Զինվորական համազգեստի որակը կբարելավվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՊԲ զինծառայողները դժգոհում են համազգեստի որակից: Աշխատանքներ են տարվում այն բարելավելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը անդրադարձել է նաև զինվորականների համազգեստների որակի բարելավման հարցին և այս ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքներին:

«Համազգեստը ավելի լավ որակի դարձնելու և կատարելագործելու անհրաժեշտություն միշտ կա, և այդ աշխատանքներն իրականացվում են: Այս խնդիրը վերջին անգամ ներկայացվել է մի քանի օր առաջ և շուտով կլուծվի»,- ասել է Մնացականյանը:

Համազգեստի խնդիրը հիմնականում առնչվում է գունաթափությանը. մի քանի անգամ լվանալուց հետո այն գունաթափվում է և դառնում է հագնելու համար ոչ պիտանի: Նախարարը հավաստիացրեց, որ այդ թերությունը համատարած չէ և վերաբերում է միայն մի մասին: Խնդիրը ներկայացված է ղեկավարությանը և լուծման փուլում է:

Ինչ վերաբերում է կոշիկների որակին, ապա Լևոն Մնացականյանը նշեց, որ 2018 թվականի հունվարի 1-ից կոշիկների հետ կապված բոլոր թերությունները վերացվել են: Այսօր զինծառայողներին մատակարարվում է բոլորովին այլ կոշիկ` կաշվից:




Լրահոս