2018 թվականի մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող նախկինում Իջեւանի զորամասի տարածք հանդիսացող շենք-շինությունները եւ 8,9 հա հողամասը անհատույց նվիրվել են Հայաստանյան Առաքելական եկեղեցուն: Այդ նվիրատվությունը կատարվել է առանց Գետահովիտ համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու:
Գետահովտի ավագանին, համայնքի ղեկավարը կարծում են, որ ավելի նպատակահարմար է տարածքը եւ շինությունը մնան որպես պետական սեփականություն, այնուհետեւ հստակ ծրագիր լինելու դեպքում համապատասխան ներդրումներ ապահովելու պայմանով հանձնվեն որեւէ կազմակերպության կամ անհատի: Նրանց խոսքերով` առանց այդ էլ Գետահովիտը մեծ տարածքներ չունի, որոնցից կարողանար հարկեր գանձեր եւ ավելացներ իր սեփական եկամուտները: Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ կայացած հանդիպմանը մասնակցել են ՀԱԵ Տավուշի թեմի ներկայացուցիչները` թեմի առաջնորդ, տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Գետահովիտ համայնքի ավագանու անդամներ, համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը:
Բագրատ եպիսկոպոսը հայտնել է, որ եկեղեցին նախատեսում է այնտեղ ստեղծել բազմագործառույթ կենտրոն` «Գետահովիտ մանկապատանեկան գյուղ», որը լինելու է որպես տեղական ու միջազգային երիտասարդական ճամբար, նաեւ որպես հոգեւոր վերականգնողական կենտրոն քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Նրա խոսքերով` նախատեսվում է հիմնանորոգել դեպի տարածք տանող ավերված ճանապարհը, բոլոր շինությունները, վերանորոգել լողավազանները, ստեղծել խոտածածկ ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի եւ թենիսի դաշտեր` ձեւափոխելով առկա շարահրապարակները:
Ակնկալվում է, որ կստեղծվեն աշխատատեղեր, որոնք կարող են զբաղեցնել Գետահովիտի բնակիչները: Բագրատ եպիսկոպոսը հայտնել է, որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է 3-5 միլիոն ԱՄՆ դոլար հայթայթել, այդ նպատակով իրենք բանակցել են տարբեր անհատ բարերարների ու կազմակերպությունների հետ: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հուլիսի 13-ին համայնքում նախատեսված է ժողով, որի ընթացքում կքննարկվի այդ խնդիրը:
Նա ասաց, որ համայնքի ավագանին, դպրոցի կոլեկտիվը դեմ են եկեղեցու ծրագրին, Բագրատ եպիսկոպոսը իրենց հստակ չի հայտնել, թե ծրագրի իրականացման համար 3-5 միլիոն դոլարը ե՞րբ է հանգանակվելու, ե՞րբ է ծրագիրը կյանքի է կոչվելու, դրա համար ի՞նչ երաշխիքներ կան: Համայնքապետն ասաց, որ հուլիսի 13-ի համայնքի ժողովը, ըստ ամենայնի, դեմ է արտահատվելու ծրագրին: Համայնքի ղեկավարի վկայությամբ` ըստ ընթացակարգի` պետությունը նշված տարածքները պետք է հանձնի համայնքին, համայնքն էլ` եկեղեցուն. Գետահովիտ համայնքը նման մտադրություն չունի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ