«Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր փորձության առջև է կանգնել. 4 թեկնածուներից ո՞ւմ են նախապատվություն տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքում ակտիվ քննարկումները շարունակվում են: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը դեռ չորոշած` նոր փորձության առջեւ են կանգնել. չեն կարողանում որոշել ինչպես մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Եվ եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցվելու մասով դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեռ երկար ժամանակ կունենային քննարկումներ անցկացնելու, ապա Տարոն Մարգարյանի հրաժարականը նրանց արագ որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ է կանգնեցրել:
Նաեւ դա է պատճառը, որ իրավիճակը սրված է ոչ միայն դաշինքում, այլ հենց կուսակցություններում առանձին-առանձին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ միանգամից չորս թեկնածու կա` Ալեն Սիմոնյանը, ով ի սկզբանե հայտնի էր քաղաքապետ դառնալու իր հավակնություններով, դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է անդամագրվել այդ կուսակցությանը, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը: Վերջինս այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, իրավաբան է, եղել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ:

Հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները վերջերս ավելի հաճախ են հավաքվում եւ քննարկում հենց ավագանու ընտրությունների մասնակցության հարցը: Այդ նիստերից մեկն էլ տեղի է ունենալու այսօր, ընդ որում` չի բացառվում, որ հենց այսօր էլ քվեարկություն տեղի ունենա եւ որոշվի, թե ով է գլխավորելու ավագանու իրենց ցուցակը: Ինչպես նշեցինք, թեկնածուները չորսն են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ վերջնական որոշում է կայացվել նախապատվություն տալ դերասան Հայկ Մարությանին: Այս կուսակցությունում նման հարցերը որոշվում են քվեարկությամբ, եւ կանխատեսումներն առկա են, որ ձայների մեծամասնությունը հենց Մարությանի կողմն է լինելու:


Նշենք, որ մինչ այս որպես քաղաքապետի թեկնածու ակտիվորեն քննարկվում էր նաեւ նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անունը: Ընդ որում` մեզ հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության հերթական նիստերից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը վիճաբանել են, եւ բանը հասել է նույնիսկ հայհոյանքների: Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնականաբար հերքեց տեղեկությունը` ասելով, թե Արարատ Միրզոյանը իր լավ ընկերն է: Միեւնույն ժամանակ վերջինս խուսափեց իր թեկնածությանն ու շանսերին վերաբերող հարցերին պատասխանելուց:

Եվ չնայած դաշինքում եւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մասնակցության ձեւաչափի հետ կապված վերջնական որոշում առկա չէ, սակայն երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծիք է հայտնել, թե ավագանու ցուցակը գլխավորողը պետք է միանշանակ լինի հենց իրենց կուսակցությունից:
Ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը չցանկացավ գնահատական տալ Նազարյանի ասածներին` ընդգծելով, թե դա վերջինիս անձնական կարծիքն է: Միեւնույն ժամանակ նա նշեց, թե մասնակցության ձեւաչափի եւ այլ հարցերին շուրջ քննարկումներն ակտիվորեն շարունակվում են, եւ «Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին` անկախ ձեւաչափի շուրջ որոշումից: Թեկնածուների անունները չմատնանշելով` Սամսոնյանն ամեն դեպքում չհերքեց, որ իրենց թեկնածուների թվում քննարկվում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի անունը:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս նշեց, որ մասնակցության ձեւաչափի շուրջ քննարկումները ակտիվորեն շարունակվում են եւ, ըստ էության, չբացառեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ չի լինի, եթե դաշինքով մասնակցելու դեպքում ցուցակը գլխավորի հենց ՔՊ-ի թեկնածուն: Ամեն դեպքում Վարդանյանը նշեց, թե իրենց կուսակցությունում տարբեր սցենարներ են քննարկվում` թե՛ առանձին մասնակցության, թե՛ դաշինքով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս