ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ շարունակում է ստուգումներ իրականացնել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
Ավելին` երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ԲԿ-ն չբուժված հիվանդների համար գումարներն է ստացել պետությունից, հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումար է գանձվել: Խոսքը մոտ 300 մլն դրամի խախտման մասին է: Ի դեպ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախարարը այս հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածուն ունի: Անգամ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ հարկ եղած դեպքում տնօրենին աշխատանքից կազատեն: Բայց հիվանդանոցի անձնակազմը բաց նամակով նախարարին հորդորել էր դադարեցնել հիվանդանոցի դեմ արշավը:
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, նախարարը հայտարարել է, որ Ձեր ղեկավարած հիվանդանոցը չբուժված հիվանդների համար գումարներն է ստացել պետությունից, հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն ստացել բուժօգնություն: Ապա նշել է, որ խոսքը մոտ 300 մլն դրամի խախտման մասին է: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը:
-Հիմա մեզ մոտ ստուգումները շարունակվում են, ավելի քան մեկ ամիս է: Բայց եզրակացությունները մենք գրավոր չունենք, մենք այդ փաստաթղթերը չենք տեսել…
-Այնուամենայնիվ, պարո՛ն Մինասյան, Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ…
-Իհարկե ո՛չ… ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Դեռ պետք է այդ ստուգումները շարունակվեն…
-Իսկ 300 մլն դրամի խախտո՞ւմը, որ իբր հատկացվել է, բայց բուժում չի իրականացվել…
-Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը պետք է փաստաթուղթ գրի, որ բոլորս տեսնենք, որպեսզի կամ համաձայնենք կամ ոչ: Նրանք չեն ասում, որ հափշտակվել է այդ գումարը: Հանձնաժողովի անդամները ինձ դրա մասին որեւէ բան չեն ասել:
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչն է պատճառը, որ ձեր ղեկավարած բուժհաստատությունում է այդ ստուգումները իրականացվում եւ այդպես ձգձգվում… Գուցե պատճառն այն է, որ Դուք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի՞ն եք:
-Իհարկե ո՛չ: Յուրաքանչյուր տարի մեզ տրվում է ֆինասական մեծ հատկացում: Պետությունը մեզ հատկացրել է 5 մլրդ դրամ, որից 4 մլրդ 300 մլն դրամը մենք վճարել ենք որպես աշխատավարձ: Իրենք էլ ստուգում են` մենք աշխատավարձ ենք տվել, թե ոչ: Ճիշտ են անում, թող ստուգեն, որ իրենք էլ հանգիստ լինեն: Պլանային ստուգումներ են: Իմ գործընկերները ստուգում են իրենց հատկացրած խոշոր գումարները:
-Վախենալու ոչինչ չունե՞ք: Արդյոք նպատակայի՞ն են ծախսվել այդ գումարները…
-Ո՛չ, ո՛չ, ես մտավախություններ չունեմ:
-Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպե՞լ եք: Ինչի՞ մասին եք խոսել նրա հետ:
-Այո՛, հանդիպել եմ: Խոսել ենք ընթացիկ գործերի, նաեւ ստուգումների մասին: Շատ նորմալ հանդիպում էր:
-Տեղեկություններ շրջանառվեցին, որ նախարարը այդ հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածուն ունի… Այդ մասին խոսե՞լ է Ձեզ հետ հանդիպմանը:
-Նման բան չկա: Անգամ խոսք չի եղել այդ մասին: Եղել է շատ նորմալ աշխատանքային հանդիպում:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը