Վանաձորի ավագանու արտահերթ նիստին ներկա էին ավագանու 5 խմբակցությունների 22 անդամ: Օրակարգային 11 հարցեր հաստատաելու ընթացքում 2 հայտարարություն-առաջարկություն հնչեց: ԲՀԿ-կան Հրաչիկ Ղամբաչյանն առաջարկեց օրակարգից հանել բյուջեի փոփոխության հարցերը` պատճառաբանելով, թե մանրամասն նկարագիրը բացակայում է եւ հիմնավորումներն անհիմն են. «Առաջարկում եմ օրակարգից հանել հարցը, այդ հիմնավորումները բերել, նոր դնել քննարկման, համոզեք մեզ, որ այդքան փող է պետք, համաձայնվենք»:
Առաջարկը մերժվեց, հարցը մնաց օրակարգում, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «խորհուրդ տվեց», որ ավագանու անդամը կամ խմբակցությունը կարող է այդ հարցերին դեմ քվեարկել:
ԼՀԿ խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն էլ քաղաքական հատարարություն հնչեցրեց, թե արտահերթ նիստին պետք է ներկայացված լիներ 1-2 հարց եւ անակնկալ էր 11 հարց տեսնելը. «Քանի որ բազմաթիվ հարցեր դեռեւս հանձնաժողովներում չեն քննարկվել, օրինակ մանկապարտեզների հարցը, առաջարկում եմ հարցերը օրակարգից հանել»:
«Սահմանված կարգով ավագանու նիստի օրակարգը եղել է Վանաձորի համայքապետարանի կայքում, եւ խմբակցությունը պարտավոր էր մինչ դահլիճ գալ տեղեկանալ: Մանկապարտեզների հետ կապված այլ խնդիր չենք լուծում, բացառիկություն չկա, հանձնաժողովի կարծիքն իմանալու կարիք չկա, որովհետեւ ի սկզբանե ավագանին, արդեն իր կարծիքն արտահայտել է: Արտահերթությունն է ավելի շատ այս խնդիրն առաջացրել, քան թե չցանկանալը»- արձագանքեց Մամիկոն Ասլանյանը:
Երկար քննարկումից հետո Ա. Եղիազարյանը հայտարարեց, թե քանի որ հանձնաժողով չի մտել եւ չի քննարկվել, չի կարող մասնակցել նիստին: Նրան հետեւեցին նաեւ կուսակիցները:
ԼՀԿ-ի պահանջից դուրս Ասլանյանը պարզաբանեց, թե օրակարգի այն հարցերը, որոնք ըստ իրենց դուր չէին եկել, կարող էին դեմ քվեարկել, կամ քվեարկության ընթացքում լքել դահլիճը. «Եթե անգամ մենք սխալված լինեինք եւ քվորում չլիներ, ստացվելու էր, որ ավագանու անփութության եւ անպատասխանատվության պատճառով չկարողացանք բժշկական կենտրոնի համար հողհատկացում անենք՝ կառավարությանը փոխանցենք»- պատասխանեց համայնքի ղեկավարը:
ԼՀԿ անդամ Ա.Եղիազարյանը հայտարարեց, թե իրենց համար առաջնայինն է մնում ՀՀԿ գործելաոճի տապալումը եւ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնանակության հարցը, բայց առայժմ չեն վստահում ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին իմպիչմենտի գործընթաց սկսելու համար:
Հ.Գ.Վանաձորի ավագանին 17 անդամով, այնուամենայնիվ, քվեարկեց բոլոր 11 հարցերը՝ ԲԿ-ի հողհատկացումից բացի: Պահուստային ֆոնդից 4 մլն 200 հազար դրամ հատկացվեց քաղաքում հետիոտնային կամուրջների վերանորգման, 3 մլմ 500 հազար դրամ փոխանցվեց համատիրություններին, որպեսզի նրանց խնդիրները չհասնեն քաղաքապետարան: 6 մլն դրամ էլ ավագանին հատկացրեց երիտասարդական ծրագրերի եւ Արջուտի աղբայրի ճանապարհի վերանորոգման համար: Եւ անգամ ԲՀԿ-ականները կողմ քվեարկեցին բյուջեի փոփոխության բոլոր կետերին:
Նելլի Դավթյան