Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտնել է, որ նախկին նախագահին 2008թ. Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու ՀՔԾ ծանուցումը ստացվել է, նա պատրաստ է ներկայանալ եւ չունի որեւէ մտավախություն: Ավելին` Սողոմոնյանը պնդել է, թե Քոչարյանը Մարտի 1-ին Սահմանադրություն չի խախտել: Ինչեւէ, Մարտի 1-ի գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարո՛ն Զուրաբյան, ՀԱԿ-ը պատրաստակամություն էր հայտնել փաստեր տրամադրել Մարտի 1-ի գործով: Արդյո՞ք ՀՔԾ-ն դիմել է Ձեզ այդ հարցով:
-Մենք արեցինք հայտարարություն` ողջունելով ՀՔԾ-ին` Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ջանքերի եւ արդյունքների համար: Եվ, բնականաբար, առաջարկեցինք մեր աջակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, ՀԱԿ-ն է եղել Մարտի 1-յան ոճրագործության գլխավոր թիրախը: Թեեւ, իհարկե, ոճրագործությունն իրականում վերաբերում էր ամբողջ ժողովրդին, քանի որ դրա հիմքում ժողովրդի կամարտահայտության մերժումն էր: Մարտի 1-ի ոճրագործներն ինչ ասացին ժողովրդին. Դուք իրավունք չունեք ընտրելու Ձեր իշխանությունը, ում էլ ընտրեք` մենք մնալու ենք իշխանության գլուխ, իսկ չհամաձայնողներին բռնի ուժով կլռեցնենք, պետք լինի` մարդ էլ կսպանենք, կհետապնդենք: Եվ ՀԱԿ-ը դարձավ այս հալածանքների ու հետապնդումների գլխավոր թիրախը: Այս ընթացքում մենք կուտակել ենք բազմաթիվ փաստաթղթեր: Մենք մի տեղ էինք հավաքում բոլոր տեսանյութերը, ֆոտոնյութերը: Ի վերջո, մեր եւ Եվրախորհրդի ճնշման ներքո ստեղծվեց փաստահավաք խումբը, որն անցկացրեց շատ լուրջ քննություն: Ընդ որում` Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի կողմից հրապարակվել է 5 զեկույց, որոնք բավական լուրջ բացահայտումներ են պարունակում: Այդ ընթացքում եղել են նաեւ հարցաքննություններ հնարավոր կասկածյալների հետ: Եվ այդ բոլոր հարցաքննությունների տեսաձայնագրությունները մենք ունենք: Այն իշխանություններին մենք չէինք էլ վստահում. վստահ էինք, որ նրանք զբաղված էին գործի կոծկմամբ: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ արդեն շատ լուրջ ջանք է գործադրվում:
-Այժմ ռեալ շանսեր տեսնո՞ւմ եք, որ Մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն:
-Արդեն հստակ դրված է որպես մեղադրանք այն, ինչի մասին մենք միշտ խոսել ենք. որոշ անձանց` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մնացածների կողմից տեղի է ունեցել իշխանության բռնազավթում եւ սահմանադրական կարգի տապալում: Առաջին անգամ է, որ ՀՔԾ-ն այս տեսակետն ընդունեց որպես գլխավոր մեղադրանք այդ մարդկանց նկատմամբ: Սահմանադրական կարգի տապալման գործընթացում, քաղաքական գործընթացներում ապօրինաբար ներառվել է բանակը, փաստ, որն ուղղակիորեն արգելված էր այդ պահին գործող սահմանադրությամբ: Եղել է հայտնի 0038 հրամանագիրը, որը նույնպես Կոնգրեսն է հայթայթել եւ ներկայացրել փաստահավաք խմբին: Քանի որ այդ հրամանագիրը ստորագրել է այն ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, բնական է, որ ՀՔԾ-ն մեղադրանքը պետք է իր դեմ հարուցեր: Հասկանալի է, որ դրա ետեւում կանգնած են Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը: Ինձ համար որեւէ կասկած չկա, որ այդ հրամանը եւ կատարված մյուս միջոցառումներն ուղղակի Սահմանադրության խախտում են: Որ այդ հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը, փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում խոստովանել է Միքայել Հարությունյանը: Նա ասել է.«Ինձ ինչու եք հարցնում սահմանադրականության մասին, հարցրեք գերագույն գլխավոր հրամանատարին: Ինքը` մեղավորը, իր խոսնակի միջոցով փոխանցում է, որ 0038 հրամանագիրը քանի որ բանակի ներքին փաստաթուղթ է, իր հետ առնչություն չունի»: Եթե մի րոպեով ընդունենք Քոչարյանի մատուցած տարբերակը, ստացվում է, որ առանց ՀՀ նախագահի իմացության բանակը դա կատարել է երկրում, բայց այդ գաղտնի հրամանագրի մասին Քոչարյանը ոչինչ չի իմացել` հերիք չէ, հետո էլ չի իմացել` ինչ է կատարվել երկրում: Դա ուղղակի ծիծաղելի է: Բայց ակնհայտ է, որ փորձում են պատասխանատվությունն իրար վրա գցել:
-Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է արել կարդալ Սահմանադրությունը եւ վստահեցրել է, որ այն ժամանակ Սահմանադրության խախտում տեղի չի ունեցել:
-Նրան թվում է, թե մեղադրանքները հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր Սահմանադրություն չեն կարդացել: Միայն մեկ դեպք կարող էր լինել ռազմական դրություն կիրառելու` եթե արտաքին թշնամիների հարձակում լիներ: Բայց ռազմական դրություն չի հայտարարվել, այլ արտակարգ դրություն, եւ այդ պայմաններում բանակը չէր կարող կիրառվել: Ես խորհուրդ կտայի այդ խորհուրդ տվողին ավելի ուշադիր կարդալ Սահմանադրությունը:
-Խոսնակը նշել է, որ Քոչարյանը որեւէ անհանգստության առիթ չունի, եւ այս տարիներին վայրահաչոցներ են եղել իր նկատմամբ մի գործի առնչությամբ, որի հետ նա կապ չունի: Հիմա, ըստ Ձեզ, ունի՞ Քոչարյանն անհանգստության առիթ:
-Ես չեմ կարծում, որ մեզ պետք է հետաքրքրեն Ռ. Քոչարյանի հոգեբանական տվայտանքները: Չի անհանգստանում, ավելի լավ: Մեզ չի հետաքրքրում իր անհանգստանալ, չանհանգստանալը: Մեզ հետաքրքրում է արդարադատությունը: Եվ այդ տրամադրությունները համարում եմ սխալ, երբ ասում են` կախել, քառատել: Մեզ հետաքրքրում է օրենքի վերականգնումը, այնպիսի արդարադատության մատուցումը, որը դաս կլինի հայաստանյան քաղաքական վերնախավի եւ բոլոր սերունդների համար: Դաս առ այն, որ սեփական ժողովրդի վրա չի կարելի կրակել:
-Բացի Ռ. Քոչարյանից, ըստ Ձեզ` էլ ովքե՞ր պետք է կանչվեն հարցաքննության:
-Շատ փաստեր կան. խոսում են զինված խմբերի, կառավարության շենքում հատուկ շտաբի կազմակերպման մասին: Եթե ՀՔԾ-ն չունի փաստեր, մենք իրենց կարող ենք տրամադրել: Գլխավոր ուղղությունն արդեն ճիշտ է վերցված, մենք չենք ցանկանում անուն առ անուն ասել` սրան դատեք, նրան դատեք:
-Ս. Սարգսյանն էլ 2008-ին վարչապետ էր: Նա պե՞տք է հարցաքննության կանչվի:
-Իր մասնակցության չափը պետք է պարզի քննությունը: Ես վստահ եմ, որ ինքն ինչ-որ մասնակցություն ունեցել է: Ս. Սարգսյանի մասնակցությունը պետք է պարզել ավելի խորը քննությամբ: Ակնհայտ է նաեւ բոլոր այն ուժերի պատասխանատվությունը, որոնք աջակցեցին իշխանություններին: Ի վերջո, եղել է ԱԺ քվեարկություն` արտակարգ դրություն հայտարարելու հարցով: Բացի «Ժառանգությունից», բոլորը կրում են ուղղակի քաղաքական պատասխանատվություն այդ ոճրագործության համար` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, դաշնակները: Այդ բոլոր ուժերն առնվազն քաղաքական պատասխանատվություն են կրում կատարվածի համար:
-2008-ին ընդդիմության առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Արդյո՞ք նա էլ պետք է որպես վկա կամ ականատես հարցաքննվի:
-Ես չգիտեմ` ինչ տեղեկություն կարող է տալ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելին, քան հայտնի է: Ի վերջո, ոճրագործության բացահայտումը վերաբերում է հրամանի շղթային, դա ընդունած եւ կատարած անձանց: Պետք է քննել շղթայի ներսում եղածը, շղթա, որ նախապատրաստել եւ իրականացրել է ոճրագործությունը:Իսկ դրա մասին Տեր-Պետրոսյանը գիտի այն, ինչ մենք բոլորս:
ԼԱՎ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ԼՃԱՑՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ անդամ, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:
-Տիկի՛ն Գյուլումյան, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ըստ Ձեզ` սահմանադրական կարգի տապալում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Սա մի հարց է, որը հնարավոր է` քննության առարկա դառնա: Ես չեմ բացառում, որ այդ հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան եւ կարծիք հայտնել դրա մասին: Սահմանադրական դատարանի անդամի համար ճիշտ չի լինի ե՛ւ քաղաքական չեզոքության, ե՛ւ որպես դատարանի անդամի` նախնական կարծիք չհայտնելու առումով:
-ՀՔԾ-ն հենց այս` սահմանադրական կարգի տապալման հարցով գործ է հարուցել:
-Եթե իրենք որոշակի ապացույցներ ձեռք կբերեն եւ կկարողանան հիմնավորել, աշխատանքը կլինի ամբողջական: Բայց կարծում եմ` շատ աշխատատար գործընթաց է լինելու: Պետք է մանրամասն քննություն կատարել` չմոռանալով յուրաքանչյուրի դատավարական իրավունքների մասին:
-Քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են դրական տեղաշարժեր լինել Մարտի 1-ի գործով:
-Հնարավոր է, իհարկե: Ես ասեմ` 1989-ի Ռումինիայի դեպքերը ՄԻԵԴ-ը քննության առավ 2011-12 թթ.:
-Նոր իշխանության հետ հույսեր կապո՞ւմ եք` Մարտի 1-ի բացահայտման առումով:
-Անպայման: Ես գտնում եմ` ավելի լավ է փոփոխություն, հետո կտեսնենք` դա որքանով է ճիշտ ուղղությամբ գնում, քան լճացում:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը, զինվորական ծառայության մեկնեց Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե արդյոք նրա դեպքում հատուկ անվտանգության միջոցներ են կիրառվելու ծառայության ընթացքում: «Պաշտպանության բանակում յուրաքանչյուր զինվոր պաշտպանված է: Բայց որքան քիչ ակնարկենք այդ մասին, այնքան անվտանգությունն ապահովված կլինի: Բոլոր դեպքերում բանակում յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ապահովված է: Ես ուրախ եմ, որ վարչապետի որդին զինվորական ծառայության է անցնում Արցախում: Բայց հակված չեմ տարբերելու մյուսներից: Բոլորն էլ հավասարապես զինվոր են, եւ պիտի բոլորին հավասար մոտեցում ցուցաբերենք»,-ասաց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը:
ԹՈՂ ԻՐԵՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետո այժմ պետք է հրաժարական ներկայացնի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանն այս կապակցությամբ նշեց. «Էդմոն Մարուքյանը խորհուրդ կարողանում է տա, թող իրեն խորհուրդ տա: Թե չէ ուրիշներին ուղիներ ցույց տալու մասնագետ է ու միշտ այդ ուղիներում սխալվում է: Հետեւաբար չեմ ուզում մեկնաբանել Մարուքյանի որեւէ ասած բան: Ես հրաժարականի համար հիմքեր չեմ տեսնում. իմ ամենօրյա աշխատանքն եմ կատարում ի շահ Վանաձորի` ՀՀ-ի օրենքներին եւ սահմանադրությանը համապատասխան: Հրաժարականի համար որեւէ պատճառ կա՛մ իմ գործողությունների, կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ իշխանության հետ իմ շփումների կոնտեքստում չեմ տեսնում»:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ
ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, տեղեկացնենք, որ հրաժարական ներկայացնելու է նաեւ նրա աշխատակազմի ղեկավարը` Լուսինե Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը օրեր առաջ այս գյուղապետարանում ստուգումներ է իրականացրել: Մեր այն հարցին` արդյոք ստուգումներն են գյուղապետի հրաժարականի պատճառը դարձել, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Չեմ կարող նրա հրաժարականը կապել ստուգումների հետ: Խախտումներ որպես այդպիսին կան` ընթացակարգային, փաստաթղթային, որոնք սահմանված կարգով քննարկվել են: Ուղղակի նա 20 տարվա գյուղապետ է, եւ կարծում եմ` ինքը չի դիմացել մեր բարեփոխումների տեմպին եւ որոշել է ճանապարհ բացել երիտասարդների համար»: Մարզպետի խոսքերով` չի բացառվում, որ առաջիկայում մարզի գյուղապետերի մեծ մասը, որոնք մեկ կամ մեկուկես տասնամյակից ավել ղեկավարում են, հրաժարական տան: Չէ որ նրանց ղեկավարած գյուղերում չկա մշակույթի տուն, ջեռուցվող մանկապարտեզ: