2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է նոր մարմին` սնանկության դատարանը: Արդեն այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել 22 դատավոր սնանկության դատարան տեղափոխվելու խնդրանքով: Հիմա Բարձրագույն դատական խորհուրդը նախատեսում է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ զրույց կազմակերպել եւ որոշումն ընդունել 2018թ. օգոստոսի 6-ին: Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնք ցանկանում են դուրս գալ քաղաքացիական գործերով դատավորի պաշտոնից եւ սնանկության գործերով դատարանի դատավոր նշանակվել եւ, առհասարակ, ինչի՞ համար են ցանկանում տեղափոխվել սնանկության գործերով դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած տեղեկությունների համաձայն` սնանկության գործերով դատարանում աշխատել ցանկացող դատավորները այս քայլին գնում են, քանի որ նորաստեղծ Դատարանում դատավորները թեթեւ ռեժիմով կաշխատեն, ծանրաբեռնված չեն լինի եւ դեռ ավելին` նորաստեղծ դատարան գնացող դատավորները զերծ կմնան դատական համակարգում ինչ- ինչ գայթակղություններից:
Այսպիսով, նորաստեղծ դատարան են ցանկանում տեղափոխվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը, ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելոնա Քոչարյանը, նկատենք, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը: Նկատենք, որ նորաստեղծ դատարան տեղափոխվողների մեջ կան նաեւ դատարանի նախկին նախագահներ, մասնավորապես Արմեն Դանիելյանը նախկինում եղել է Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, սակայն դատարանի նախագահի պաշտոնից դուրս գալուց հետո, ըստ էության, չի հաշտվել նոր իրականության հետ եւ ցանկանում է տեղափոխվել նորաստեղծ սնանկության գործերով դատարան:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ուշագրավն այն է, որ անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից եւս ցանկություն են հայտնել նորաստեղծ դատարանի դատավոր դառնալ: Տեղեկացանք, որ խոսքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի մասին է, որը նաեւ ԲԴԽ անդամ է:
Քնար Մանուկյան