ԹՐԱՄՓԸ ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ԳՈՐԾՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի կեսին համաշխարհային քաղաքական իրադրությունը խոստանում է որոշակիորեն լարվել` կապված ինչպես ՆԱՏՕ-ի սպասված գագաթնաժողովի, այնպես էլ ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպման հետ: Թրամփը, ըստ էության, ավելի դրական տրամադրվածություն ունի Պուտինի, քան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից պետությունների ղեկավարների նկատմամբ: Այսպիսի պայմաններում խիստ տարօրինակ եւ ինչ-որ տեղ նույնիսկ հակասական իրավիճակ է առաջանում արեւմուտքի միասնականության ու ՌԴ հանդեպ վարվող ներդաշնակ քաղաքականության հարցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ բավականին չեզոք, իսկ տեղ-տեղ էլ դրական է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Դեռ իր նախընտրական շրջանում էր Թրամփը նրան խելացի ու ուժեղ առաջնորդ անվանում, իսկ ընտրվելուց հետո էլ քանիցս արտահայտվել է ՌԴ հետ հարաբերությունները բարեկամական դարձնելու օգտին: Որքան էլ Թրամփի առաջարկությունը տրամաբանական է, այն իրականանալի չէ գոնե քաղաքական ներկա դասավորության պայմաններում: Պուտինի հետ արեւմուտքի հարաբերությունները խափանվեցին հատկապես ԵՄ-ի արեւելյան գործընկերության քաղաքականության դեմ հիվանդագին արձագանք ցուցաբերելու, ապա եւ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու ու արդյունքում Ղրիմը բռնակցելու պատճառով: ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությանը համաձայնեցին եվրոպական գործընկերները եւ միանալով ՌԴ-ի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցներին` ոչ միայն խաթարեցին քաղաքական գործընկերությունը, այլեւ էական տնտեսական վնասներ կրեցին: Եվ ահա հիմա ստացվում է, որ առանց ռուսական նահանջի կամ զիջումների եվրոպական պետությունները պիտի դեմ գնան սեփական սկզբունքներին եւ ականջալուր լինեն ԱՄՆ նոր կառավարության ու նախագահի փոխված քաղաքականությանը` կրկին վերանայելով մայրցամաքի արտաքին քաղաքականության ռազմավարությունը: Բնականաբար, նման արագ շրջադարձ չի կարող կատարվել առնվազն ծանրաշարժ Եվրոպայի կողմից, առավել եւս երբ խնդրին խառնված են ինչպես մայրցամաքի պետությունների հեղինակության, այնպես էլ Թրամփի թշնամական վարքագծի ու Պուտինի խնդրահարույց քաղաքականության հարցերը:
Դեռեւս մեկ ամիս առաջ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Թրամփն առաջարկում էր Ռուսաստանին վերադարձնել այդ ձեւաչափում: Յոթնյակի մյուս առաջնորդները կտրականապես դեմ արտահայտվեցին Պուտինի վերադարձին` ցույց տալով, որ ոչ միայն պատրաստ չեն կատարելու Թրամփի կամայական ցանկությունները, այլեւ վերահաստատելով, որ համաշխարհային բարձրագույն օղակում հարցերը վճռելու են առանց Ռուսաստանի: Մեծ յոթնյակի ղեկավարները չեն ցանկանում կարեւորագույն որոշումների կայացման հարցում հայացք նետել դեպի Կրեմլ եւ վերջինից ինչ-որ բան խնդրել կամ ակնկալիք ունենալ նրանից: Այսպիսի դիրքորոշումը լիովին ընկալելի է, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հանդեպ եվրոպական քաղաքակրթության հիմնական սկզբունքները, մինչդեռ յուրօրինակ է Թրամփի պահվածքը: Վերջինս, ցանկանալով Պուտինին վերադարձնել նախկին օթյակը, ըստ էության, լուծում է սեփական հարցերը: Կարծիքը, թե իբր Թրամփը կախված է Պուտինից եւ գտնվում է վերջինիս կոմպրոմատների ենթակայության տակ, պարզագույն է եւ անլուրջ: Նախ ԱՄՆ հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ Կոնգրեսը պարզապես թույլ չէին տա, որ նման կախվածություն ունեցող մարդը ԱՄՆ նախագահ դառնա, դեռ ավելին` շարունակի պաշտոնավարել: Ռուսաստանից ունեցած կախվածության մասին փաստարկները առավելագույնս կարող են գործածվել ներքաղաքական տիրույթում եւ ազդել որոշակի հասարակական տրամադրությունների վրա: Իսկ իրականում Թրամփը փորձում է Պուտինին վերադարձնել նախկին դիրքերին բացառապես սեփական քաղաքական շահերի համար:
Այստեղ գործ ունենք Թրամփի մերժվածության բարդույթի հետ: Նախ, Պուտինին վերադարձնելով` Թրամփը կարող է հիմնավորել, որ Ռուսաստանին բերել է կառուցողական դաշտ, ինչը չէր հաջողվում Օբամային: Այստեղ նա կարող է դա խաղարկել դրական լույսի ներքո, գրեթե նույն ձեռագրով, որի ականտեսը եղավ ողջ աշխարհը Հս. Կորեայի դեպքում: Եվ ապա, Թրամփը կդադարի արեւմուտքի առաջնորդների մեջ միակ իզգոյը լինելուց: Սա իրապես խնդիր է ԱՄՆ նախագահի համար, որը խայտառակ հարաբերություններ ունի պետության ավանդական ու բնական դաշնակիցների հետ: Այժմ գրեթե յուրաքանչյուր միջազգային հանդիպման ժամանակ աչքի է զարնում Թրամփի մեկուսի դրությունը: Նրա հետ չեն համաձայնվում, նրա հետ վիճում են, նրա քայլերը քննադատում եւ այդ ամենը բոլորը ընդդեմ մեկի ձեւաչափով: Սա ոչ միայն խռովում է Թրամփի առանց այն էլ անհանդուրժող բնավորությունը, այլեւ նրան միայնակ թողնելով` տեղում կանխում է քաղաքական նախաձեռնությունները: Մինչդեռ Մեծ յոթնյակի առաջնորդների դեմ Թրամփն ու Պուտինը միասնական ճակատ կարող են կազմել, ինչը էականորեն կբարդացնի մյուս առաջնորդների վիճակը:
Եվ ահա Թրամփը ձգտում է Պուտինի գործոնը խաղարկելով դուրս գալ միջազգային մեկուսացումից: Ինչ խոսք, հետաքրքիր մարտավարություն է, սակայն դժվար թե փորձառու եւ միշտ Ռուսաստանից սպառնալիք սպասող եվրոպացիները կուլ գնան նման պարզ ծրագրին: Հատկապես մեծ յոթնյակի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՄՆ դաշնակիցները այլեւս հույսը չեն դնում ԱՄՆ-ի ու Թրամփի վրա: Թրամփի այս մարտավարությունը առավելագույնը կխորացնի իր, ապա եւ պետության դիրքերի աստիճանական թուլացմանը միջազգային ասպարեզում: Առաջիկա օրերին սպասվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ կարելի է ակնկալել մի նոր բաժանարար գիծ Թրամփի եւ մյուս առաջնորդների միջեւ: Այս հեռանկարն ավելի իրական է, երբ հաշվի ենք առնում, որ դրանից մի քանի օր անց` հուլիսի 16-ին, Հելսինկիում Թրամփը հանդիպելու է Պուտինին, ինչից առաջ նա կփորձի ՆԱՏՕ-ի ղեկավարներից զիջումներ կորզել: Միով բանիվ, արեւմուտքի երկփեղկվածությունը գնալով ավելի է խորանում, ինչը պետք է հաշվի առնվի նաեւ ՀՀ նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության պարագայում` ինտենսիվացնել շփումները բոլոր ուղղություններով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ` ՀՐԴԵՀԻ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Հայաստանի անկախացումից հետո սահմանամերձ Տավուշի մարզի համայնքներից մեծ արտագաղթ է եղել: Մարզի գյուղերում շատ առանձնատներ կան, որոնց դռները տարիներով փակ են, բնակիչները վաղուց Ռուսաստանում կամ այլ երկրներում են: Գյուղերի գերեզմանատներում շատ են անխնամ, բուսականության մեջ կորած գերեզմանները: Մահացածների հարազատները կամ արտերկրում են, կամ Հայաստանի այլ բնակավայրերում եւ հնարավորություն չունեն պարբերաբար այցելելու, մաքրելու իրենց հարազատների գերեզմաններն ու դրանց շրջակայքը: Այս տարի հաճախ տեղացած հորդ անձրեւներից գերեզմանոցներում առատ խոտ է աճել: Հանգուցյալների հարազատները տարիներ առաջ գերեզմանոցում ծառեր են տնկել, որոնք մեծանալով` խոր արմատներ են գցել` այդ կերպ գերեզմանները քանդելու սպառնալիք ստեղծելով: Գերեզմանատներում խոտածածկույթն ավելի առատ է գերեզմանների շարքերի միջեւ ընկած տարածքներում: Գերեզմանոցներում որեւէ մեկի կողմից անզգուշորեն նետված, չմարված սիգարետը կարող է բռնկել չորացած, բարձր խոտը, հրո ճարակ սարքել տարածքը, փչացնել գերեզմանաքարերը: Գերեզմանատների նկատմամբ խնամքը համայնքների պարտականությունն է: Սակայն գյուղական համայնքների սուղ բյուջեն չի հերիքում գյուղերի կենսական խնդիրների` խմելու, ոռոգման ջրի մատակարարման, համայնքային ճանապարհների բարելավման համար, գերեզմանատները խոտերից, ծառերից մաքրելու համար գումարներ չեն հատկացվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
Երեկ` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.340 եւ արեւելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արեւմուտք), օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

 

 

ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐ
Զագրեբում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: Հունահռոմեական ոճում 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, եզրափակչում հաղթանակ տոնելով վրացի Գիորգի Ցոփուրաշվիլիի նկատմամբ, նվաճել է չեմպիոնի կոչումը: 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը որոշիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսլիմ Իմադաեւին ու դարձել է արծաթե մեդալակիր: Մեր ըմբիշները մեկ արծաթ էլ նվաճեցին ազատ ոճում: 45 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ Ռաֆայել Հարությունյանը, որը եզրափակչում զիջել է իրանցի Ռահման Մուսա Ամուզադհալիլիին:

 

 

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գնանկում է սկսվել, այն էլ՝ բավական նկատելի կերպով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում սննդամթերքը էժանացել է 3.9 տոկոսով: Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում շաքարավազն է էժանացել` 40 դրամով: Պաշտոնապես մայիսին, հունիսի համեմատ, շաքարավազի գինը նվազել է 2.2 տոկոսով:
Օրինակ` իշխանափոխությունից առաջ Երեւանի սուպերմարկետներում շաքարավազի մեկ կգ-ը վաճառվում էր 340 դրամով, այժմ այն արժի 290-300 դրամ: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում գները հունիսին, մայիսի համեմատ, 2.1 տոկոսով նվազել են: Սակայն սա պայմանավորված է ձվի 8.9 տոկոս գնանկմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն էժանացել է, քանի որ ընկերությունները տարեսկզբին մեծ քանակությամբ ձու են արտադրել եւ պահեստավորել: Թեեւ մսամթերքի գները այս հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8.9 տոկոսով բարձրացել են, բայց այս մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Օրինակ` տավարի միսն է էժանացել` 290 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի մեկ կգ-ը 2990 դրամից իջել է` դառնալով 2700 դրամ: Իսկ ահա հավի բդի մեկ կիլոգրամը 800 դրամից էժանացել է` դառնալով 650 դրամ: Բայց նկատենք, որ խոզի մսի գինը չի փոփոխվում, մեկ կգ-ն արժի 3400 դրամ: Հավանաբար պատճառը սեզոնն է, քանի որ այս շրջանում մարդիկ կարճատեւ հանգստի մեկնելիս սովորաբար խոզի միս են գնում: Էժանացել են նաեւ սուրճը, թեյը, հացաբուլկեղենը, ձավարեղենը: Փոխարենը 0.8 տոկոսով թանկացել են յուղերն ու ճարպերը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսին, մայիսի համեմատ, ձկան եւ ծովամթերքի գներն աճել են 0.2 տոկոսով: Գնաճից անմասն չի մնացել նաեւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների շուկան: Միայն ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 3.4 տոկոսով: Սակայն ծխախոտի թանկացման պատճառներից մեկը հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումն է: Մինչ այս ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 հատիկ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը արդեն թանկացել էր 35 դրամով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս