ՊԱՐԶ ԼԻՃ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՓՈՍԱՌԱՏ ՈՒ ԴԺՈԽԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին զբոսաշրջիկների դժգոհությունը Դիլիջանի տեսարժան վայրերից մեկի` Պարզ լիճ տանող ճանապարհի վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին առաջին անգամ չէ, որ քաղաքացիներից դժգոհություն է ստանում: Այս անգամ խնդրի մասին օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնել են ներգնա տուրիզմով զբաղվող անձինք: Բանն այն է, որ մինչեւ Մոնթե Մելքոնյանի անվան նոր վարժարան ընկած ճանապարհը բավականին լավ վերանորոգված է եւ գտնվում է սարքին վիճակում. առանց փոսերի է, ասֆալտապատված: Իսկ ահա վարժարանից անմիջապես հետո մինչեւ Պարզ լիճ հանգստի գոտի տանող ճանապարհը գտնվում է սարսափելի, բավականին խայտառակ ու ամոթալի վիճակում: Այն փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան վայրը: Այն մեծ անհարմարություններ է առաջացնում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, ովքեր փորձում են մի քանի ժամ անցկացնել բնության գրկում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պարզ լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու նպատակով «Օպելա» ՍՊԸ-ն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ 2006 թվականին կնքել է պայմանագիր, համաձայն որի` իրականացնում է լճի մաքրման, ջրի հաշվեկշռի վերականգնման, պահպանման, ինչպես նաեւ դրա շուրջ հանգստի գոտու կազմակերպման աշխատանքներ: Բացի այս` պարզվում է, որ «Օպելա» ընկերությունը դեռեւս 2006 թվականից մինչ օրս յուրաքանչյուր տարի խոստանում է նորոգել Պարզ լիճ տանող 8-9 կմ ճանապարհը: Բայց հանրությունը այդպես էլ չի տեսնում ընկերության խոստումների իրականացումը:
Փոխարենը Պարզ լիճ բնության հուշարձան համարվող տարածքը իր շահույթի համար շահագործող «Օպելա» ընկերությունը ՊՈԱԿ-ին տարեկան վճարում է 693 հազար 750 դրամ գումար: Ընդամենը: Իսկ ահա տարածքի ներսում գտնվող զվարճանքի օբյեկտները (սրճարանը, հյուրանոցը եւ այլն) բնականաբար «Օպելա»-ին ավելի շատ գումար են վճարում` տարածքը վարձակալելու համար: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարածքը ընկերությունը վարձակալության է վերցրել, եւ պայմանագրի ժամկետը սահմանված է մինչեւ 2031 թվականի հուլիսի 4-ը:
«8 կմ երկարության ճանապարհի այդ հատվածը` դեպի Պարզ լիճ տանող, «Օպելա»-ն, ըստ իր բիզնես պլանի, պետք է վերանորոգեր հանգստի գոտին շահագործելու ընթացքում: Ինքը պարտավորվել է այդ հատվածը վերանորոգել»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ՊՈԱԿ-ի հաշվապահը: Թե ընկերությունն իր հերթին որ ընկերությանն է վարձակալության տալիս տարածքները, ՊՈԱԿ-ը չի կարող վերահսկել:
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով. «Մոնթե Մելքոնյանի վարժարանից հենց անցնում ենք, սկսվում է փոսերով ճանապարհը: «Օպելա» ընկերությունը պետք է այդ 8-9 կմ ճանապարհը նորոգեր: Բայց ես արդեն մեկ տարի է` այստեղ եմ (նկատի ունի ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելը-Ս.Հ.) ամեն տարի ասում են` պետք է նորոգեն, բայց այդպես էլ այդ ճանապարհը մնում է անմխիթար: Ոչ մի բան արված չէ: Ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, անգամ պլանավորած աշխատանքները չկան: Պետք է մի բան ձեռնարկել, որովհետեւ ահավոր վատ ճանապարհ է: Զբոսաշրջիկների մոտ անհարմար ենք զգում մեզ»: Ապա խոստացավ, որ ընկերության հետ առաջիկայում կքննարկի այս խնդրի լուծման տարբերակները:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեպի Պարզ լիճ, «Կոմպոզիտորների տուն», «Լեռնային Հայաստան» տանող ճանապարհները համայնքային չեն, այլ պետությունն է սպասարկում: Հետեւաբար վերանորոգման, փոսալցման աշխատանքների հետ կապված Դիլիջանի քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի: Նա նաեւ նշեց, որ պետության միջոցներով նորոգվել եւ ասֆալտապատվել է դեպի Մոնթե Մելքոնյանի անվան նոր վարժարան տանող ճանապարհը: Անգամ կամուրջն է կառուցվել: «Անկախ ամեն ինչից, մենք այս խնդրի մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք: Բայց ինչպես տեսնում եք` հարցը այդպես էլ լուծում չի ստացել»,- նկատեց Դիլիջանի քաղաքապետը:
Հուսանք` մեր այս հրապարակումից հետո «Օպելա» ընկերության տնօրինությունը ուշքի կգա եւ, ի վերջո, կկատարի տարիներ առաջ տված իր խոստումները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս