեորյալ բացահայտումներից, հարուցված քրեական գործերից հետո հասարակությունը զգաց եւ հասկացավ, որ այս նոր Հայաստանում տեղ չունեն անօրինականությունները, կոռուպցիան: Ըստ այդմ բարձրացավ նաեւ վստահությունը իշխանությունների նկատմամբ, դատական համակարգի հանդեպ: Մի հանգամանք, որը վերջին տարիներին ի սպառ բացակայում էր:

Հասարակության մոտ ոգեւորություն առկա էր արդեն համաժողովրդական շարժման ընթացքում, երբ մարդիկ զգացին՝ Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել, պարզապես՝ դրա համար պետք է միասնականություն եւ մեծ ցանկություն: Ու հասարակությունը կարողացավ հասնել փոփոխությունների ամենաբարձր օղակից սկսած: Հասարակության ոգեւորությունն է նաեւ այսօր իր հերթին ուժ տալիս իշխանություններին՝ պայքարելու նախկին հոռի երեւույթների դեմ, ու դեռ շատ երկար իշխանությունն իր թիկունքում կզգա հասարակության աջակցությունը, եթե շարունակի հետամուտ լինել իր առաջ դրված նպատակներին, չշեղվելով որդեգրած ուղուց:

Բայց այս ընթացքում եղան  հիասթափություններ: Եվ որքան էլ ընդունված է համարել, թե նոր կառավարությանը չպետք է քննադատել, թողնելով հանգիստ աշխատի, միեւնույն է, թերությունները մատնանշելը հենց հօգուտ իրենց է արվում: Ըստ այդմ, որոշակի հիասթափություն եղավ նորանշանակ կադրերի վերաբերյալ: Պետական պաշտոնների հայտնվեցին մարդիկ, որոնց հիմնական արժանիքը համաժողովրդական պայքարի օրերին ցուցաբերած ակտիվությունն էր, նաեւ՝ վարչապետի թիմից կամ կուսակցությունից լինելը:

Գաղտնիք չէ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը մեծ էներգիա, աշխատասիրություն ունեցող մարդ է, որ կարող է իր առաջ լրջագույն նպատակներ դնել ու նպատակամղված քայլերի արդյունքում հասնել դրան: Նա կարծես չի հոգնում եւ հետեւողական է ցանկացած հարցում: Ապացույցը՝ այս տարիներն էին, համաժողովրդական շարժման օրերը, պաշտոնավարման այս ամիսները: Բայց արի ու տես, որ նույնը չես կարող ասել նրա թիմի մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն կառավարության կազմում ներգրաված ՀՅԴ-ի կամ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների մասին է, այլ մասամբ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին ու իր թիմինէ առնչվում: Ակնհայտ է, որ նրա թիմը չի հասցնում Նիկոլ Փաշինյանի հետեւից եւ վերջինս մենակ է մնացել պետությա ահռելի մարտահրավերների դեմ:

Լավագույն դեպքում Փաշինյանի կողքին ընդամենը 1-2 հոգի է, այն էլ ոչ թե կառավարության կողքին են, այլ հենց անձամբ վարչապետի: Եվ հետաքրքիրն այն է, որ նրա կադրերը երբեմն անում են բաներ, որոնց մասին նույնիսկի վարչապետը տեղյակ չի լինում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է իրենց ազգուտակին աշխատանքի տեղավորելուն: Եւ հարց է` Նիկոլ Փաշինյանն այդ մասին գիտի, թե ոչ: Հավանաբար չգիտի: Բայց արդյունքում ստացվում է` այն, ինչի մեջ հասարակությունը եւ անձամբ նախկին ընդդիմությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեղարում էր հանրապետականներին, անում է հենց իր թիմը:

Բացի այդ, այս օրերին տպավորություն է, որ Հայաստանը կարծես թե վերածվել է գործ տվողների երկրի, քանի որ շատերը փորձում են օգտվել իրավիճակից, եւ մաքրել իրենց հին հակառակորդների հետ նախկին տարիներից ունեցած հաշիվները: Բարեբախտաբար, իշխանություները չեն կորցրել ողջախոհությունը եւ 1930-ականների նման հարցերն առանց «դատ ու դատաստանի» չեն լուծում:

Մեծ հարց է նաեւ տնտեսության ներկայիս իրավիճակն ու հետագան: Ի վերջո որքան պետք է Նիկոլ Փաշինյանի թիմը բյուջեն լցնի նախկին իշխանությունների թալանածը ետ բերելով, կոռուպցիոն բացահայտումների հաշվին, բայց եւ անհրաժեշտ են տնտեսության զարգացման ուղղությամբ ռեալ քայլերը: Այսինքն, պետք է տնտեսական լուրջ քաղաքականություն մշակվի եւ իրականացվի: Իսկ դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ տնտեսական ակտիվությունը թուլանում է, առկա են իրենց գործառույթների մասին պատկերացում չունեցող պաշտոնյաներ եւ նաեւ մտահոգիչ ազդակներ գործարար միջավայրից, քանի որ անորոշ ու սպասողական իրավիճակ է: Ի վերջո բոլորին պոտենցիալ հանցագործի աչքերով նայելը վտանգավոր է: Եվ ճիշտ կլինի, եթե կառավարությունը նման խնդիրներին մեծ ուշադրություն հատկացներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս