«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետեւանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ: Ոչ միայն կրկին ակտիվացել են մարդ-կուսակցությունները, այլեւ նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում մոտ 90 կուսակցություն կա:
«Բանվորական միություն», «Ինտելեկտուալների», «Բագրեւանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունների կողքին իրենց անունը գրելու հայտ են ներկայացրել նորերը: Ինչպես հայտնի է, կուսակցություն է ստեղծել Անդրիաս Ղուկասյանը, նախկին ՀՀԿ-ական, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ավելին` նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները Նախախորհրդարան նախաձեռնության հետ միասին: Ընդ որում` այս երկուսը նույն թիմն են:
Ու հետաքրքիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մտադիր է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնելու ակնկալիքով: Նախկինում, երբ ՀՀԿ իշխանության օրոք կեղծվում էին ընտրությունները, մարդ-կուսակցությունների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան եւ հաճախ չէին մասնակցում ընտրություններին: Բայց հիմա, ընդհակառակը, ոգեւորված համաժողովրդական շարժման հաղթանակով` նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երեւակայում իր մեծ ախորժակով:
Մեկ հետաքրքրական փաստ էլ. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնեն: Առավելագույնը մեկ տասնյակ կուսակցությունից բացի մնացած 80-ը որեւէ համագումար չեն արել: Բայց այս դեպքում օրենքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն չի տալիս: Նաեւ հայտնի չէ, թե որ մարմինն է իրավասու վերահսկել օրենքի պահպանումը»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում