Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավորներ ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հետ:
Ալեն Սիմոնյան
-Պարո՛ն Սիմոնյան, պարզություն արդեն մտցվե՞լ է այն հարցում, թե ինչ ձեւաչափով եք մասնակցելու ընտրություններին:
-Ձեւաչափի շուրջ դեռեւս որոշում չկա, քննարկումները գնում են: Մենք այն ուժն ենք, որ մեր ցուցակը բաց ենք ձեւավորել. «Ելք»-ի մասին է խոսքը: Բաց ձեւով էլի կշարունակենք աշխատել:
-Մեկ անգամ արդեն կոնսենսուս չեղավ դաշինքի ներսում, եւ ՔՊ-ն առանձին դուրս եկավ պայքարի: Այս պարագայում վտանգ չե՞ք տեսնում. մեկ անգամ արդեն երկու ուժերը Ձեզ մենակ թողեցին պայքարի մեջ:
-Դե դրա համար էլ հիմա բանակցում ենք, որ նման խնդիրներ ապագայում հնարավորինս չառաջանան, հնարավորինս կանխենք այդ դեպքերի կրկնությունը:
-Բայց եթե մի անգամ, այսպես ասած, դավաճանել են Ձեզ երկու ուժերը, էլի դա կարող է կրկնվել:
-Ես չեմ ուզում դավաճանել, չդավաճանել եզրույթներ օգտագործել, որովհետեւ նստած բանակցում ենք, մեկ էլ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս, ասում է` դե այս անգամ դավաճանեցին, մյուս անգամ չեն դավաճանի: Դա ճիշտ չի: Մենք բոլորս մեր հետեւություններն արել ենք, իրենք էլ են արել, մենք էլ ենք արել: Մենք նախկինում էլ ենք ունեցել խնդիրներ` մինչեւ «Ելք» դաշինքը, բայց կարողացել ենք հաղթահարել: Հիմա էլ կփորձենք հաղթահարել, չի ստացվի հաղթահարել, կգնանք առանձին կամ որեւէ այլ ձեւաչափ կգտնենք:
-Այսինքն` ՔՊ-ն խնդիր չի՞տեսնում առանձին ներկայանալու հարցում:
-Սուտ կլինի ասել, որ եթե «Ելք» դաշինքով չգնանք, Քաղաքացիական պայմանագիրը կդադարի որպես քաղաքական ուժ մասնակցել իրադարձություններին: Մենք վարկանիշի հետեւից երբեք չեն ընկել, նպատակը եղել է մեր երկրի համար լավ բան անելը: Մենք հաճախ մեր ամբիցիաները մի կողմ ենք դրել, եւ «Ելք» դաշինքը դրա վառ ապացույցն է: Եվ ես վստահ եմ, որ այս պարագայում Հայաստանի ժողովրդի համընդհանուր շահից ելնելով` մենք պատրաստ ենք մեր ամբիցիաները մի կողմ դնել:
-Շարժման ընթացքում ԼՀ-ն եւ Հանրապետությունն այդպես էլ Ձեր կողքին չեղան:
-Դե իրենք էլ ուրիշ կարծիք ունեն. իրենք ասում են` եղել ենք, եթե լինեինք էլ, կարող է չստացվեր, կամ ինչ-որ մի բան այնպես չգնար: Այդ գործընթացի մեջ մի փոքրիկ փշուր կարող էր շատ մեծ բան փոխել, եւ մենք այսօր չապրեինք այն Հայաստանում, որում ապրում ենք: Ուստի ինչ եղել է, համաչափ եւ տեղին է եղել, եւ փառք Աստծո, որ ստացվեց:
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու ընտրություններին:
-Բոլոր քննարկումները «Ելք» դաշինքի ընդհանուր միասնությունը պահելու տրամաբանության մեջ են:
-Իսկ գուցե առաջանան այնպիսի խնդիրներ, որ կրկին կոնսենսուս չլինի, ինչպես եղավ այն ժամանակ, երբ պայքարի ձեւաչափն էր քննարկվում:
-Քաղաքականության մեջ նմանատիպ բաները բացառել ուղղակի խելամիտ չի լինի: Ընտրությունները վաղը չեն լինելու, ոչ էլ մյուս օրը: Ժամանակ կա, քննարկումների արդյունքում կգանք վերջնական որոշման: Կասենք ցանկացած որոշման պարագայում` ինչու եղավ կոնսենսուս կամ եթե չլինի, ինչու չեղավ:
-Եթե որոշվի, որ դաշինքի բոլոր 3 ուժերն առանձին են մասնակցելու ընտրություններին, ԼՀ-ի համար ի՞նչ շանսեր եք տեսնում:
-Եթե առանձին ենք մասնակցում, ես չեմ կարծում, թե բարիերը հաղթահարելու խնդիր կունենանք: Բայց կրկնում եմ` մեր տրամադրվածությունը եւ դաշինքի 3 ուժերի տրամադրվածությունն այնպիսին է, որ միասնական մնալը եւ դաշինքի առաքելությունը շարունակելը շատ կարեւոր է:
-Ամեն դեպքում ԼՀ-ն եւ Հանրապետությունը չմիացան պայքարին, երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց: Հիմա որքանով է ճիշտ ընտրություններին միասին գնալ:
-Այդ հարցերը քննարկված եւ, ըստ էության, սպառված հարցեր են: Մենք մեր դերն ենք ունեցել, մեր անելիքներն ենք արել, իրենք իրենց դերն են ունեցել, իրենց անելիքներն են արել:
-Իսկ գուցե Փաշինյանն ամեն դեպքում նեղացա՞ծ է այդ խնդրի պատճառով:
-Գիտեք, քաղաքականության մեջ նեղանալ կամ բան, նման բաներ չեն լինում: Դա կարելի է մարդկային, անձնական հարաբերություններում: Ես կարող եմ ասել, որ այս պահին մենք ունենք շատ լավ, ջերմ, ընկերական հարաբերություններ եւ նաեւ քաղաքական, գործընկերային հարաբերություններ: Ոչ ոք ոչ ոքից նեղացած չի:
-Կարո՞ղ ենք ասել, որ դեռեւս պարզ չէ «Ելք» դաշինքի ճակատագիրը:
-«Ելք»-ի ճակատագիրն այնքանով է պարզ, որ հիմա դաշինքը շատ ակտիվ գործում է, եւ քանի դեռ չկա հայտարարություն, որ «Ելք» դաշինք գոյություն չունի, դաշինքը գործում է եւ պայծառ ապագա ունի այն:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ԱՍՏԻՃԱՆԱԶՐԿՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Ամենայն հավանականությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհանդիպի իրենց քաղաքական հայացքների համար դեռեւս 2008 թվականին աշխատանքից ազատված ԱԳՆ պաշտոնյաների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ վարչապետը դիմի նախագահին՝ առաջարկելով վերականգնել դեսպանի կոչումը, որից զրկվել էին այն ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը:
Մեզ հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռեւս նման հանդիպում չի եղել` դժվարանալով ասել, թե դա երբ տեղի կունենա, ընդգծելով, թե այդպիսի իրավիճակի դեպքում բոլորն էլ կիմանան այդ մասին: Եվ քանի որ այսօր ՀՀ վարչապետը մեկնում է Բրյուսել, ապա չի բացառվում, որ վերջինս այդ հարցով զբաղվի այնտեղից վերադառնալուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ 2008թ. համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին իրենց քաղաքական հայացքների ու քաղաքացիական կեցվածքի համար, եւ հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձեւավորվել հանուն գաղափարի եւ արժեքների համերաշխության, Փաշինյանի հանդիպումն այդ դիվանագետների հետ կարեւոր է:
Իսկ ինչ էր եղել տասը տարի առաջ. 2008 թվականի փետրվարին ՀՀ արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ հեռացվեցին համակարգից, իսկ նրանցից մի քանիսն էլ զրկվեցին դիվանագիտական աստիճանից: Պատճառը նրանց հայտարարություններն էին: Բանն այն է, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը, Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը հայտարարությամբ էին հանդես եկել` երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ անելով զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից:
Եվ զուտ քաղաքացիական դիրքորոշում արտահայտող այս հայտարարության համար նրանց նույն օրը հեռացրին ԱԳՆ համակարգից ու զրկեցին դիվանագիտական աստիճաններից: Հաջորդ օրն իրենց մեկ այլ հայտարարությամբ նրանց միացած ԱԳՆ վեց բարձրաստիճան դիվանագետները նույն կերպ հեռացվեցին ԱԳՆ համակարգից: Այս անգամ էլ խոսքը մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանի, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանի մասին է: Պատճառն էլ, թե իբր դիվանագետներն իրենց ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործել են քաղաքական կուսակցությունների շահերի համար, ինչն արգելված է Դիվանագիտական ծառայության մասին օրենքով:
Հիմա արդարությունը վերականգնելու ժամանակն է` անկախ այն բանից, որ ԱԳՆ-ում ոմանք այնքան էլ ուրախ չեն վարչապետի կատարելիք քայլերից, նախկին գործընկերների նկատմամբ վերաբերմունքից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱԺ-ում ներկայացված 4 քաղաքական ուժերը ԸՕ փոփոխությունները ներկայացրել են կառավարությունում ձեւավորված ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Ու քննարկումները բավական թեժ են եղել. Իոաննիսյանի եւ ՀՀԿ-ականների միջեւ պարբերաբար բանավեճեր են եղել: Դանիել Իոաննիսյանը նախկին իշխանության ներկայացուցիչներին հիշեցրեց 2017-ի խորհրդարանական ընտրությունները: «Ցուցակում հայտնաբերվել էր մի անձ, որը 1889 թվականի ծնված էր, չնայած որ աշխարհի ամենածեր մարդը ծնվել է 1896 թվականին: Իհարկե, կարող էինք ցուցակի այս մարդուն Գինեսի ռեկորդի էլ ներկայացնել»,-ծիծաղելով ասաց Իոաննիսյանը: ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին այս եւ այլ խախտումների օրինակները դուր չեկան, եւ նա հորդորեց Իոաննիսյանին նման օրինակներով մի հարցի շուրջ կարծիք չկազմել` հավելելով. «Դուք լսեք, գուցե մեկն իսկապես ողջամիտ առաջարկ է անում»:
ԸՆԴԴԵՄ «ՖԼԵՇ»-Ի
Մինչ Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք են առաջադրում բռնությամբ ինքնիրավչության մեջ, դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցերն է բավարարում: Մասնավորապես, 2017 թվականին ՍՊԸ-ի աշխատակից Արմեն Խալաթյանը դիմել էր դատարան եւ պահանջում է, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ն վճարի իր աշխատավարձը: Արդյունքում, 2018 թվականի հունիսին դատարանը որոշել է «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ից հօգուտ Արմեն Խալաթյանի բռնագանձել 445 հազար 410 դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար, ինչպես նաեւ 196 հազար 685 դրամ դրամ` որպես չվճարված աշխատավարձից բացի վերջնահաշվարկի այլ գումար:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԱԶԱՏՎԵՆ
Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք տալ այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ` մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք է վերապահվում այն անձանց, ովքեր մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորելու համար, 19 տարեկանում դեռեւս չեն ավարտել ուսումնառությունը: