Առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մատնահետքով նույնականացման, մատների թանաքոտման եւ ընտրողների նախագրանցման մեխանիզմներ ԸՕ-ում չեն ամրագրվի: Այս մասին երեկ հայտնել է վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում Իոննիսյանն էր իշխող ՀՀԿ-ից պահանջում ընտրական կարգավորումների մեջ պարտադիր ներառել թանաքոտման եւ այլ մեխանիզմներ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում է ստացել Դանիել Իոաննիսյանից:
-Պարո՛ն Իոաննիսյան, այս պարագայում, երբ մատների թանաքոտման եւ այլ մեթոդներ չեն գործելու, չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ի մոտ կարող է անվստահություն առաջանալ ընտրությունների հանդեպ:
-Մենք բազմաթիվ այլ մեխանիզմներ ենք առաջարկելու, որոնք քննարկվում են: Դեռ որոշումներ չկան: Ես չեմ կարող կանխատեսել` ՀՀԿ-ի մոտ ինչը կարող է վստահություն կամ անվստահություն առաջացնել: Բայց լինելու են կարգավորումներ, որոնցով հանրությանը երաշխիքներ են տրվելու, որ կրկնաքվեարկությունն անհնար է լինելու:
Հ. Գ. Ամեն դեպքում պետք է նշել, որ գլխավորը քաղաղաքական կամքի առկայությունն է: Եթե դա եղավ, ապա ընտրությունները չեն կեղծվի` անկախ այս կամ կարգավորումից: