ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տեւական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեեւ բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ: Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է նաեւ նրա անունը: ԱԱԾ-ն զբաղվում է նաեւ Մարգարյանի ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրելով: Այնպես որ, տեղի ունեցածը որեւէ նորույթ չէր, չնայած թավշյա հեղափոխությունց հետո Տ.Մարգարյանն ասել էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա:
Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը որեւէ կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, չի մատնանշել թեկուզ եւ չնչին պատճառ: Պարզ չէ՝ հրաժարականը համաձայնեցված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին` ասելով, թե «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է»: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը երեկ չէր պատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին:
Մինչ այդ, հիշեցնենք, Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, թե ինքը Մարգարյանին մեկ անգամ կհորդորի հրաժարական ներկայացնել, ու վերջինս կհետեւի այդ հորդորին, վարչապետը նաեւ ասել էր, թե Մարգարյանը քաղաքապետ է դարձել ընտրակաշառքով: Ու հիմա պարզ չէ՝ Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորով է տեղի ունեցել, թե նա այդ քայլին գնացել է` հարուցված ու նախապատրաստվող քրեական գործերը տեսնելով: Մյուս կողմից, սակայն, պետք չէ մոռանալ, որ Մարգարյանը ՀՀԿ ԳՄ անդամ է, ԱԺ ընտրություններում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն էր: Ասել է, թե նա նախկին իշխանության առանցքային դեմքերից էր, որն ընդունելի չէր նոր իշխանությունների համար:

 

 

 

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին ընդդիմադիր առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննության անհրաժեշտության մասին` ասելով. «Ես չգիտեմ` ինչ տեղեկություն կարող է տալ Տեր-Պետրոսյանն ավելին, քան հայտնի է: Ի վերջո, ոճրագործության բացահայտումը վերաբերում է հրամանի շղթային, դա ընդունած եւ կատարած անձանց»: Միաժամանակ նա անդրադարձել է Մարտի 1-ի պատասխանատուներին. «Այդ հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը»,- փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում խոստովանել է Միքայել Հարությունյանը: Նա ասել է. «Ինձ ինչու եք հարցնում սահմանադրականության մասին, հարցրեք գերագույն գլխավոր հրամանատարին… Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ մասնակցություն ունեցել է: Ս. Սարգսյանի մասնակցությունը պետք է պարզել ավելի խորը քննությամբ: Ակնհայտ է նաեւ բոլոր այն ուժերի պատասխանատվությունը, որոնք աջակցեցին իշխանություններին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, դաշնակները»:

 

 

 

Երեկ հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ինքնասպանություն է գործել՝ պարգեւատրված զենքով կրակելով իր բերանի մեջ: Գաբրիելյանի ինքնասպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է` նրա թոռները՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվում էին ամենատարբեր աղմկահարույց իրադարձությունների կիզակետում, իսկ վեց ամիս առաջ կալանավորվել էին: Ու հիմա իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք Գաբրիելյանի ինքնասպանությունը թոռնիկների հետ կատարվածի հետեւանք է, թե՞ ոչ: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրներ են եղել, սակայն քննիչներին չի հաջողվել որեւէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որեւէ ցուցմունք տալու:

 

 

 

Դիլիջանի տեսարժան վայրերից Պարզ լիճ տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Եւ սա այն դեպքում, երբ Պարզ լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու նպատակով «Օպելա» ՍՊԸ-ն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ 2006 թվականին կնքել է պայմանագիր, համաձայն որի` իրականացնում է լճի մաքրման, ջրի հաշվեկշռի վերականգնման, պահպանման, ինչպես նաեւ դրա շուրջ հանգստի գոտու կազմակերպման աշխատանքները: Այդ ընկերությունն ամեն տարի խոստանում է նորոգել Պարզ լիճ տանող 8-9 կմ ճանապարհը: Բայց այդպես էլ չի կատարում խոստումը: Ու սա այն դեպքում, երբ Պարզ լիճ բնության հուշարձան համարվող տարածքը իր շահույթի համար շահագործող «Օպելա» ընկերությունը ՊՈԱԿ-ին տարեկան վճարում է 693 հազար 750 դրամ գումար:«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ոչ մի բան արված չէ: Ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, անգամ պլանավորած աշխատանքները չկան: Պետք է մի բան ձեռնարկել, որովհետեւ ահավոր վատ ճանապարհ է: Զբոսաշրջիկների մոտ անհարմար ենք զգում մեզ»:

 

 

 

ԳԻՏԵԻՆ, ԲԱՅՑ…
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարություններն ամենատարբեր ենթադրությունների տեղիք են տալիս:
«Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին»… Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: …Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար»,- ասել է նա եւ հավելել, որ դրանից հետո հանդիպել է բանակի սպայակազմի հետ, որին, սակայն, ներկա չի եղել Մանվել Գրիգորյանը՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: «Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն եւ այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաեւ, որ եթե մինչեւ երեկո «Երկրապահ»-ում ժողովները եւ հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի եւ զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ շենքի ամբողջ տարածքում եւ ներկաների շրջանում (այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն): …Խոսակցությունը եղել է խիստ եւ շատ կարճ: Որեւէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել»:
Դժվար չէ կռահել՝ 2008թ. փետրվարյան իրադարձությունների ժամանակ իշխանությունները ԵԿՄ-ականներին ընդդիմության կողքից հեռացնելու համար սպառնացել են զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ իրականացնելով: Սա նշանակում է, որ նախկին իշխանությունները քաջատեղյակ են եղել ԵԿՄ-ականների մոտ եղած զենքից, բայց այդ ապօրինությունների վրա աչք են փակել, քանի դեռ այդ ԵԿՄ-ականները եղել են իրենց կողքին: Պատահական չէ նաեւ փաստը. 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մի շարք ազատամարտիկներից շատերը ձերբակալվեցին ու դատապարտվեցին ապօրինի զենք պահելու շինծու մեղադրանքով: Այդ գործելաոճը շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին: Եւ միայն թավշյա հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերի համատեքստում ԵԿՄ տարբեր բաժանմունքներում եւ ԵԿՄ-ականների տներում իրականացվեցին խուզարկություններ, բացահայտվեց ու առգրավվեց ահռելի քանակությամբ ռազմամթերք:




Լրահոս