Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը:
Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնություններին ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են: «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ: