Ռուսաստանն ատամներ է ցույց տալիս. ինչպես փաստի առաջ կանգնեցրեց Հայաստանի նոր կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հեղափոխական գործընթացների առանցքային, բայց սքողված կողմը Ռուսաստանն էր: Վերջինս, ի տարբերություն տարածաշրջանի մյուս հեղափոխությունների, այս անգամ ուղղակիորեն չմիջամտեց հայաստանյան իրադարձություններին, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ քայլ առ քայլ փորձում է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Դատելով նախորդ փորձերից` դրա համար ոչնչի առաջ կանգ չի առնելու:

Հեղափոխության օրերին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բանաձեւում էր, որ Հայաստանում կատարվողը ներքին գործեր են, ուստի պաշտոնական Մոսկվան չի կարող մեկնաբանել դրանք: Սակայն հրապարակային հայտարարություններից զատ ռուսական շրջանակները ակտիվորեն փորձում էին ազդել գործընթացների վրա սեփական կամ ՀՀ արդեն նախկին իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ: Հիշենք, որ այդ ժամանակ Հայաստան ժամանեց ռուս պատգամավորների մի մեծ խումբ տեղում ծանոթանալու իրադարձությունների ընթացքին: Նիկոլ Փաշինյանի հետ նշյալ խմբի հանդիպումից հետո ռուսական շրջանակների նախաձեռնողականությունն այս ուղղությամբ մարեց` տեղը զիջելով սպասողականությանը: Այդ պայմաններում էլ անցավ Նիկոլ Փաշինյանի` վարչապետի կարգավիճակով առաջին արտերկրյա այցը Ռուսաստան:

Անգամ Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսական մամուլը շարունակեց պահպանել հակասական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, իսկ Կրեմլի հետ առնչակից շրջանակները մերթ չեզոք էին արտահայտվում Հայաստանի հասցեին, մերթ հստակ ադրբեջանամետ կարծիքներ շրջանառում: Ի դեպ, հատկանշական է, որ ռուսական շրջանակները Հայաստանի մասին խոսելիս շոշափում էին (այդ պրակտիկան շարունակում են նաեւ այսօր) Ադրբեջանի գործոնը: Ցանկացած առիթով, երբ խոսք է լինում Հայաստանի մասին, կրեմլամերձ շրջանակները թեման կապում են Արցախի հակամարտությանը: Ակնհայտ է, որ այսօր ռուսական վերանախավի` Հայաստանի հանդեպ ունեցած թերեւս միակ ազդեցության լծակը ԼՂ-ի հակամարտությունն է, որով հնարավոր է շանտաժի ենթարկել Հայաստանի իշխանություններին: Նման իրավիճակը, անշուշտ, բնական է, քանի որ լեգիտիմ իշխանությունների դեմ տրցակներով կոմպրոմատներ չկան, եւ միակ հույսը մնում է պատերազմի սպառնալիքը ճոճելը:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանն այս ուղղությամբ բռնի քարոզչական արշավից անցում կատարեց գործնական քայլերի: Հատկապես այն շրջանում, երբ քաղաքական դիսկուրսը սկսեց ծավալվել Հայաստանի` ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու եւ վերջինս որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխիք ընկալելու հարցերի շուրջ, զուտ «պատահականորեն» լարվեց ոչ թե ղարաբաղաադրբեջանական, այլ հայ-նախիջեւանյան սահմանային դրությունը: Նախիջեւանի կարգավիճակը յուրահատուկ է այս առումով, քանի որ դրա նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունի Թուրքիան: Եվ հաշվի առնելով վերջինիս ներկայիս աննախանձելի իրավիճակը, ինչպես նաեւ հանգամանքը, որ Նախիջեւանի ճակատում ռազմական որեւիցե տեսակի գործողություն կարող է ավելի մեծ մասշտաբներ ստանալ, քան Կովկասի երեք գործող հակամարտությունները միասին վերցրած` խիստ կասկածելի է թվում Թուրքիայի շահագրգռվածությունը տեղում լարում հարուցելու առումով: Ադրբեջանի նախագահն էլ միամիտ չէ, որ չպատկերացնի իրավիճակի նրբությունն ու այժմ ռազմական արկածախնդրության գնա այն էլ նախիջեւանյան ճակատում: Այսժամ իրատեսական է ռուսական ինչ-ինչ շրջանակների հետաքրքրվածությունը նախիջեւանյան հատվածի լարվածությամբ` փորձելով Հայաստանի իշխանություններին հիշեցնել, թե որքան երերուն է Հայաստանի անվտանգությունը:

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ռուսաստանը անցավ նոր գրոհի: Նախ ՀՀ վարչապետը ստիպված կլինի մասնակցել ԵԱՏՄ վարչապետների նիստին, թեպետ ի պաշտոե դրան պետք է ներկա լիներ ՀՀ փոխվարչապետներից մեկը: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան, որ Փաշինյանի ներկայությունը պահանջել են ռուսական շրջանակները Բրյուսել կատարած այցի սրբագրման համար: Այդուհանդերձ, դա էլ բավարար չեղավ, եւ օրեր առաջ տեղի ունեցավ Փանիկ գյուղի միջադեպը` ռուսական ռազմաբազայի` Հայաստանի ինքիշխանությունը ոտնահարելուն միտված անթույլատրելի պահվածքով: Եվ ահա Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ գնահատականից հետո ռուսական մամուլը կրկին սրերն ուղղեց Հայաստանի դեմ: Ռուսական պալատական փորձագետներից Տարասովը սպառնաց, որ առանց ռազմաբազայի ՀՀ անվտանգությունը խաթարվելու է` նախազգուշացնելով ՀՀ վարչապետին զերծ մնալ «անհասկանալի հայտարարություններից»: Այնուհետեւ lenta.ru կայքն էլ Հայաստանը հռչակեց Ուկրաինայի «քույր պետություն»` ստոր հերյուրանքներով պնդելով, թե Հայաստանի նոր իշխանությունները ձգտում են ինտեգրվել ՆԱՏՕ-ին:

Բնական է, որ Կրեմլում չեն կարող զոհ գնալ վերոնշյալ սեւ քարոզչությանը, քանի որ հենց իրենք են դրա նախաձեռնողը: Առավել հետաքրքիր է, որ հեղափոխության շրջանում զերծ մնալով ուղիղ միջամտությունից` այսօր Ռուսաստանը սկսել է ատամներ ցույց տալ: Խելամտորեն ուղղակիրեն չխառնվելով ներհայաստանյան իրադարձությունների ընթացքին ու չխափանելով ժողովրդական շարժումը` Ռուսաստանն ընտրեց նոր իշխանությունների առաջ հետագայում դժվարություններ հարուցելու մարտավարությունը: Այս բավականին խելամիտ ու հանդարտ գործողությունները, որոնք հաճախ չեն բնորոշ Ռուսաստանի կովկասյան քաղաքականությանը, կարող են ՌԴ շահերի տեսնակյունից արդյունավետ լինել:

Այժմ Ռուսաստանը փաստի առաջ է կանգնեցնում Հայաստանի նոր ղեկավարությանը, որը դեռ ամուր հողի վրա չի էլ կանգնած` հաշվի առնելով արտահերթ ընտրությունների ձգձգումը: Արդ, իշխանությունները պարտավոր են շուտափույթ մասնագիտական մոտեցում որդեգրել ՌԴ հետ հարաբերություններում` հրաժարվելով իրավիճակային լուծումներից, եւ դիվանագիտական ակտիվ քայլերով ռուսական շրջանականերին պարզաբանել սեփական դիրքորոշումը: Ռուսաստանը չի կարելի նույնացնել ծանրաշարժ արեւմուտքին, որտեղ որոշումները կայացվում են նաեւ քաղաքական էթիկայի տրամաբանության հիման վրա:

Ն. Հովսեփյան




Լրահոս