Գոյություն չունեցող կառույցը դեռ գործում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեռեւս 2018թ. ապրիլի 10-ին ուժի մեջ էր մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը: Իսկ դա նշանակում է, որ պետք է սկսվեր հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները: Հայտնի է, որ այդ հանձնաժողովը պետք է փոխարինի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն` օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում անցկացվում է հանձնաժողովի անդամների առաջին մրցույթը: Այս որոշումն ընդունվել է ապրիլի տասին, եւ անցել է արդեն երեք ամիս, սակայն ոչ մի մրցույթ չի հայտարարվել, ընտրություն չի եղել: Ընդ որում` նոր հանձնաժողովը պետք է ունենա 5 անդամ, որոնք նշանակվում են Ազգային ժողովի կողմից:

Եվ այժմ նույնիսկ հայտնի էլ չէ, թե երբ է հայտարարվելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների մրցույթը: Այն կայանալու է մրցութային խորհրդի կողմից, իսկ դրա կազմում պետք է լինեն ՍԴ նախագահի, Պաշտպանի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված անդամներ:

Ստեղծված իրավիճակն իսկապես հետաքրքիր է. ստացվում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանն այժմ ղեկավարում է մի կառույց, որի գործունեության ժամկետն ավարտվել է: Ասել է թե` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գոյությունն այլեւս ապօրինի է: Գաղտնիք չէ, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է քաղաքական զարգացումներով: Ի վերջո, հենց ապրիլի 10-ից հետո թեժացել էր համաժողովրդական պայքարը, իսկ հետագա զարգացումներից հետո, ինչպես ասում են, հերթը դեռեւս չի հասել էթիկայի հանձնաժողովին: Հաշվի առնելով արձակուրդային շրջանը` այս հարցերին անդրադարձ կլինի միայն սեպտեմբերին, երբ բնականոն կաշխատի նաեւ խորհրդարանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել եւ ներկայացրել, որ այս կառույցը միլիոնավոր դրամներ է ստանում, անդամներն ահռելի բարձր աշխատավարձեր են ստանում, սակայն աշխատանք, որպես այդպիսին, չենք տեսնում: Եվ ինչպես մյուս կառույցների դեպքում է, թավշյա հեղափոխությունից հետո այս հանձնաժողովում իրար հետեւից բացահայտումներ են արվում` էլ ունեցվածքի եւ գույքի հայտարարագրում թերի տվյալներ հայտարարագրած պաշտոնյաներ, էլ անձինք, ում ընկերությունները մշտապես գնումների գործընթացի հաղթող են դարձել:

Այլ կերպ ասած` չլիներ հեղափոխությունը, այս հանձնաժողովը կշարունակեր ձրիակերի կյանքով ապրելը` հարկատուներիս գրպանից ստանալով միլիոնավոր դրամների աշխատավարձ: Բայց հիմա էլ պարզվում է, այդ կառույցը պարզապես ապօրինի է գործում, կրկին հարկատուներիս հաշվին, չնայած իրենց անգործությանը` ստանալով միլիոնավոր դրամներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս