Աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության անգործությունը գնալով անտանելի է դառնում. Երեւանն առանց չափազանցության ողողված է աղբակույտերով, աղբամաններն օրերով չեն դատարկվում, ընդհակառակը, դրանց կողքին աղբի նոր կուտեր են գոյանում: Եւ այս տեմպերով շարունակվելու դեպքում դժվար չէ կռահել, որ քաղաքացիների դժգոհությունները շուտով կհասնեն իրենց գագաթնակետին` ստիպելով մարդկանց դիմել ծայրահեղ միջոցների: Աղբահանության հարցով բնակիչները բողոք են ներկայացրել անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Բանն այն է, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղը աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով է իրականացնում: Ավելին` ընկերությունը վերջին շաբաթների ընթացքում կարելի է ասել, որ աղբահանությամբ չի զբաղվում: Այս ընթացքում Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները լցված են կենցաղային աղբով եւ գարշահոտությամբ, եւ համաճարակի բռնկման լուրջ վտանգ են դարձել: «Սանիտեք»-ը օրերով չի դատարկում նաեւ փողոցներում դրված աղբամանները:
Ըստ ՄԻՊ-ի` շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան: Իսկ քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ: Արդյունքում պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։ Ավելին` ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ «Սանիթեք» ընկերության կողմից պարտավորությունների կատարման առնչությամբ։
Թեեւ երկու շաբաթից ավելի է, ինչ բնակիչները բարձրաձայնում են աղբահանության հետ կապված խնդիրների մասին, բայց ընկերությունը միայն նախօրեին բարեհաճեց պարզաբանում տարածել` հայցելով քաղաքացիների ներողամտությունը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սանիտեք» ընկերություն, որտեղից մամուլի պատասխանատու Քրիստինա Հովհաննիսյանը փոխանցեց. «Մենք ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից: Հավանաբար եկող շաբաթ մամուլի ասուլիս կկազմակերպենք եւ լրատվամիջոցներին կներկայացնենք մեր առջեւ ծառացած խնդիրները: Մենք հիմա տեխնիկական խնդիրներ ունենք մեր մեքենենարի հետ կապված: Խոսքը պահեստամասերի մասին է: Այսինքն` մի քանի աղբատար մեքենա ունենք, որոնք կա՛մ փչացած են, կա՛մ այլ խնդիրներով չեն կարող շահագործվել: Զուտ մեր աղբատար մեքենաների տեխնիկական անսարքության պատճառով է, որ աշխատանքային գրաֆիկից հետ ենք ընկել, ինչն էլ իր բացսական ազդեցությունն է թողել քաղաքի վրա: Բոլորս էլ տեսնում ենք դա»:
Ի դեպ, ամռան ամիսներին, ինչպես հայտնի է, քաղաքում աղբի քանակը սովորաբար ավելանում է: Եւ դա որեւէ մեկի համար վաղուց անակնկալ չէ. տարիներ ի վեր միշտ այդպես է եղել: Բայց չնայած սրան` ընկերությունը դարձյալ շարունակում է ուխտի ականջում քնած մնալ:
«Այս ամիսներին ավելանում է մեր հյուրերի հոսքը մեր քաղաք, եւ մարդիկ ավելի երկար են մնում փողոցում, այգիներում, ուշ են տուն գնում: Այդ ամեն ինչը, բնականաբար, ազդում է մեր ամենօրյա գործողությունների վրա: Բայց մյուս կողմից էլ տեխնիկական խնդիրների պատճառով է, որ մենք նման ուշացումներ ենք ունենում: Այս պահին փոքր-ինչ կարգավորվել է, բայց խնդիրներ կան Նոր-Նորքի զանգվածում, Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջաններում: Բայց հուսով ենք, որ երկուշաբթի արդեն այդ խնդիրները կարգավորված կլինեն, եւ մենք մեր աշխատանքային նախկին գրաֆիկին վերադարձած կլինենք»,- «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հովհաննիսյանից հետաքրքրվեց` հնարավոր է առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի հետ լուծարեն կնքած պայմանագիրը: Հարցին ի պատասխան` նա ասաց. «Ո՛չ, նման բան չկա: Մենք պայմանագիր ունենք կնքած քաղաքապետարանի հետ եւ աշխատում ենք որպես կառույցի հետ: Մենք կապ չունենք, թե ով է ղեկավարը, ով է բաժնի պետ, ով է քաղաքապետը, մեր պայմանագիրը կնքած է քաղաքապետարանի հետ, եւ մենք աշխատում ենք կատարել մեր պայմանագրային պարտականությունները»: Ասել է թե` այս օրերին Երեւանում տիրող իրավիճակն ամենեւին էլ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետեւանք չէ, պարզապես «Սանիտեք»-ն իր ոճի մեջ է` անգործության մատնված:
Սյունէ Համբարձումյան