ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսից հետո արված հետևությունները գրառել է համացանցի իր էջում:
«Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ»,- գրել է Նիկոլ Փաշինյանն ու հարց ուղղել՝ «Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապշած է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ստացվող տեղեկություններից:
«Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ուղղակի ապշած եմ ստացված տեղեկություններից: Ես մեկ-մեկ ասում էի՝ այնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց այսօր ապշած եմ, որ Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներևակայելի է: Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին դա ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում: Սա ահավոր մի երևույթ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր՝ վարչապետ ընտրվելուց երկու ամիս է անցել, բայց ինքն ամեն օր զարմանում է: «Ու որքան տեսնում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե այդպիսի բան ո՞նց է հնարավոր: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ասում՝ ահա, ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք և այլն»,- հավ ելել է վարչապետը:
Լրագրողների հետ հանդիպումը` ArmLur.am-ի տեսանյութում: