«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանից նամակ է ստացել հետևյալ բովանդակությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի 13.07.2018թ. լույս տեսած թիվ 123 /1709/ հերթական համարի 4-րդ էջում, ինչպես նաև www.armlur.am կայքում զետեղվել է «Թմրանյութի դերակատարները անհետացել են» խորագրով հոդվածը, որում առկա է հետևյալ տեղեկատվությունը՝
«Ըստ օդում կախված լուրերի՝ հենց Նարեկ Սարգսյանը եղել է թմրանյութերի վաճառքի բիզնեսի բուրգի գլխին: Ավելին՝ օդում կախված նույն լուրերի համաձայն՝ այս գործով ակտիվ դերակատարություն է ունեցել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահ Արշակ Հակոբյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո եւս լքել է Հայաստանը»:
Հայտնում եմ Ձեզ, որ Արշակ Հակոբյանի թմրանյութերի բիզնեսի հետ որևէ առնչության մասին լուրերը ամբողջությամբ սուտ են և իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև, որ Արշակ Հակոբյանը Հայաստանը չի լքել թավշյա հեղափոխության պատճառով, այլ ներկայումս գտնվում է արտերկրում՝ իր անձնական գործերով:
Հայտնելով վերոգրյալի մասին և ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով խնդրում եմ օրենքով սահմանված կարգով հերքել վերը նշված հոդվածով տարածված լուրերը՝ Ա.Հակոբյանի թմրանյութերի բիզնեսի հետ առնչություն ունենալու և Հայաստանը հեղափոխության պատճառով լքելու մասին:
Հարգանքով՝ Տիգրան Աթանեսյան»։