Վանաձորի ավագանու հուլիսի 23-ի արտահերթ նիստի բոյկոտից հետո ArmLur.am-ը Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց քայլի հիմանական պատճառի մասին: Նա վիրավորված էր Վանաձորի քաղաքապետի արձագանքից: Հիշեցնենք` Մամիկոն Ասլանյանը ավագանու արտահերթ նիստում ԼՀԿ-ի բոյկոտը որակել էր որպես կամակորություն. «Ես շատ ցավով պետք է նշեմ, որ եթե մեր պահանջը առ այն, որ ներկայացվող հարցերը պետք է նախապես քննարկվեն համապատասխան հանձնաժողովներում, ապա ներկայացվեն կարծիքներ և դիտարկումներ դրանց վերաբերյալ որակվում է որպես կամակորություն, ապա դա վկայում է, որ Վանաձորը օր առաջ պետք է ձերբազատվի ՀՀԿ-ական ղեկավարությունից:
Ստացվում է, որ քաղաքապետը հստակ որդեգրել և շարունակում է ՀՀԿ-ական աշխատելաոճը` միանձնյա` առանց քննարկումների հարցերին լուծումներ տալու ավանդույթը: Սա խայտառակ մոտեցում է, երբ քաղաքապետը չի հետևում օրենքի պահանջին, չի կարևորում հանձնաժողովների դերը, մասնակցային կառավարման սկզբունքները, այլակարծությունը, որի արդյունքում փաստացի իմաստազրկում է հանձնաժողովների դերը»:
ԼՀԿ-ն բազմաթիվ չարաշահումների մասին է խոսել, անգամ սիզամարգերը կառուցապատելու համար դատախազություն է դիմել: Կուսակցության համար առաջնային է երաժշտական դպրոցի մասնագետ տնօրեն ունենալու եւ թիվ 34 ՆՈւՀ-ում խումբ բացելու հարցը: Այս մանկապարտեզը նաեւ տուգանվել է նախատեսված քանակից ավելի սաներ ունենալու համար, թեեւ պայմանները բավարարում են. «Եթե խնդրի մասին այսքան բարձրաձայնելուց, գրություններ ուղարկելուց հետո քաղաքապետն անտեսում է հարցերը հանձնաժողովներում պատշաճ կարգով ուսումնասիրության ներկայացնելը, և մեր հորդորը այսքանից հետո որակում է որպես կամակորություն, ապա դա ցույց է տալիս նրա կողմնակալ, երկստանդարտ և ընդհանրապես ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը»:
«Ամեն ինչ պահի տակ եղավ, գուցե այդ պահին ճիշտ հաշվարկներ չարեցին, որ բոյկոտին միանալով քվորում չէր լինի: Եւ մեր հիմնական պահանջն էլ դա չէր, այնտեղ հարցեր կային, որ անհրաժեշտ էին այս ժամանակահատվածում քվեարկության դնելու համար»:
ԼՀԿ-ն իր քայլը բոյկոտ չի համարում, դա վերաբերմունք էր, եւ այդ պահին նիստերի դահլիճից հեռացումով բնորոշվեց: Թեեւ ԼՀԿ-ի համար առաջնային է քաղաքապետի պաշտոնանակության հարցը, բայց եթե մինչեւ սեպտեմբեր չհաջողվի, նրանք անպայման մասնակցելու են համայնքի ավագանու նիստերին, որ կարողանան վերահսկել ՀՀԿ-ի անօրեն գործելաոճը:
Նելլի Դավթյան