ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ 2008-ԻՆ ԷԼ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հասցեագրված մեղադրանքում ոչ մի խախտում չկա, եւ Սահմանադրություն չի խախտվել: Երեկ` կառավարության նիստից առաջ, նա, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեղադրանքներին, ասել է, թե վերջինս իրավաբան է, կարող է իր կարծիքն ունենալ, սակայն Խաչատրյանն էլ իր կարծիքը չի փոխում:

Ինչից սկսվեց ամեն ինչ
Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: Դրանից հետո տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Միքայել Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է այնպիսի հանցավոր արարք կատարելու մեջ, որը հանցանքը կատարելու ժամանակ՝ 2008 թվականին, քրեորեն պատժելի չէր:
Եվ դրանից հետո արդեն տեւական ժամանակ է, ինչ իրավաբանների միջեւ բանավեճ է ընթանում: Արդեն հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հակասահմանադրական էր անվանել Միքայել Հարությունյանին առաջադրած մեղադրանքները` ընդգծելով, որ այն հոդվածը, ըստ որի նրան մեղադրանք են առաջադրել, ուժի մեջ է մտել 2009 թվականից, այսինքն` ենթադրյալ հանցագործությունն իրականացնելուց հետո, եւ այն հետադարձ ուժ չի կարող ունենալ։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ իր հերթին նշել էր, որ ոչ մի սխալ չկա, պարզապես հոդվածի համարն է փոխվել, սակայն դրանից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, եւ հարցը շահարկումների թեմա է դարձել:
Ի՞նչ հոդվածի մասին է խոսքը, եւ ի՞նչ են կարծում մասնագետները
Նախ նշենք, որ Պաշտպանության նախկին նախարարին մեղսագրվող 300.1 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: Իսկ ահա 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքով «Սահմանադրական կարգի տապալումը» անվանմամբ հոդվածի փոխարեն եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը: Այն ժամանակ գործած 300 հոդվածը սահմանում էր, որ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Սահմանադրագետները պարզաբանում են, որ եթե այժմ գործեր 2008 թվականին գործող օրենսգիրքը, ապա Միքայել Հարությունյանը կարող էր մեղադրվել «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ այսօր մեղսագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադրելի են 2008 թվականին գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ: Երկու դեպքում էլ հանցագործության օբյեկտը սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքն է:
Հավելենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունները կատարվել էին 2009 թվականին, եւ պարզվում է, որ իշխանությունը յուրացնելու մասին հոդվածը խմբագրելու մասին օրենքի համահեղինակը հենց Դավիթ Հարությունյանն է եղել: Նա իր ելույթում էլ առաջարկել էր, որ յուրաքանչյուր հանցակազմ առանձին սահմանվի, այսինքն` ի՞նչ է իշխանությունը զավթելը, ի՞նչ է իշխանությունը պահելը:
Ինչ է ստացվում
Այսքանից հետո արձանագրենք, որ սահմանադրական կարգի տապալումը հանցագործություն է եղել նաեւ 2008 թվականին, պարզապես 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները նկարագրված են եղել 300 հոդվածում, որը վերնագրված էր՝ «Պետական իշխանությունը յուրացնելը»: Այսինքն` պարզապես առանձին հոդվածում չի եղել եւ առանձին է դարձել միայն 2009 թվականին, այն էլ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ:
Եվ հետաքրքիրն այն է, որ երբ ՀՀԿ-ն էր իշխանության, ամեն օր խախտվում էին մարդկանց իրավունքները, սակայն, կարծես թե, դա նորմ էր դարձել: Սակայն այժմ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իրենք են իրավապահ մարմիններին մեղադրում ապօրինի գործողությունների համար։ Ինչ որ այն ժամանակ չէր խոսվում սահմանադրությունը խախտելու մասին, եւ այդ մասին խոսք գնաց միայն այն ժամանակ, երբ հարցը հասավ ՀՀԿ-ականներին կամ նրանց շրջանակներին: Դե իհարկե, վերջիններս թաքցնելու շատ բաներ ունեն եւ ձգտում են ամեն կերպ մեղադրել այժմ գործող իշխանություններին եւ նրանց գործողություններին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց ՀՀԿ-ին: «Բնականաբար, վերլուծել ենք, բայց դա չի նշանակում, որ վերլուծությունը պետք է լինի հրապարակային այս փուլում»: Թե կոնկրետ որ սխալները հանգեցրին դրան, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել. «Այս փուլում մենք դեռեւս պատրաստ չենք դա ներկայացնելու հրապարակային: Բայց կարծում եմ` ինչ-որ մի պահ կգա, եւ մենք կներկայացնենք, թե ինչ սխալներ եղան»: Այն, որ այս պահին ՀՀԿ-ականները եւ ՀՀԿ-ի հետ կապ ունեցող մարդիկ են բերման ենթարկվում, դա ինչպես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ասաց. «Բնականաբար, ինչ-որ ձեւով կարող է ազդել»: Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ շանսերին, Հարությունյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պետք է ներկայացնի թե՛ իր վերլուծությունը, թե՛ տեսլականը, թե՛ այն ուղին, որով պատրաստվում է շարժվել առաջ»:

 

 

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Շիրակի մարզի Աշոցքի նախկին դատախազ Արա Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազության դեմ դատական հայց է ներկայացրել: Նա, 2018թ. ապրիլին դիմելով վարչական դատարան, պահանջել է ստիպել ՀՀ գլխավոր դատախազությանը հայցվորի կենսաթոշակի սխալ հաշվարկի` նրան վնաս պատճառելու հետեւանքով բաց թողնված օգուտը` ավելի քան 1մլն դրամի չափով չստացված եկամուտը հատուցել: Ի դեպ, այս գործը քննում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին` ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը:

 

 

ԴԵՌ ԴԱՆԴԱՂՈՒՄ ԵՆ
Այս տարվա 6 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում` չնայած ՀՀԿ արդեն նախկին իշխանության բնակչության թվաքանակը 4 միլիոնի հասցնելու խոստումներին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա առաջին կիսամյակում մեկնել է 554 հազար 359, իսկ ժամանել` 576 հազար 505 ուղեւոր: Որոշ մասնագետների համոզմամբ` մեկնողների թվի նվազումը պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ: Շատերը նոր իշխանության հետ հույսեր են կապում եւ առժամանակ ետ են կանգնել հայրենիքը լքելու մտքից, շատերն էլ ուղղակի վերադառնում են ՀՀ: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 38 հազար 415, իսկ ժամանել` 37 հազար 673 ուղեւոր: Այսինքն` վեց ամիսների ընթացքում 736 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանակումներ է արել: Վարչապետի որոշմամբ` Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Ալեքսանդր Շագաֆյանը կրթության տեսչական մարմնի ղեկավար, Ինեսսա Գաբայանը ջրային կոմիտեի նախագահ, իսկ Տաթեւիկ Ռեվազյանը` քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:

 

ՀՔԾ ՊԵՏԸ ԼԱՎԱՏԵՍ Է
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելուն, ասել է. «Կսպասենք մինչեւ ամսի քսանհինգը»: Ինչ վերաբերում է հարցազրույցը տեսաձայնագրելուն, իսկ հետո ըստ անհրաժեշտության այն հրապարակելուն, նա պատասխանել է. «Դա վարույթն իրականացնող մարմինն է որոշում, կքննարկվի»:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Արա Վարդանյանը հրաժարական է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից` քաջ գիտակցելով, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասի հիմնադրամի հեղինակությանը: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը եւ բարի համբավը վեր է ամեն ինչից, որեւէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը: Սիրելի՛ ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու եւ խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»,-գրել է Արա Վարդանյանը:

 

 

ԿԱՐՈՂ ԵՆՔ
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կարող ենք սպասել, թե ոչ, ասել է. «Կարող ենք առաջին հերթին սպասել մեր հանդիպմանը»: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Խոսելով այդ հանդիպմանը ունեցած նպատակից` նա ասել է. «Բանակցությունների դինամիկան պահպանել, ներգրավել բանակցությունների մեջ»,-ասել է նա:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր ոլորտներում «եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների բարեհաջող զարգացումը», վստահություն է հայտնվել կապերի հետագա ամրապնդման վերաբերյալ: Տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում:

 

 

ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Վերջինս, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին: Ըստ ՀՔԾ-ի` Յ. Խաչատուրովը 2008թ. մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ:




Լրահոս