Փոքր կուսակցությունների մեծ ախորժակը. ինչ սպասել խորհրդարանակն ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետեւանքներով հանդերձ քաղաքական դաշտի վրա այնուամենայնիվ մեկ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն կրկին ակտիվացել են փոքր, մարդ-կուսակցությունները, այլեւ նոր մարդ-կուսակցություներ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Եվ սա այն դեպքում, որ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված է 90-ից ավելի կուսակցություն, չնայած նրանց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, կան նաեւ լուծարվածներ:

Ամեն դեպքում, դա չի խանգարում, որպեսզի Հայաստանում անգամ նոր կուսակցություններ ստեղծվեն, որոնք հավակնություններ ունեն նաեւ խորհրդարանական ընտրությունների մասնակցելու եւ ոչ ավելի, ոչ պակաս՝ խորհրդարանում բավական լուրջ ներկայացվածություն ունենալու ակնկալիքով: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թվականին կայացած ընտրություններից հետո նվազագույն շեմը չէին հաղթահարել անգամ քաղաքական դաշտի լուրջ դերակատարներից ոմանք՝ ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, որոշակի լծակների տիրապետող ՕԵԿ-ը:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո անցել է երկու ամիս, եւ այս ընթացքում արդեն կուսակցություն է ստեղծվել, եւ բոլորն էլ հայտարարել են ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Կուսակցություններից մեկը ստեղծել է Անդրիաս Ղուկասյանը, մյուսը` Խաչիկ Ասրյանը , իսկ նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին «Սասնա ծռերն» ու նախախորհրդարանը, որ, ըստ էության, նույն թիմն են՝ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Եվ այս երեքից գոնե երկուսը հայտարարել են նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անվերապահ աջակցելու մասին:

Ինչպես նշեցինք, Հայաստանում կուսակցությունների թիվն անցնում է 90-ից, որը, համաձայնեք, ահռելի թիվ է Հայաստանի համար: Սակայն այդ 9 տասնյակ ուժերից քաղաքական ասպարեզում եթե նայենք, ապա ակտիվների թիվը կարող է չանցնել նույնիսկ 10-ը: Իսկ ընդհանրապես, 9 տասնյակ կուսակցությունների մեջ կան անուններ, որոնց մասին երբեւէ շարքային քաղաքացին եւ անգամ լրատվամիջոցները կարող են չիմանալ: Դրանց թվին են պատկանում «Բանվորական միություն» կուսակցությունը, «Ինտելեկտուալների» կուսակցությունը, «Նոր երկիր», «Բագրեւանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունները: Էլ չենք ասում այսպես կոչված մյուս կուսակցությունների մասին, որոնց միայն անունն է հնչել:

Ու հիմա վերջերս տեղի ունեցող գործընթացները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկա արտահերթ ընտրությունները կարող են դառնալ ՀՀ պատմության մեջ ամենաբազմազանը, երբ յուրաքանչյուրը, կարծելով, որ ժողովրդավարական Հայաստանում ունի եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնելու շանս, որոշի մասնակցել: Նախկինում, երբ ՀՀԿ-ն հաստատել էր քաղաքական մենաշնորհ` չխորշելով դիմել ընտրակեղծիքների, բաժանելով ընտրակաշառք եւ օգտագործելով վարչական ռեսուրսները, մարդ-կուսակցություների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան: Բայց հիմա, ընդհակառակը, ոգեւորված համաժողովրդական շարժման հաղթանակով, նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երեւակայում, իր մեծ ախորժակով:

Այս գործընթացին նպաստեց նաեւ փաստը, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով նոր քաղաքական միավորումներ գրանցելու գործընթացը վերջերս է հեշտացվել: 2016 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ընդունվեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքը: Նոր օրենքը բոլորը համարում էին լիբերալ, քանի որ նպատակ ունի ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ կուսակցությունների գրանցման եւ գործունեության համար: Սակայն այդ օրենքի քննարկման ժամանակ էլ պատգամավորների մի մասը կարծիք հայտնեց, որ ազատականացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ՝ նպաստելով արդեն իսկ առկա «մարդ-կուսակցությունների» կտրուկ ավելացմանը։

Նոր օրենքի նախագծով առաջին հերթին դյուրացվեց կուսակցությունների գրանցման գործընթացը: Եթե մինչ այդ գործող օրենքով կուսակցությունը հիմնադիր ժողովին պետք է ունենար 200 անդամ՝ վեց ամիս անց անդամների թիվը հասցնելով 2000-ի, ապա այժմ հիմնադիր համագումարին պետք է ունենա 100 անդամ, պետական գրանցման պահին՝ 800 անդամ, որոնք կներկայացնեն Երեւան քաղաքը կամ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքը եւ մարզերի առնվազն 1/4-ը:

Ընդ որում` հետաքրքիր է նաեւ, որ նախկին օրենքում ամրագրված էր, որ կուսակցությունը ՀՀ քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, իսկ գործող օրինագծում կուսակցության սահմանման մեջ նշվում է միայն, որ կուսակցությունը քաղաքացիների կամավոր միավորում է առանց շեշտադրելու ՀՀ-ն` որպես քաղաքացիության երկիր։

Բացի այդ, այս օերնսգրքով կուսակցության պարտականություններում ամրագրված է միայն գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դրույթը, եւ այդ հարցերը կարգավորում է վերստուգիչ հանձնաժողովը, սակայն կուսակցության աշխատանքը վերահսկող մարմին առկա չէ, եւ սա օրենսդրության բացն է: Այլապես, պետք էր հստակ գործողություններ հետեւեին, եթե կուսակցություները, հակառակ օրենքի պահանջի, առնվազն երկու տարին մեկ անգամ համագումար չհրավիրեն: Այս դեպքում պարզ չէ, թե իրավական ինչ գործընթացներ կհետեւեն եւ ում կողմից: Նախագծի հեղինակներն առաջին հերթին դյուրացման են գնացել` այն նպատակն ունենալով, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում պետք է կուսակցությունները շատ առկա լինեն, կայանան, զարգանան: Սակայն մեզ մոտ կուսակցությունների թիվն առանց այդ էլ մեծ էր, եւ դա ամենեւին էլ չէր խոսում համակարգի կայացման կամ զարգացված լինելու մասին. ի վերջո, այդ ուժերից ակտիվ քչերն են եղել, մյուսները համարվել են «մարդ-կուսակցություններ», եւ հաճախ դրանց առաջատարներն էլ հանգրվան են գտել ԱԺ ՀՀԿ խմբակցությունում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս