«Կարող էի 11 ամիս աշխատել». ինչու պաշտոնից ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ին ստորագրած որոշմամբ` Արամ Թամազյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Թամազյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2014 թվականի սեպտեմբերին, 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գլխավոր դատախազը, 2005-2014 թվականներին` գլխավոր դատախազի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը Արամ Թամազյանի հրաժարականի մասին զրուցեց վերջինիս հետ՝ հասկանալու համար, թե ում հորդորով է գնացել այդ քայլին:

-Պարո՛ն Թամազյան, Ձեզ ո՞վ հորդորեց հրաժարականի դիմում ներկայացնել:

-ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի համաձայն` ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով, ես նորանշանակ կոմիտեի նախագահի հետ կարող էի աշխատել ընդամենը 11 ամիս, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, որը լրանում էր մյուս տարվա հունիս ամսին: Այդ պատճառով որոշեցի հնարավորություն ընձեռել քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին նոր թիմ ձեւավորելու հարցում` նկատի ունենալով, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը տասնապատիկ ավելացել է, եւ զգալի խնդիրներ կան, եւ զգալի խնդիրներ են առաջադրվել նույն հաստիքների պարագայում: Գումարած նաեւ սերնդափոխության խնդիրը, ես որոշեցի, որ ինքս դիմում գրեմ եւ խնդրեմ, որ երկրի վարչապետը իմ դիմումի համաձայն ինձ ազատի աշխատանքից:

-Դուք նշեցիք, որ զգալի խնդիրներ կան եւ զգալի խնդիրներ են առաջադրվել, եւ այս պատկերին զուգահեռ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ասում են, որ չնայած իրավիճակին` երանելի ժամանակներ են եկել իրենց համար, իրենք ազատ են: Ինչո՞ւ Դուք հենց այդ զգալի խնդիրների առաջադրման, այս երանելի ժամանակների փուլում դուրս եկաք, ի վերջո, 11 ամիս կար աշխատելու երանելի ժամանակներում:

-Առանձնապես խնդիրներ չեն եղել, բայց քանի որ պետք է նոր թիմ ձեւավորվի, նորից եմ ասում, կարող էի 11 ամիս աշխատել, հետո օրենքը որոշակի սահմանափակում է մտցնում, սա է, ուրիշ խնդիր չկա: Բացի այդ, 43 տարի ես իրավապահ մարմինների համակարգում աշխատում եմ, աշխատել եմ եւ, կարծում եմ, որ բավականին տեւական ժամանակ է 43 տարին, եւ կցանկանայի, որ ցանկացած աշխատող այսքան տեւական ժամանակ ծառայի իր հայրենիքին:

-Իսկ կարո՞ղ է Աղվան Հովսեփյանի առաջ որոշակի պարտավորություն կար, որ Դուք դուրս եկաք:

-Աղվան Հովսեփյանը մեկ ամիս արդեն ազատված է պաշտոնից, նախորդ ամսվանից նա ազատվել է, այնպես որ նա որեւէ առնչություն չունի իմ այս հրաժարական ներկայացնելու հետ, եւ ընդհանրապես ոչ մեկ: Ես օրենքով սահմանված կարգով, պաշտոնավարման դադարեցման հիմքերից մեկը ուրեմն սահմանված տարիքի լրանալն է, որը կարծում եմ, որ արդեն չկար, հաջորդը քաղաքացիությունը կորցնելը, որը չկա եւ այլ հիմքեր, որոնք չկային, եւ պաշտոնավարման դադարեցման հիմքերից մեկը դիմումն է, որից ես օգտվել եմ:

-Իսկ ի՞նչ եք անելու:

-Նախ առաջինը կցանկանամ իրավապահ ոլորտի աշխատողներին՝ նկատի ունենալով, որ կադրերն են որոշում ամեն ինչ` կուզեի, որ համակարգային հաջողություններ արձանագրվեն քննչական կոմիտեում եւ այլ իրավապահ մարմիններում, մասնավորապես դրան հասնելու համար պետք է կադրերի ճիշտ ընտրություն կատարել, իրականացնել կադրային ճիշտ քաղաքականություն: Իսկ ինչ եմ անելու ես, ես դեռ հանգստանալու եմ, շարունակելու եմ իմ գիտամանկավարժական գործունեությունը, գիտեք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր եմ, ՀՀ վաստակավոր իրավաբան, դասավանդում եմ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում, նաեւ Երեւանի պետական համալսարանում, չգիտեմ` կարող եմ դասաժամերս մի քիչ ավելացնել կամ թողնել նույնը, այնպես որ այս ոլորտում կարող եմ ծառայել մեր մատաղ սերնդի իրավագիտական գիտելիքների բարձրացման գործում:

-Իսկ ի՞նչ կասեք ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահի` Հայկ Գրիգորյանի մասին:

-Ես չեմ ցանկանա գնահատականներ տալ:

-Ինչո՞ւ:

-Գնահատականը կտա ժամանակը, ես պարզապես կցանկանամ, որ հաջողություններ արձանագրվեն համակարգում` անկախ ունեցած հարաբերություններից: Անձնական հարաբերությունները կարող են մի որոշ ընթացքում դրսեւորվել այլ կերպ, մի որոշ ընթացքում այլ կերպ, բոլոր դեպքերում ես ավելի գերադասել եմ պետական շահը, պետության շահը, եւ նման դեպքում համակարգին կցանկանամ միայն լավը, որ համակարգը համալրվի բանիմաց, հայրենասեր, աշխատասեր, եռանդուն, սկզբունքային, նվիրյալ կադրերով, իսկ ղեկավարությունն էլ կատարի իր պարտականությունը համակարգի աշխատողների առջեւ: Ի՞նչ ասեմ. այսքանը:

Քնար Մանուկյան




Լրահոս