ՖՈՏՈ ՎԻԴԵՈ. Թումանյան համայքի ղեկավարի և ավագանու միջև կռիվ է ընկել. մարզպետին կհաջողվի՞ ելք գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժայռաբեկոր ու քարուքանդ միջհամայնքային ճամապարհներով քայլող եւ դեռեւս ձորից ջուր բերող Թումանյան խոշորացված համայնքի՝ Մարց, Քարինջ, Շամուտ, Լորուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերում ապրողների համար երազանք է նաեւ տանը կապույտ վառելիք, աղբյուրից հոսող ջուր եւ մշտական հոսանք ունենալը. «Գազի տրուբեն բերել, Լորուտ են հասցրել, բայց ընտրյալներն են կարողանում օգտվել: Մոտկորը յուրաքանչյուր ամպրոպից ու կայծակից մթության մեջ է հայտնվում, ու եթե նույն օրը հոսանքը վերականգնվում է, դեռ տանելի է: Բոլոր համանքներում թաղամասեր կան, որ ջուրը դեռ ձորերից կամ մոտակա աղբյուրից են բերում»,- ասում է Ահնիձորի ավագանու անդամ Հրանտ Սարգսյանը:

Թումանյանից (Ձաղիձոր) Մոտկորի գյուղ տանող 28 կմ-անոց միջպետական ճանապարհը 2011թ-ին գրունտային եղանակով վերանորոգվեց, բայց ժամանակից շուտ քայքայվեց հատկապես սելավներից եւ ծանր մեքենաներից: Ավելի վտանգավոր են ներհամայնքային՝ արոտավայրեր եւ յայլաներ տանող ճանապարհները. «Արոտավայրի զարգացման ծրագրով փոքր-ինչ նորոգվեցին ճանապարհները, բայց խոտով, փայտով նաեւ սարվորի քոչով ծանրաբեռնված մեքենաները ճանապարհի քանդման պատճառ դարձան»:

Ամռան այս շրջանում Մոտկորի գյուղերում անգամ զրուցակից գտնելն է դժվար: Գյուղաբնակները սարերում ձմեռվա ապրուստն են հոգում: Հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը անասնապահությունն է, տեղանքը բարենպաստ է (անծայրածիր արոտավայրեր եւ խոտհարքեր), բայց կաթնամթերքի իրացումն է խնդիր. «Շուկայից շատ հեռու է: Գյուղաբնակները, դժգոհելով մթերման ցածր գներից, ստիպված մթերքը հասցնում են Ալավերդու, Թումանյանի կամ Վանաձորի շուկաներ, կամ էլ նույն ցածր գնով տեղում փոխանակում այլ մթերքի հետ»:

Երիտասարդները առօրյա հոգսերից զատ զբաղմունքի ոչ մի կենտրոն չունեն, միայն Քարինջ եւ Թումանյան համայնքներում բակային ճամբարն է երեխաների առօրյան հետաքրքիր դարձնում:

Այս խնդիրները մատնացույց անելով` համայնքի 9 հոգանոց ավագանին բողոքում է համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանից` նշելով, թե խոշորացումն ավելի է վնասել իրենց բնակավայրերին, եւ համայնքապետն աշխատում է օրենքը շրջանցելով:

Համայնքապետն էլ իր հերթին դժգոհում է ավագանու 2 անդամից՝ Տիգրան Մխիփարյանից (Քարինջ) եւ Մերուժան Խեչոյանից (Թումանյան), ովքեր, ըստ նրա, մշտապես դեմ են քվեարկում համայնքային խնդիրների լուծմանը: Այս մտքին անմիջապես հակադարձում են ավագանու անդամները. «Ամեն անգամ չէ. բյուջեին եմ դեմ քվեարկել, որովհետև ծախսերը ռեալ չեն: Դեմ եմ քվեարկել նաև հակաօրինական նախագծերին, օրինակ` Թումանյանի կամուրջի վերանորգմանը»:

Համայնքապետը պատասխանում է, թե ինքն օրենք է խախտել եւ գիտակցում է, բայց կամուրջնը, նրա խոսքով, իսկապես անմխիթար եւ վտանգավոր էր: Անկախ այս հանգամանքից համայքի ավագանին դժգոհում է, որ կողքի գյուղերում ավելի քիչ ծրագրեր են իրականացվում, քան Թումանյանում: Մ. Խեչոյանի կարծիքով ճիշտ հակառակն է, բյուջեի 20 տոկոսն է Թումանյան համայքի վրա ծախսվել, իսկ Տ. Մխիթարյանն ասում է, թե մինչ միանալն ավելի շատ գործ էր արվում գյուղացու համար. «Միայն աղբահանության հարցն է լուծվել, էն էլ մինչեւ չենք զանգում, խնդրում, ջղայնանում, չեն գալիս տանեն: Կանգառներ են կառուցել, որ անիմաստ ծախս է»:

Համայնքապետն այս մեղադրանքներին արձագանքեց, թե ավագանին իր կողքին չի կանգնում, եւ արդեն 40 մլնի ապառք կա, հայտարարեց, թե որ գյուղից ապառքը հավաքվեց, այդ գյուղի համար էլ ծախսվելու է: Ու կրկին կողքից հիշեցրին օրենքի կետը՝ տարեկան բյուջեով նախատեսված ծրագրեր իրականացնելու համար: Զավարյանը մի հայտարարություն էլ արեց, թե իբր իր դեմ բողոքի ալիքը թաքցրած գույքի բացահայտման պատճառով է: Սա էլ հակադարձվեց՝ ի՞նչ գույք, գոմը, տունը կամ այլ միջոց ոնց կարելի է թաքցնել:

Այնուամենայնիվ, երկար, աղմկոտ նիստի ընթացքում այդպես էլ համայնքի ղեկավարն ու ավագանին մի հայտարարի չեկան: Մարզպետ Հ. Մարգարյանը, որ ի սկզբանե պաշտպանում էր համայնքապետին, հորդորեց լեզու գտնել իրար հետ եւ աշխատել ժողովրդի համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նելլի Դավթյան




Լրահոս