Հունիսի 25-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։
Նույն օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի եւ աջ ազդրի կտրած վերք։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք մարմնական վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտայի 29/10 հասցեում գործող գրավատան դիմաց տեղի ունեցած վեճի ժամանակ։
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Հետագա միջոցառումներով Էրեբունու քրեական հետախույզները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված անձանց դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել հիշյալ գրավատան տնօրեն Բաբկեն Մելքոնյանը։
Բացատրական աշխատանքների արդյունքում Երեւանի բնակիչ 37-ամյա Մելքոնյանը հուլիսի 26-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։
Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։