Լուսանկարը՝ համացանցից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, hաջողություն է ասել քույրերին` Մարիամին եւ փոքրիկ Արփիին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կնքահայր ո՞վ կարող է լինել` ծանոթ, մտերիմ կամ այլ անձ: Կոնկրետ բացառություններ կա՞ն, որի դեպքում չի թույլատրվում տվյալ անձին լինել կնքահայր:
Իռեն Ասատրյան (41 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից եւ պապիկից բացի` կնքահայր կարող է լինել ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն` նախընտրելի է, որ կնքահայրը լինի կա՛մ հեռու բարեկամ, կա՛մ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր եւս մեկը: Կնքահայր ընտրելիս կարեւոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա եւ ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաեւ հոգեւորականը:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավանները: Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգեւոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ո՞վ իրավունք ունի ստանալ եռամսյակային հրատապ օգնություն, ո՞վ կարող է դիմել` օգնություն ստանալու համար: Եվ խնդրում եմ ասեք` ո՞վ է (որ մարմինը) նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:
Հրանուշ Մխիթարյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել` եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16.000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կան օրենքով սահմանված հիմքեր, որոնց առկայությամբ եռամսակային օգնության վճարումը դադարեցվում է: Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետեւյալ դեպքերում.
1) սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու եւ անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում. 2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում. 3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում. 4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:
Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից: