ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտնեց իր հրաժարականի մասին: Ու հետաքրքրական է փաստը, որ հրաժարականի տեքստում որոշման պատճառների մասին ոչինչ նշված չէր, իսկ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն էլ քար լռություն էին պահում:

Մասնավորապես երեկ ամբողջ օրը Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն անհասնալի էր, եւ հեռախոսը միացվեց միայն Մարգարյանի հրաժարականի տեքստի հրապարակումից հետո: Սակայն լրագրողների բոլոր փորձերը նրա հետ զրուցելու անցան ապարդյուն` «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է» ավանդական պատասխանով, եւ այդպես էլ շատ հարցեր անպատասխան մնացին: Այնինչ` հրաժարականի տեքստում Մարգարյանն ընդամենը հայտնել էր պաշտոնական լիազորությունները վայր դնելու մասին, շնորհակալություն հայտնել համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ «Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»:
Համաձայնեք` իսկապես հետաքրքիր էր իմանալ քաղաքապետի հրաժարականի պատճառների մասին, նաեւ հետաքրքիր էր իմանալ՝ արդյո՞ք որեւէ մեկը հորդորել է իրեն գնալու նման քայլի, հրաժարականից առաջ արդյո՞ք հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել մտադրությունը, թե՞ ոչ: Մեծ հաշվով Մարգարյանի հրաժարականը նորություն չէր. արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է այդ մասին: Միաժամանակ, պարբերաբար Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր էին անցկացվում քաղաքապետարանի մոտ: Բայց Մարգարյանը պնդում էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա, անգամ ի պաշտպանություն իրեն` իր կողմնակիցները ցույց անցկացրին: Բայց հետո հարուցվեցին քաղաքապետարանին ու վերջինիս կից ընկերություններին առնչվող տարբեր քրեական գործեր: Բացի այդ, հիշում եք, Տարոն Մարգարյանը չէր մասնակցել նաեւ ավագանու վերջին՝ հունիսի 28-ի նիստին, պաշտոնապես պատճառաբանվեց, թե առողջական վիճակը լավ չէ: Բայց շատերը համոզված էին, որ նա փաստացի վայր է դրել լիազորությունները, պարզապես չէր հրապարակայնացնում այդ փաստը: Սա հատկապես այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվեց Մարգարյանի ունեցվածքի մասին հետաքննական ֆիլմ, եւ հիմա այնտեղ ներկայացված փաստերով զբաղվում է ԱԱԾ-ն: Նախորդ երկուշաբթի էլ խոսվեց, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել: Բայց քաղաքապետարանից կրկին հերքել էին:
Ինչեւէ, երեկ` վաղ առավոտից, Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում իրարանցում էր տիրում: Նախ առավոտյան Տարոն Մարգարյանը հանդիպել էր աշխատակազմին, որից հետո իր մոտ էր կանչել նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին: Նա տարբեր հանդիպումներ է ունեցել բոլորի հետ, զրուցել, փորձել բացատրել հրաժարականի պատճառները, ինչպես նաեւ փորձել ներկայացնել հետագա անելիքները: Նախ նա ներկաներին ներկայացրել է իրավիճակը` ասելով, թե իր հրաժարականը շատ հարցերի միակ լուծումը կարող է լինել, ինչպես նաեւ ներկայացրել է, թե այս քայլով կապահովագրի աշխատակիցներին եւ թույլ չի տա վնասել նրանց: Չնայած ավագանու հետագա գործունեության մասին այնքան էլ շատ բան չի խոսվել, սակայն Տարոն Մարգարյանը ներկաներին հորդորել է ավեի շատ տեղեկացված լինելու համար կապի մեջ լինել իր առաջին տեղակալ Կամո Արեյանի հետ: Սակայն դեռ վերջիններս էլ չգիտեն իրենց ճակատագրի եւ հետագա գործունեության մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքապետի տեղակալները դեռ հրաժարական չեն տա մինչ հնարավոր արտահերթ ընտրությունները: Բանն այն է, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունների երկու սցենար է այժմ առկա. մեկ սցենարը ենթադրում է քաղաքապետ ընտրել ավագանու ներկայիս կազմից, իսկ մյուս սցենարով էլ անցկացնել ավագանու արտահերթ ընտրություններ, ունենալ նոր ավագանի եւ նոր քաղաքապետ: Հավելենք, որ այս սցենարի դեպքում ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն սեպտեմբերին, այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրություններից ավելի շուտ:
Հավելենք, որ ՀՀԿ-ն այս պահին դեռեւս այնքան էլ հակված չէ իր թեկնածուն ներկայացնել, իսկ, օրինակ, ավագանու «Ելք» խմբակցությունում քննարկվում է Վիկտոր Ենգիբարյանի թեկնածությունը: Սակայն հաշվի առնելով, որ ավագանու ՀՀԿ խմբակցությունը մեծամասնություն է, ապա ամեն ինչ նրանց ձեռքում է: Եվ այսպես` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Ասել է, թե արտահերթ ընտրության օրը հայտնի կդառնա երեք օրվա ընթացքում, երբ ավագանին կհավաքվի եւ որոշում կկայացնի: Սակայն օրենքը կարգավորումներ ունի նաեւ այն դեպքերում, երբ վերը նշված հոդվածների համաձայն` քաղաքապետ այդպես էլ չի ընտրվում: Այդ դեպքում կրճատվում են ավագանու լիազորությունները: «Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն կայանում, կամ եթե ավագանու նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»:
Ընդ որում, ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք էլ անցկացվում են ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Ասել է, թե եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավագանին չընտրի Երեւանի նոր քաղաքապետ, ապա Կառավարությունը իրավունք կստանա կրճատելու ավագանու լիազորությունների ժամկետը` նշանակելով արտահերթ ընտրություններ: Այս սցենարի իրագործման պայմաններում ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 20-ը պետք է անցկացվեն Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

4 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԹԱՔՑՐԵԼ Է ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ է հարուցվել: Դրանց արդյունքում կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. իսկ 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 66 վարույթները որ ոլորտների բարձրաստիճան պաշտոնատար անձանց են վերաբերում: Մասնավորապես վարույթ է հարուցվել ԱԺ չորս պատգամավորի դեմ: Բացի այդ` 26 վարույթ վերաբերում է քննիչներին, 15-ը` հարկային եւ մաքսային ծառայողի, 4-ական դեպքեր վերաբերում են ոստիկանության ծառայողի, քաղաքացիական ծառայողի, դատախազի եւ ԴԱՀԿ ծառայողի, 3 դեպք քրեակատարողական ծառայողի, 2-ն էլ այլ պաշտոն զբաղեցնող անձի: Ըստ էթիկայի հանձնաժողովի` այս մարդիկ միտումնարով կամ անզգույշ կերպով իրենց հայտարարագրերը թերի են ներկայացրել: Թե ովքեր են հայտարարագիրը թերի ներկայացրած, ըստ այդմ` ունեցվածքը թաքցրած չորս պատգամավորները, Էթիկայի հանձնաժողովը չի մանրամասնել: Հավելենք, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում դեռեւս հինգ հարց է, բոլորն էլ նոր կառավարության կողմից են հեղինակված: Սակայն, իհարկե, շատերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը, որը ընդունվել էր կառավարության նախորդ նիստում եւ կքննարկվի վաղը: Մասնավորապես այս որոշման արդյունքում համաներում է լինելու մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանի նիստի օրակարգը դեռ ընդլայնվելու է, եւ գործադիրի այսօրվա նիստից հետո օրակարգում նոր հարցեր են ավելանալու:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ
Հուլիսի 8-ի երեկոյան վիճաբանություն եւ դանակահարություն է եղել Գորիս քաղաքում: Ըստ ականատեսների` վիճաբանությունը տեղի է ունեցել մոտ 30 տղաների միջեւ, ավարտվել դանակահարությամբ: Իսկ իրավապահները մոտեցել եւ կռվի մասնակիցներին փորձել են հանգստացնել վիճաբանությունից կես ժամ անց նոր միայն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կռվին ակնատես է եղել Գորիսի զինվորական դատախազը, որ դեպքի վայրում է եղել 248 GG 01 մակնիշի ավտոմեքենայով: Ի դեպ, չնայած նրան, որ եղել է դանակահարված անձ, ըստ Գորիսում տարածված լուրերի` իրավապահները կատարվածին ընթացք չեն տվել:

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Հուլիսի 11-13-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Պատվիրակության մեջ են ընդգրկված նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ եւ պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը` սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցից: Թեեւ ՀՀ ԱԳՆ-ն դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախկինում Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ իր մասնակցությունը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կախված է հռչակագրի վերջնական տեքստից: Ըստ նրա` եթե հռչակագրում լինեն Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումներ, գագաթնաժողովին չի մասնակցի:

 

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՄԱՐԴ ՉԿԱ
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է` առաջիկայում ԱԱԾ-ի գործողությունները հասնեն նաեւ Սերժ Սարգսյանի տուն, պատասխանել է. «Եթե պետք լինի, հետաքննությունը կհասնի նրան: Եթե պետք լինի, տուն էլ կհասնի: Ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, օպերատիվ տեղեկությունները, օրենքը… Կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ձեւերը նախանշված են օրենքով»: Փաշինյանը միաժամանակ խոսել է Սերժ Սարգսյանի եղբայրների` իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու փաստին. «Ես ԱԱԾ-ի առաջ խոշոր բացահայտումներ անելու խնդիր չեմ դրել: Ասել եմ, որ օրինականություն պետք է լինի: Մարդկանց թվում է, թե կառավարությունը որոշել է բերման ենթարկել նրան, մինչդեռ այդպես չէ: Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ խնդրի առաջ է կանգնել, որ իրեն պատկանող նկարները խլել են իր ձեռքից: Ես էլ դիմումը մակագրել եմ ԱԱԾ-ին»:

 

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Բրյուսելում հուլիսի 11-ին կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նշենք, որ սա ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է:




Լրահոս